«Արցախում եղել է պետական համակարգի հետ կապված արտոնյալ անձանց կողմից ինչ-որ ոտնձգություններ քաղաքացիների իրավունքների, ազատությունների նկատմամբ եւ բողոքները կուտակվել են, որովհետեւ անվտանգության խնդիրներ կա, պատերազմ կա լռել են, որովհետեւ իշխանական համակարգն այստեղ շատ ավելի կոշտ էր կառավարում քան՝ Երեւանում կամ մյուս մարզերում՝ նախքան իշխանափոխությունը եւ այդ ամբողջ կուտակված էներգիան այդ միջադեպից հետո արտահայտվեց փողոցում»,-այսօր մեկնաբանելով Արցախում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, «Նոյյան տապան» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը:
Ըստ նրա, Արցախում տեղի ունեցած քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ խորհրդարանի դերի բարձրացման ձգտում. «Եվ կարծիք կա, որ այն պետք է տեղի ունենա խորհրդարանի ղեկավարության փոփոխության դեպքում, այսինքն՝ եթե մնա նույնը, այդ դերը չի բարձրանա, քաղաքական քննարկումներ նախկինում ինչպես չեն եղել, այնպես էլ չեն լինի եւ որպեսզի դրանք լինեն, նաեւ ղեկավարությունը պետք փոխվի: Այս առումով դեռեւս անորոշություն է խմբակցությունները դեռ չեն կողմնորոշվում գնան այդ փոփոխությունների, թե չգնան»:
Պարոն Աղայանի խոսքով, տարբեր հարցեր են քննարկվում, ընդհուպ՝ մինչեւ անգամ խմբակցություններից մեկի անդամի նշանակում խորհրդարանի նախագահի պաշտոնում, որը պետք է երաշխիքներ տա մինչեւ հաջորդ ընտրությունների հետ կապված. «Մեկ այլ տարբերակ՝ Հայկ Խանումյանին խորհրդարանի նախագահ ընտրելու, այս հարցերով կարծես թե դեռեւս համաձայնություն չկա, բայց կա ընդհանուր ձգտում, որ փոփոխություններ այնտեղ էլ պետք է լինեն»:
Արմեն Աղայանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո միջազգային հանրության մոտ մի վտանգավոր տպավորություն է նկատում. «Մի այսպիսի տպավորություն կա, որ Արցախի հարցում զիջումների չէր գնում Հայաստանի վատ իշխանությունը, բայց լավ իշխանությունը հնարավոր է՝ գնա զիջումների, կարծում եմ դա կեղծ հույսեր են, որովհետեւ լավ իշխանությունը ավելի լավ պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը հետեւաբար այդ զիջումները չեն բխում հայ ժողովրդի կամքից, հետեւաբար դրանք էլ ավելի անհավանական են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ