Հունիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Ստամբուլից ժամանած «Ոմանք» այլընտրանքային երաժշտախմբի մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին երաժիշտներ Լարա Նարինը, Սարօ Ուսթան, Սևանա Չաքրյանը և ստամբուլահայ լրագրող Սևան Աթաօղլուն:
Ասուլիսի նպատակն էր ներկայացնել «Ոմանք» խմբի հայաստանյան շրջագայությունը, որի ընթացքում՝ հունիսի 9-15-ը, խումբը համերգային ծրագրերով հանդես կգա Երևանում (հունիսի 14), Գյումրիում (հունիսի 10) և Վանաձորում (հունիսի 12):
Անդրադառնալով այլընտրանքային երաժշտախմբի գործունեությանը՝ երաժիշտները նշեցին, որ այն արդեն 8 տարվա պատմություն ունի և կազմավորվել է հայ մշակույթի կարևոր կենտրոններից մեկում՝ Ստամբուլում, որտեղ խումբն իր երգերով փորձում է պատմել իր բնակավայրի ու աշխարհի մասին, հնչեցնում Դանիել Վարուժանի և հայ գրականության այլ մեծերի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված կատարումներ, երգում նաև Սայաթ-Նովա:
Խմբի մենակատար Լարա Նարինը ընդգծեց, որ «Ոմանք»-ը Ստամբուլում կազմակերպել է բազմաթիվ համերգներ, որոնց մեծ սիրով մասնակցում են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլև թուրքերը, քրդերը և Թուրքիայում ապրող այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Լարա Նարինը կարևորեց նաև, որ Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո մեծ խանդավառությամբ են եկել հայրենիք և ուրախ են իրենց ունկնդիրների աչքերում տեսնել հանգստություն և խաղաղություն:
Բանախոսները շեշտեցին, որ խմբի երգացանկում կան և՛ հայերեն, և՛ թուրքերեն հեղինակային երգեր, իսկ «Ոմանք»-ի երկրպագուները հիմնականում նրանք են, ովքեր անցյալի պատմության հետ միասին ունեն նաև ապագայի երազանքը:
Հիշեցնենք, որ Հայաստանում համերգային շրջագայության ընթացքում «Ոմանք»-ը կներկայացի իր նոր «ԲանԱլիք» ալբոմը։ Շրջագայությունն իրականացվում է ՀՀ Սփյուռքի նախարարության և ՏայլԱյլ-Սևան Աթաօղլուի մասնակցությամբ, նաև մի շարք ընկերությունների և անհատների օժանդակությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն