Վահե Դանիելյանը նախկինում աշխատում էր Ազգային ժողովում՝ իրավական ապահովման բաժնի պետ: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Վահեն ապրիլի 25-ին ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել, որի համաձայն միանում էր համաժողովրդական շարժմանը:
«Հայկական ժամանակ»-ը ԱԺ-ի իր աղբյուրներից տեղեկացավ, որ Վահե Դանիելյանը հայտարարությունը տարածելուց հետո որոշել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, բայց աշխատանքից չի ազատվել: Այնուհետ, աշխատակազմը ցանկացել է ծառայողական քննություն սկսել՝ քաղաքական զսպվածությունը խախտելու պատճառաբանությամբ, քանի որ Դանիելյանի հայտարարությունը որակվել է քաղաքական:
ԱԺ աշխատակազմի ղեկավարին միջնորդություն է ներկայացվել ծառայողական քննություն սկսելու համար, այնուհետ, ընթացակարգի համաձայն, այդ միջնորդությունը ուղարկվել է Վահե Դանիելյանին: Տեղեկացանք, որ Դանիելյանը իր պատասխանում հիմնավորել է, որ իր քայլը քաղաքական զսպվածության խախտում չէ: Այնուհանդերձ, Վահե Դանիելյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատման դիմում է գրել:
Ազգային ժողովի մեկ այլ աղբյուր՝ աշխատակազմից, տեղեկացրեց, որ Վահե Դանիելյանից զատ համաժողովրդական շարժմանը այլ աշխատակիցներ էլ են միացել, որոնք այժմ էլ շարունակում են աշխատել խորհրդարանում: Մեր զրուցակիցը նշեց, որ Վահեից բացի այլ աշխատակիցների նկատմամբ եւս ծառայողական քննություն են սկսել, որոնք ՀՀԿ-ականներ են եղել՝ պաշտպանել են կուսակցական շահը:
Թեմայի շուրջ ՀԺ-ն կապ հասատեց Վահե Դանիելյանի հետ: Նա մեր հարցին ի պատասխան նշեց, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն եւ չցանկացավ մեկնաբանել մեր մյուս տեղեկությունները:
Առաջիկայում կներկայացնենք նաեւ ԱԺ լրատվության վարչության պարզաբանումը:
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում