Գևորգ Ղուկասյան
Խոշոր հաշվով, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների ֆենոմենը մեզանում քաղաքական, փորձագիտական, ակադեմիական, էլ չեմ ասում՝ հանրային հատվածի կողմից ըստ պատշաճի ուշադրության չի արժանացել: Սկզբունքների վերաբերյալ հնչած գնահատականները մեծապես պայմանավորված են եղել քաղաքական իրողություններով և քաղաքական դերակատարների հանդեպ դիրքորոշումների ճշտմամբ: Այս ամենին էլ հավելվել է բանակցային գործընթացի բացարձակ խորհրդապահությունը, բանակցությունների մասին պատեհ-անպատեհ խոսելու աննպատակահարմարությունը, և արդյունքում՝ բանակցային սեղանի առանցքային փաստաթուղթը մնացել է առանց պատշաճ անդրադարձի: Հարցն այդ փաստաթղթի ո՛չ լավ, ո՛չ էլ վատ լինելու մասին է, առավել ևս, որ բանակցային փաստաթուղթը չի կարող ամբողջությամբ բավարարել կողմերից որևէ մեկին: Հարցն այստեղ զուտ իրավիճակին ադեկվատ լինելու հրամայականն է:
Մադրիդյան սկզբունքները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին պաշտոնապես ներկայացվել են 2007 թվականի նոյեմբերի 29-ին՝ Մադրիդում, գաղտնազերծվել են 2009 թվականի հուլիսի 10-ին Իտալիայի Լ՛Ակվիլա քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում՝ համանախագահ պետությունների ղեկավարների կողմից:
Որքան էլ Մադրիդյան սկզբունքները ակնհայտորեն չեն նպաստում Արցախյան հիմնախնդրի կայուն և տևական կարգավորման հայկական տեսլականին և ՀՀ ու ԱՀ բնակչության ֆիզիկական անվտանգության վստահելի ապահովմանը, այնուամենայնիվ, արդեն շուրջ տասնմեկ տարի հենց «Մադրիդյան լաբիրինթոսում» էր հայկական ռազմաքաղաքական միտքը բարդ ու բազմաշերտ կոմբինացիաներով պահում, իսկ 2016թ. ապրիլից հետո, նաև ամրապնդում դեռևս 1994թ.ին ձևավորված ստատուս քվոն: Բանն այն է, որ խորքում Մադրիդյան սկզբունքների տակ կարելի է հասկանալ ամենատարբեր սցենարներ՝ Արցախի ինքնորոշումից ու անկախությունից մինչև ինքնավարություն: Ինչ որ տեղ նաև փաստաթղթի չափից դուրս լայն դիապազոնն է պայմանավորել բանակցային գործընթացի ոչ միարժեքությունը: Ու թեև 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի, 2017թ. Ժնևի գագաթնաժողովներից հետո Մադրիդյան սկզբունքները երկրորդայնացվեցին՝ տեղը զիջելով վստահության ու հետաքննությունների մեխանիզմների ընդլայնման շուրջ բանակցություններին, այնուամենայնիվ, դրանք շարունակում են մնալ բանակցությունների մայր փաստաթղթերը:
Այսպիսով, Մադրիդյան սկզբունքների թերևս միակ դրական կողմը մեզ համար այն է, որ դա հայկական ռազմաքաղաքական մտքի ու դիվանագիտության մանևրողականության հարթակն է, որը, փաստորեն, ապահովում էր այն՝ ինչ ունենք այսօր:
«Մադրիդյան լաբիրինթոսի» առկայությունը ինքնին չի ապահովում դրանում մանևրելու կարողություն, եթե չկան սուբյեկտիվ, որոշ չափով նաև օբյեկտիվ նախադրյալներ, ինչպես նաև փորձ, գիտելիք և քաղաքական կամք:
Իսկ որտե՞ղ է կայանում այդ մանևրողականությունը: Առաջին հայացքից պարզ, բայց իր խորքում բարդագույն կոմբինացիաներ և բազմաշերտ դիրքավորում ենթադրող հետևյալ քաղաքականությամբ.
Առերևույթ ընդունելով ԵԱՀԿ միջնորդ համանախագահության առաջարկությունները՝ այդ թվում Մադրիդյան սկզբունքները, Հայաստանի Հանրապետության վրայից վերացարկել արտաքին հնարավոր ճնշումը, վերջինս ուղղել Ադրբեջանի կողմ՝ հստակ գիտակցելով, որ Ապշերոնի՝ մինչև գլուխները ներկլանային պայքարի մեջ խրված ղեկավարությունը, երբեք սեփական ժողովրդին չի կարող հրամցնել Լեռնային Ղարաբաղից, թեկուզ առանց անվտանգության գոտու, հրաժարվելու միտքը:
2016թ. ապրիլին, խաղաղության պարադիգմի խախտումից հետո, վիժեցնելով Բաքվի ռազմաքաղաքական համադրված նպատակները, Հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը, խստացնելով դիրքորոշումը, թերևս առաջին անգամ խոսեց նախապայմանային լեզվով, որոնք արտահայտվեցին 2016 թվականի մայիսին և հուլիսին, համապատասխանաբար, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից հետո՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ դեսպան Անդրեյ Կասպրչիկի թիմի ընդլայնման և սահմանային միջադեպերի հետաքննության ու վերահսկողության մեխանիզմների տեղադրման շուրջ: Դրանք հաստատվեցին նաև 2017թ. նոյեմբերին՝ Ժնևի հանդիպմամբ:
Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե, ամեն դեպքում, միջազգային ճնշման տակ Ադրբեջանը նույնպես գործնականորեն ընդունի համանախագահության առաջարկները:
Այս սցենարի համար նույնպես դիվանագիտական բավական ուժեղ զենք գոյություն ունի՝ բանակցային գործընթացում հնարավոր առավելագույնը ստանալու համար:
Եվ այսպես, Հայաստանի Հանրապետությունը, թեև ներհայկական, տարածաշրջանային և միջազգային կոնսենսուսով բանակցում է ղարաբաղյան հակամարտության շուրջ, այնուամենայնիվ, կոնֆրոնտացիայի կողմը Լեռնային Ղարաբաղն է, իսկ Հայաստանը նրա բնակչության անվտանգության երաշխավորն է և բանակցություններում ներառված, հակամարտությանն անուղղակիորեն առնչվող կողմ:
Վերոգրյալի շուրջ իրավաքաղաքական հիմնավորումները միջազգայնորեն բանաձևվել են 1994թ. դեկտեմբերի 5-6-ը Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում և 1995թ. մարտի 31-ին ԵԱՀԿ նախարարների խորհրդի՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող համապատասխան փաստաթղթում:
Բանակցություններում Արցախի ղեկավարության ներգրավվածության հարցի մասին բոլոր ժամանակներում խոսել են և՛ համանախագահները, և՛ Հայաստանի ղեկավարությունը:
Հետևաբար, բանակցային ցանկացած փաստաթղթի, որին հավանություն կտա Հայաստանը, անհամաձայնություն կարող է հայտնել Արցախը:
Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ սա մանևրողականության վերջին զենքն է, որի օգտագործումը անխուսափելիորեն հանգեցնելու է երկու հանգամանքի՝ կամ անվտանգության գոտու կորուստ կամ մեծ պատերազմ:
Հետևաբար, պետք է օր առաջ աշխատանքներ իրականացնել մանևրողականության նոր հարթակներ ձևավորելու, ըստ այդմ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների օրակարգը բանակցային սեղան վերադարձնելու և բանակցություններում Արցախի ներգրավվածությունը հնարավորինս ձգձգելու ուղղությամբ: Որովհետև, real politic-ի ժանրից չէ՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին առանց միջազգային կոնսենսուսի, իսկ կոնսենսուսը՝ Մադրիդյան սկզբունքներն են:
Միով բանիվ՝ արսենալի վերջին զենքի կիրառումը պետք է հնարավորինս երկարաձգել, որովհետև, կրկնվենք՝ դրա օգտագործումը կամ անվտանգության գոտուց հրաժարումն է կամ մեծ պատերազմը: