Այսօր ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հանդիպեց լոռեցի երիտասարդների հետ: «Քաղաքացին եւ Հպատակը․ Հաղթել ամեն օր» խորագրով հանդիպմանը պատգամավորը խոսեց՝ քաղաքացու ինստիտուտի, ինչպե՞ս է քաղաքացին դառնում պետության հենասյունը, ինչո՞ւ է պետք հաղթահարել մեր ներսի հպատակին եւ մի շարք այլ հարցերի մասին:
«Մենք պայմանավորվածություն ունեինք, որ այս հանդիպումը լինի դեռ 2-3 ամիս առաջ, բայց հեղափոխությունը սկսվեց եւ այն տեղի ունեցավ այսօր: Նման հանդիպումներ այլ մարզերում էլ պետք է ունենանք, նախնական պայմանավորվածություններ ունենք: Կարծում եմ, որ սա քաղաքական գործունեության համար շատ կարեւոր մեթոդաբանություն է, անընդհատ քաղաքացիների հետ հանդիպել, քննարկել տարբեր հարցեր, լսել նրանց մտահոգություններն ու դիտողությունները: Նաեւ փորձել այն գաղափարները, որոնք որ նրանցից ենք լսել, բերենք քաղաքական որոշումների դաշտ եւ քաղաքացու ձայնը տեղ հասցնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Կոնջորյանը:
Պատասխանելով Aravot.am-ի հարցերին եւ անդրադառնալով Լոռու մարզը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հանձնելուն, պատգամավորը պատասխանեց. «Լոռու մարզը ՀՀ-ի ամենամեծ մարզերից մեկն է եւ այստեղ միաժամանակ նաեւ մյուս քաղաքական ուժերը պետք է շարունակեն իրենց գործունեությունը: Որովհետեւ, մենք արդեն ապրում ենք այնպիսի Հայաստանում, եւ այնպես չպետք է լինի, որ եթե ինչ-որ մեկը մարզում ունի իշխանություն, նշանակում է մյուս քաղաքական ուժերը չեն կարող գործել: Դա նոր Հայաստանին չի համապատասխանում: Ես վստահ եմ, որ Լոռին ու բոլոր մարզերը տվել են ժողովրդին: Հեղափոխության արդյունքում ամբողջ Հայաստանը տվել են ժողովրդին, իսկ Լոռու մարզը տվել են լոռեցիներին: Բոլոր ոլորտներում էլ փորձում ենք համաձայնության միջավայրում աշխատել, որպեսզի կարողանանք ռեալիզացնենք հեղափոխության նպատակները»:
Իսկ այն հարցին՝ արդյոք մյուս քաղաքական ուժերը ե՞ւս Լոռու մարզում պաշտոններ կզբաղեցնեն, Կոնջորյանն ասաց. «Ես չգիտեմ, բայց կարծում եմ, որ պետք չէ այդքան շատ կառչել պաշտոններից: Բազմաթիվ գործեր կան անելու, որոնք կարելի է անել՝ չունենալով օրինակ այն պաշտոնը, որն ըստ ձեզ ամենակարեւորն է: Ես համոզված եմ, որ մենք բոլոր բնագավառներում շատ բան ունենք անելու»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ