«Ամերիկայի ձայն». Ամերիկահայ բարերար, ակտիվիստ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարը պատասխանել է «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին Հայաստանում ընթացած զարգացումների ու Հայաստանին օժանդակելու հարցում սփյուռքահայության ներգրավման մասին
«Ինձ չափազանց շատ են ոգևորել Հայաստանի իրադարձությունները: Կարծես սրտիս կեսն այնտեղ էր»,- այսպիսի գնահատական է տալիս Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը Ամերիկայի հայկական համագումարի նախագահ, բարերար և ակտիվիստ Քերոլայն Մուգարը, ով խոստովանում է, որ Հայաստանից ժամանած իր ընկերների հետ ուշադրությամբ հետևել է ուղիղ եթերով հայաստանյան զարգացումներին:
Պատասխանելով «Ամերիկայի Ձայնի» հարցերին՝ բարերարը կարծիք է հայտնել, որ հետխորհրդային Հայաստանում դեռևս պահպանվել են խորհրդային կարգերի մնացորդներ: Այդ տեսանկյունից նա կարևորում է երիտասարդության խաղացած դերը հեղափոխական այս շարժման հաջողության հարցում:
«Ես չէի սպասում, և կարծում եմ ոչ ոք չէր սպասում այսչափ երիտասարդության ներգրավում: Իհարկե, երկրում դեռևս առկա են խորհրդային կարգերի մնացորդներ: Սակայն երիտասարդները փնտրում են նոր հնարավորություններ, որոնք պետք է ապահովված լինեն յուրաքանչյուր մարդու համար: Այդ երիտասարդներն, ի տարբերություն ավելի ավագ սերնդի, որևէ կերպ կապված չեն խորհրդային կարգերի հետ»,- նշում է Մուգարը:
Քերոլայն Մուգարի կարծիքով սփյուռքահայությունը մշտապես ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ: Նա գտնում է, որ սփյուռքահայության հիմնական առաքելությունը պետք է լինի տարբեր ոլորտներում ունեցած փորձառության փոխանցումը Հայաստանին: Նրա կարծիքով Սփյուռքն իր ձևավորումից հետո ձեռք է բերել հսկայական ներուժ ու գիտելիքներ, որոնք կարող են չափազանց օգտակար լինել Հայաստանի զարգացմանը:
«Կարծում եմ սփյուռքում մարդկանց հիմնական առաքելությունն է առաջարկել Հայաստանին այն ամենն, ինչ իրենք կարող են տալ: Նման ճանապարհով է հնարավոր օրինակ իմ համագործակցությունը, քանի որ դա կապված է այն ոլորտի հետ, որը ես գիտեմ, ունեմ համապատասխան փորձառություն և կարող եմ օգնել Հայաստանին:
Որպես երկրի կարևոր հիմնախնդիր Քերոլայն Մուգարն առանձնացնում է նոր աշխատատեղերի ստեղծումը:
«Հայաստանին անհրաժեշտ են նոր աշխատատեղեր: Կարծում եմ ունենք հնարավորություն ստեղծելու այնպիսիս աշխատատեղեր, որոնք ոչ թե մարդկանց հնարավորություն կտան գումարներ դուրս բերել Հայաստանից, այլ փոխարենը պահպանել եկամուտն այստեղ ի նպաստ երկրի»,- ընդգծում է նա:
Բարերարը կոչ է անում սփյուռքահայությանը կանգ չառնել ծառացած դժվարությունների ու խոչընդոտների առջև և շարունակաբար փորձել օգտակար լինել Հայաստանին: Որևէ խոչընդոտի պարագայում, ըստ Մուգարի, անհրաժեշտ է փորձել հասկանալ խնդրի էությունը և եղած հնարավորությունների սահմաններում տալ համապատասխան լուծումներ:
Նոր ձևավորված իշխանություններին, բարերարի կարծիքով, անհրաժեշտ է ցուցաբերել օգնություն: Վերջին զարգացումները նա որակում է որպես Հայաստանին տրված մեկ այլ հնարավորություն երկրի զարգացման համար:
«Սա մեր երկրորդ, անգամ կարող է երրորդ հնարավորությունն է: Սա մեր վերածնունդն էր անկասկած»,- ասում է նա:
Բարերարը մոտ ժամանակներում պատրաստվում է այցելել Հայաստան: 1994 թվականից նա այստեղ է իրականացնում «Հայաստան ծառատունկ ծրագիր» նախաձեռնությունը:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ