Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմ Քաթինան կուզեր, որ Քենիայում էլ այսպիսի կենտրոն ունենային, ինչպիսին վիրավոր զինվորների վերականգնողակ կենտրոնն է

Հունիս 09,2018 22:38

«Քանի դեռ մենք ունենք պատերազմներ եւ դժբախտ պատահարներ, մեզ անհրաժեշտ են այսպիսի կենտրոններ: Ես շատ տպավորված եմ եւ միակ բանը, որ մենք կարող ենք անել, խնամել այս մարդկանց»,-Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շրջայց կատարելուց հետո լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց «Ավրորայի» մրցանակակիր Թոմ Քաթինան, որը նույն միջոցառման շրջանակներում այս օրերին Հայաստանում է:

Պարոն Քաթինան կենտրոն էր եկել տիկնոջ հետ: Զինվորներին այցելության էր եկել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մինչ Թոմ Քաթինայի ժամանելը պարոն Թորոսյանը կենտրոնի բակում հենց վիրավոր զինվորների մասնակցությամբ, լսեց բոլոր այն խնդիրները, որոնց առաջ այսօր կանգնած են պատերազմում վիրավորում ստացած եւ ստացող զինվորները:

Դրանք են՝ բյուրոկրատական քաշքշուկներ, դեղորայքի ու որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորության բացակայություն:
Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն ու Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, առողջապահության նախարարին մեկ առ մեկ ներկայացրին տղաների պատմությունները, թե ինչպես են հեռավոր գյուղերից նրանց մայրաքաղաք բերել՝ փորձելով զրոյից առողջությունը վերականգնել:

Պարոն Քաթինան ասաց, որ իրենք Քենիայում չունեն այսպիսի կենտրոններ, սակայն ունեն շատ հիվանդներ, որոնք ունեն այսպիսի կենտրոնների կարիք:

Aravot.am-ը Թոմ Քաթինայից հետաքրքրվեց, թե այս անգամ ո՞վ է փոխարինել նրան, քանի որ նախորդ անգամ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայ բժիշկները մեկնել էին Քենիա՝ նրան փոխարինելու: Ասաց՝  երկու ամերիկյան վիրաբույժներ:
Կենտրոնի տնօրենն Արսեն Թորոսյանին պատմեց, թե ամեն մի զինվորը վիրավորում ստանալուց հետո ինչ դժվարին ճանապարհ է անցել, մինչեւ որ լուծվել է նրանց թոշակի, դեղորայքի, բուժման հարցերը: Ասաց նաեւ, որ հաշվարկել են ու պարզել, ավելի հեշտ է պետությունը միանվագ գումար ծախսի զինվորներին ոտքի հանի, քան՝ ողջ կյանքում հաշմանդամության թոշակ տա:

«Փորձը ցույց է տվել, որ վիրավորված ու անկողնային պառկած զինվորների ընտանիքում եւս մեկը հաշմանդամություն է ձեռք բերում՝ հիմնականում ողնաշարի գրիժա կամ՝ ծնողները ինֆարկտ, ինսուլտ, որը կրկին հաշմանդամության է բերում եւ պետությունը նրանց էլ հաշմանդամության կարգ, թոշակ է տալիս, սակայն այդ խնդիրներից կարելի է խուսափել՝ համակարգային լուծումներ տալով»,-ասաց Հայկուհի Մինասյանը:

Ի պատասխան նախարարն ասաց, որ հարցը եւ համակարգային եւ օպերատիվ լուծումներ է պահանջում: Ասաց նաեւ, որ վիրավոր զինվորների  հարցն իրենց համար էլ կարեւոր ու առաջնային հարցերից է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930