«Առավոտը» քանիցս անդրադարձել է ճանաչված ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի՝ հայաստանյան եւ արտասահմանյան հանրահայտ նվագախմբերի, այդ թվում՝ Գերմանիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Իսրայելի եւ մյուս նվագախմբերի հետ համագործակցությանը, անվանի դիրիժորներ Սվարովսկու, Բերմանի, Տրեգերի, Սիֆերտի եւ մյուսների ղեկավարությամբ: Նշենք , որ արվեստագետը հանդես է գալիս նաեւ կամերային համերգներով այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Քիմ Քաշքաշյանը, Ջուլիա Ֆտշերը, Պավել Վերնիկովը, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գիին, Ռադովան Վլադկովիչը, Բենջամին Նիֆֆենեգերը եւ այլք:
Իսկ ջութակահարուհու կարիերայի սկիզբը կարելի է համարել 2010թ., նա հաղթող ճանաչվեց Ավստրիայում կայացած հեղինակավոր «International Karntner Sparkasse Worthersee» մրցույթում: Երեւանում անվանի մանկավարժ Պետրոս Հայկազյանի, հետագայում՝ Էդուարդ Թոփչյանի դասարաններում ուսանելուց հետո երաժիշտը կատարելագործվել է Մյունխենի University of Music and Perfoming Arts-ում:
Անդրադառնալով մայրանալուց հետո ջութակահարուհու ստեղծագործական կյանքին, փաստենք, որ նա առաջին անգամ բեմ բարձրացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսրայելաբնակ դաշնակահար Վահագն Պապյանի ընկերակցությամբ:
Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Անուշ Նիկողոսյանը հանդես կգա Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտի մեկնաբանմամբ: Հարցին, թե հետեւելով դեռեւս պատանեկան տարիքից ձեր ստեղծագործական աճին, նկատել ենք, որ նախընտրում եք հանդես գալ ջութակի համաշխարհային գրականության ամենաբարդ ստեղծագործություններով, իհարկե՝ մեկ-երկու անգամ լսել ենք ձեր մեկնաբանմամբ հայ կոմպոզիտորների երկեր, այդ թվում՝ Մանսուրյանի, Շարաֆյանի, այս պահին հայ ո՞ր հեղինակների գործերն եք նախընտրում, ջութակահարուհին ասաց. «Նշեցիք Մանսուրյանի, Շարաֆյանի անունները, որոնց երախտապարտ եմ: Կավելացնեմ նաեւ Առնո Բաբաջանյանի անունը»:
Հետաքրքրությանը՝ բարդ չէ,՞ արդյոք, նորածին երեխայի խնամքը համատեղել բեմական-ստեղծագործական կյանքի հետ, Անուշ Նիկողոսյանն ասաց. «Բարդ չէ, եթե կողքիդ ունես հոգատար ծնողներ, ինչպիսիք են իմ եւ Էդուարդի մայրերը, հոգատարների շարքում ես կնշեմ նաեւ իսկապես բազմազբաղ ամուսնուս անունը, որը ոչ միայն սիրող հայրիկի դերում է, այլ նաեւ խնամող ծնողի՝ բառի լայն իմաստով»:
Առաջին անգամ Հայաստանում գտնվող ծնունդով Քիշնեւից, այժմ ռումինաբնակ Վալենտին Դոնիի հետ զրույցում պարզեցինք, որ հեղինակավոր նվագախմբեր ղեկավարած երաժիշտը նաեւ Մոլդովայի եւ Ռումինիայի կոմպոզիտորների միության անդամ է ու նրա ստեղծագործություններին անդրադառնում են եվրոպական ու ամերիկյան նվագախմբեր ու կատարողներ: Նա ասաց, որ համագործակցել է բազմաթիվ ճանաչված երաժիշտների հետ, այդ թվում՝ հայազգի: Նշեց հայի գեն ունեցող, իր որակմամբ՝ հայտնի դաշնակահարներ Քրիստիան Պետրեսկոյի եւ Գլադ Դիմուլեսկուի անունները: Դիտարկմանը՝ ոչ միայն հայ, այսօր էլ նախկին խորհրդային երկրների ստեղծագործողներին հուզող գլխավոր հարցը եղել եւ մնում է ստեղծագործական միությունների լինել-չլինելը, մաեստրո Դոնին ասաց. «Կոմպոզիտորների միություններ տարբեր անվանումներով եղել են, կան ու կլինեն ողջ աշխարհում: Ես անձամբ դա ողջունում եմ, պարզապես անհրաժեշտ է համախմբվել միության նախագահի շուրջ եւ լուծել ստեղծագործական, եթե կուզեք իմանալ՝ սոցիալական հարցեր նույնպես»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ