Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Լեւոն Տեր-Պետրոսյանի սխալ, ապազգային դիրքորոշման շարունակությունն է»

Հունիս 09,2018 14:10

Այսօր քաղաքագետ Արմեն Աղայանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախում արված հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այդ դիրքորոշումը Լեւոն Տեր-Պետրոսյանի «սխալ, ապազգային դիրքորոշման շարունակությունն է»: Ըստ նրա, Արցախը պետք է Հայաստանի մաս լինի՝ բոլոր առումներով, քանի որ պատասխանատուն Հայաստանն է. «Հայաստանը պետք է բանակցի եւ այստեղ ոչ մի հակասություն չկա, ո՛չ տարածքային ամբողջականության սկզբունքի, ո՛չ ինքնորոշման իրավունքի, Արցախը Հայաստանի մաս է»:

Նա սփյուռքի կառույցներին էլ հորդորեց Արցախի անկախությունը ճանաչելու գործողությունները դադարեցնել. «Անլուրջ է Արցախը դիվանագիտության սեղան վերադարձնելու միտքը,  համանախագահները երբեք Արցախն առանձին պետություն չեն ընկալել: Պաշտոնական առումով Արցախն առանձին պետություն չի ճանաչվում»: Քաղաքագետը գտնում է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների առանձին լինելը եւս «մի մեծ միֆ» է եղել. «Ընդհանրապես մեր պետությունների առանձին լինելը դա մի հեքիաթ է եւ այսօր էլ դա հեքիաթ է: Արցախում հարյուր հազար ՀՀ քաղաքացի ապրելով, փաստացի Հայաստանում չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին խորհրդարանի, հանրաքվեներին, չնայած, որ այս իրավունքները նրանք դեռեւս ունեցել են խորհրդային ժամանակներում:

Հետագա տարիներին նրանց ձեռքից այդ իրավունքը խլվեց, ինչի համար պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանին չակերտավոր «շնորհակալություն» հայտնենք այդ առումով, որովհետեւ այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ամեն կերպ ուզում էր ձերբազատվել արցախյան խնդրից, եթե տարածքներ գրավեն, Հայաստանի հանրապետության ղեկավարությունը պատասխանատվություն չկրի, որովհետեւ այն ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ մենք կհաղթենք»:

Նրա համոզմամբ, պաշտոնական առումով Արցախն առանձին պետություն չի ճանաչվում եւ ծիծաղելի կլիներ, որ ճանաչվեր. «Քաղաքացիները բոլորը ՀՀ քաղաքացիներ են, բանակը հայկական բանակ է, փողը մեր փողն է, հեռախոսային ցանցը մերն է, եւ ինքը այլ երկրի վրա ելք չունի եւ ամենակարեւորը Արցախն ուզում է լինել Հայաստանի մաս, այսինքն՝ չկա որեւէ պատճառ, որ Արցախը առանձին պետություն է»:

Պարոն Աղայանը խոսելով հեղափոխության օրերին ադրբեջանական զորքերի տեղաշարժերի մասին ասաց, երկու-երեք շաբաթ առաջվա տեղի ունեցածը ներկայացվում էր այդ օրի կամ նախորդ օրը տեղի ունեցած. «Առանց ամսաթիվը ճշտելու էին ասում, որ մարդկանց ուշադրությունը գրավեին, իրականում ոչնչ էլ չեղավ: Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանն այլեւս ժողովրդավարական երկիր է, Հայաստանի ղեկավարությունն այսօր ունի մեծ հանրային աջակցություն, վաղը ինչն ինչպիսի փոփոխության էլ ենթարկվի այդ ղեկավարությունը դարձյալ ունենալու է այդ օրվա հանրային աջակցությունը, հետեւաբար, Հայաստանին մեծ հաշիվներ ներկայացնելը բավական բարդ է, նրանք պետք է բարոյական իրավունք ունենան, որպեսզի ուժային մեթոդներով փորձեն նորից հարցեր լուծել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Միտք-Կարծիք says:

    ՀՀ-ն դուրս չի գալիս բանակցութիւններից։ Ադրբեջանը բաւականաչափ թշնամական գործունէութիւն ծաւալել է նաև ՀՀ-ի նկատմամբ։ Արցախը վերադառնում է բանակցութիւնների սեղանին որպէս կողմ և իր հարցերի առումով։ Իսկ ՀՀ-ն բանակցում է ինչպէս իր սահմանային հակամարտութեան շրջանակներում, այնպէս էլ որպէս Արցախի գերակշիռ հայ բնակչութեան անվտանգութեան միակ երաշխաւոր, քանի որ Ադրբեջանը՝ և՛ իր յայտարարութիւններով, և՛ պատերազմական փաստերով, կորցրել է հայ ազգաբնակչութեան ապահովութեան երաշխաւորի դիրքից խօսելու իրաւունքը։

    լտպ-ի (չեմ կերող մեծատառեր գործածաել) վերաբերմունքը կանխամտածւած, մտադրւած, ընդգծւածօրէն ազգադաւ դիրք էր՝ Արցախը տալ ադրներին և այդ քալի միջոցով ձեռք բերւած ողորմութիւններով ՀՀ-ի յարաբերական <> հաշւին հհշ-ի իշխանութիւնը երկարատև դարձնելու նպատակով։ Այդպիսով լտպ-ն իր ժողովրդի նկատմամբ դաւաճանութիւնը բարձրացրեց ՀՀ պետական քաղաքականութեան աստիճանի (եթէ ընդհանրապէս տեղին է այդ բառը գործածել լտպ-ի առումով)։ Բացի այդ լտպ-ն իրեն շոյւած էր զգում, որ կարող է այնպիսի <> անձանց հետ բանակցել, ինչպէս ալիևը, մութալիբովը, էլչիբեյը ևայլն։ Դրա համար նա դուրս հանեց Արցախը բանակցութիւններից, ինչում հիմա, ստորաբար, փորձում է մեղադրել Քոչարեանին և շատերն էլ համամիտ են դրան լինի ստորութեան կամ էլ պարզ անտեղեակութեան պատճառով։

    Պարզապէս անհեթեթ է Փաշինեանի դիրքը լտպ-ի դաւաճանութեան շարունակութիւն նկատելը։ Փաշինեանին նման նպատակադրւածութիւն վերագրելն անարդարացի է, որովհետև նա նման դիրք չի որդեգրել և յուսով ենք՝ երբևէ չի որդեգրելու։

  2. Հ.Շ. says:

    Փաշինեան/լտպ կապը մէկդի դնենք. սեպենք որ նիւթէ դուրս է. ժամանակ չվատնենք ատոր վրայ.

    մատնանշուած «նոր» մօտեցումը, զորս արտայայտեց նոր վարչապետը, մարտավարական սխալ մըն է, եւ այդ ալ՝ ակնյայտ սխալ մը.

    երեք հիմնական կէտեր կան, ապացուցելու համար այս սխալը, սակայն անոնցմէ միայն երկու հատը պիտի պարզաբանեմ, որովհետեւ երրորդը հանրային կերպով լիովին ներակայացուելիք բան չէ.

    1) ուզել Արցախը բանակցութեան սեղան բերել կը նշանակէ կասեցնել բանակցութիւնները. որովհետեւ անհնար է որ Ադրբէջանը դա ընդունի. եթէ ընդունի, կը նշանակէ որ նա ճանաչում է Արցախը որպէս իրմէ անջատ entity մը. իսկ բանակցութիւններու կասեցումը ուղղակիօրէն կը բարձրացնէ պատերազմի հաւանականութիւնը.

    2) գոնէ երեւութապէս, վարչապետին մօտեցումը այնպէս մըն է, որ կարծես Հայաստանը, վեջապէ՛ս «սա ղարաբաղցինե՛րը» Երեւանէն դուրս շպրտելէ, անոնցմէ «ձերբազատուելէ» ետք, կ’ուզէ հեռանալ այդ խնդրէն, ձեռքերը լուանալ, զբաղուելու համար «իր» խնդիրներով… սա նաեւ ժխտում մըն է հայութեան մէկ ազգ լինելու էական գաղափարին.

    3) մարտավարական tactical ճարպիկութիւն մը կայ Արցախը բանակցութիւններէն հեռու պահելու մօտեցումին մէջ, որ չեմ ուզէր բարձրաձայնել. սակայն վստահ եմ որ նոր վարչակարգը, կամ գոնէ նոր վարչապետը եւ իր խմբակի մի քանի հասուն անդամնեը, լաւ ել գիտեմ, ինծմէ ալ աւելի լաւ գիտեն. մտահոգիչ է որ ուրեմն գիտակցաբար հրաժարամուն են այդ կարեւոր մարտավարութենէն.

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    http://www.shoushisummercamp.org

    • Միտք-Կարծիք says:

      Ի դէպ

      1. Ադրբեջանը նախկինում Արցախի հետ բանակցել է, և

      2. Անկախութեան ձգտող ենթակայ միաւորի հետ որևէ պետութեան բանակցութիւններն ամենևին արտառոց բան չեն։

      Այնպէս որ, եթէ Ադրբեջանն Արցախի հետ բանակցի, ամենևին չի նշանակի, թէ այն ճանաչում է Արցախի անկախութիւնը (եթէ բարոյական հիմք ունենան, կբանակցեն)։ Եթէ լտպ-ի ողորմելի ստրկամտութիւնը չլինէր, ապա այդպէս էլ կլինէր,՝ Արցախը միշտ բանակցութիւնների մաս կկազմէր։ Թուրքերի համար Արցախի հետ բանակցելու միակ խւչընդոտն այն է, որ Ադրբեջանը ոչ թէ բանակցել է ուզում, այլ ոչնչացնել Արցախի որևէ ինքնավարութիւն, ոչնչացնել խիստ նրբանկատ հայերին, որոնք հետաքրքւած են, թէ նրանք ինչը կընդունեն, ինչը՝ ոչ։

      Այն, թէ Արցախի բանակցութիւններին վերադարձ առաջարկելը նշանակում է, թէ Երևանը քայլ է անում ղարաբաղցիներին դուրս շպրտելու և ձեռքերը լւալու ուղղութեամբ, պարզապէս անհեթեթ է

  3. Delea says:

    Նիկոլ Փաշինյանի Արցախում արված հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, իրոք այդ դիրքորոշումը Լեւոն Տեր-Պետրոսյանի «սխալ, ապազգային դիրքորոշման շարունակությունն է»: Երկու Հայաստան աշխարհն երբեք չի ճանաչի,Արցախն առանձին պետություն չի կարող լինել, միթե դա որոշ մարդկանց հասկանալի չէ:
    Արցախն եղել է Մեծ Հայքի մի մաս որպես Հայաստան ու այսպես էլ դարեր շարունակ կլինի որպես Հայաստան:
    Հոգնեցինք անգրագետությունից…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930