Իջեւանի լողի մասնագիտացված ՄՊՄԴ-ում այսօր անցկացվեց մարզադպրոցի անդրանիկ բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ շրջակա գյուղերի եւ Վանաձորի 2003-2011 թթ. ծնված 54 պատանիներ եւ աղջնակներ:
Լողի հայկական դաշնությունը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ եւ աջակցությամբ մարզադպրոցը շահագործել է 2017 թվականի հուլիսի 1-ին: Եվ անցած 10 ամիսներին լողը ոչ միայն մասսայականություն է ձեռք բերել տարածաշրջանում, այլեւ կազմավորվել է Իջեւանի պատանիների հավաքական թիմ, որն արդեն մասնակցել է Հայաստանի պատանեկան առաջնությանը:
Մարզադպրոցի բաց առաջնությունը կազմակերպել էր Լողի հայկական դաշնությունը՝ ՀԱՕԿ նախագահի հովանու ներքո: Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր, իսկ տարբեր լողաոճերի եւ մրցատարածությունների հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով ու պատվոգրերով: ԼՀԴ նախագահ Հովսեփ Մեսրոպյանը Aravot.am-ին ասաց, որ մարզադպրոցի բաց առաջնությունը կդառնա ավանդական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ