ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանում այսօր աշխատակազմին ներկայացրեց Սյունիքի նոր մարզպետ, ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանին:
Ըստ նախարարի՝ «Այսօր հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ենք ստացել ստեղծել իրավամբ ժողովրդավար երկիր և այդ քաղաքակրթական նոր հանգրվանին հասնելու ճանապարհն անցնում է մեր համայնքներով»: Այդ ճանապարհին նա կարեւորեց տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկ աշխատանքը:
Նորանշանակ մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ քաղաքական բարձր պաշտոնը իրեն վստահելու համար: «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար։ Լծվենք աշխատանքի՝ ի շահ Սյունյաց աշխարհի»,-ասաց Կարեն Համբարձումյանը։
Հիշեցնենք որ նա պաշտոնը ստանձնեց ներկուսակցական խժդժություններով։ Պատգամավորական մանդատից, ինչպես նաեւ ԲՀԿ-ից՝ հրաժարվեց ծննդով կապանցի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սյունիքի մարզպետի աթոռը պիտի նրան տրվեր:
Ի դեպ նկատենք որ նորանշանակ մարզպետի ներկայացնելուց՝ դահլիճում էր նրա աները՝ Սիսիանի նախկին քաղաքապետ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, որի ջանքերով էլ փեսան պաշտոն ստացավ։ Նկատենք, որ առաջին շարքում՝ աներոջ կողքի աթոռն էր զբաղեցրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հավատարիմ ընկեր, մարզպետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ռազմիկ Ղազարյանը, «Սյունյաց երկիր» թերթի գխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը եւ այլք:
Դահլիճում չէր Մեղրիի քաղաքապետ, հանրապետական Մխիթար Զաքարյանը, որն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել էր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Հ. Գ. Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ նախարարը խոսել է նաև համայնքային հողի և գույքի օտարման գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառմանը միտված ՏԿԶ նախարարության կողմից մշակվող առցանց էլեկտրոնային հարթակի մասին, որը հնարավորություն կտա չեզոքացնել գույքի օտարման գործընթացում կամայականություններն ու ապօրինությունները՝ տեղեկատվական բազան դարձնելով բաց և հասանելի։
Սուրեն Պապիկյանը ներկաներին հիշեցրել է վարչապետի հանձնարարականի մասին, համաձայն որի մարզպետարանները պետք է ունենան մարզերի զարգացմանն ուղղված պատրաստի բիզնես- փաթեթներ, որոնք առաջարկվելու են ոչ միայն տեղի գործարարներին, այլև մեր այն հայրենակիցներին, ովքեր ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, ցանկանում են ներդրումներ կատարել հայրենիքում։
Լուսանկարները՝ Ռուբեն Հարությունյանի/«Սյունյաց երկիր» թերթի ֆեյսբուքյան էջից