Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինահայ ընտանիքի 12 հազար դոլարանոց նվերն՝ Արցախում ծառայող զինվորի ընտանիքին (Ֆոտոշարք և տեսանյութ)

Հունիս 09,2018 20:58

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամն այսօր Անի թաղամասում 3 սենյականոց բնակարան հանձնեց Սահակյանների ընտանիքին։ Նրանց 5 հոգանոց ընտանիքը, որոնց երկու դստրերն անչափահաս են, որդին էլ ծառայում է Արցախում, բնակվում էին Բուսաբանական այգու տարածքի տնակներից մեկում՝ կռիվ տալով առնետների դեմ։ Նրանք 20 տարի ապրել են այնտեղ․ երեխաները ծնվել են տնակում (տես լուսանկարները)։

Նրանց բնակարան է գնել արգենտինահայ բարերարներ Մինասյանների ընտանիքը։ Բուենոս Այրեսում բնակվող Մինասյանների դուստրը՝ Լուչիանա Մինասյանն անցած տարի գտնվել է Գյումրիում և հենց այդ օրը պատահականորեն ականատես է եղել բնակարանի հանձման արարողության։ Նա ևս ցանկություն է հայտնել հետագայում իր ընտանիքի անունից մեկ բնակարան նվիրել։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը տեղեկացրեց, որ բնակարանի գումարը՝ 12 հազար դոլարն ամբողջությամբ նվիրաբերել է արգենտինահայ ընտանիքը։ Նրանք պայման են դրել տնակից փրկել այնպիսի մի ընտանիքի, որտեղ կլինեն անչափահաս երեխաներ։

Այսօր բնակարանամուտին մասնակցում էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը շնորհակալություն հայտնելով Մինասյանների ընտանիքին, պատմեց, թե ինչպես Բուենոս Այրեսի Գրիգոր լուսավորիչ եկեղեցու հովիվ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի՝ միջոցով ծանոթացան։

Լուչիանա Մինասյանն էլ իր հերթին  պատմեց, որ իր հայրիկը՝ Դավիթ Մինասյանը, Բուենոս Այրեսի ներկայիս հոգևոր առաջնորդ Հայր Մաղաքիայի հետ մտերիմ է,  նրա միջոցով ծանոթացել են Միքայել Սրբազանի հետ, իսկ մայրը պնդել է․ «Լիուչանա պիտի Գյումրի գնաս ու հորդ ցանկությունը կատարես»։

Տանտիրուհին՝ Կարինե Սահակյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց,  որ երբ հիմնադրամի համակարգողը՝ Մհերը, իրենց տնակ է եկել, թե ձեզ տուն ենք տալու, ինքն անակնկալի է եկել։ «Ճիշտն ասած չէի հավատում,  հույս չունեի ընդհանրապես, շատ ուրախացա․․․»,-հուզվելով պատմում է Կարինե Սահակյանը:

Արգենտինայում մեծացած Լուչիանան պատրաստվում է հայրենիք բերել նաև իր 3 դստրերին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930