Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետի միակ ընդդիմախոսը ՀՀԿ-ն էր, ինչը բնական է, որովհետեւ այլ ընդդիմություն Հայաստանի խորհրդարանում չկա: (Իմ կարծիքով, ՀՀԿ-ի՝ քննադատելու «մեթոդաբանությունը» սխալ էր ընտրված, բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ): Բայց կար նաեւ, այսպես ասած, «ընդդիմության ընդդիմություն», ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, որի պատգամավորները չէին ասում, թե որքան լավն է Փաշինյանի կառավարության ծրագիրը՝ կառավարություն, որտեղ ԲՀԿ-ն ունի ներկայացուցիչներ, այլ՝ որքան վատն են ՀՀԿ-ականները, որ համարձակվում են այդ ծրագիրը քննադատել: Եվ վատն են ոչ թե այն պատճառով, որ ծրագիրն են սխալ գնահատում, այլ՝ նախկինում իրենց գործած (հիմնականում՝ իրական) մեղքերի պատճառով:
«Ընդդիմության ընդդիմություններ» Հայաստանի պատմության մեջ նույնպես եղել են՝ եւ հաճախ նման բաներ են պատահել իշխանափոխությունից հետո, երբ նախկին իշխանությունը (մեղմ ասած` չսիրված) դառնում է ընդդիմություն, եւ քաղաքական ուժերը փորձում են միավորներ հավաքել՝ հասարակության կողմից «մերժվածներին» հարվածելու միջոցով: Այդպես էր, մասնավորապես 1998 թվականին, երբ ընդդիմություն դարձավ ՀՀՇ-ն, եւ շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժեր մոտ մեկ տարի կռիվ էին տալիս «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ եւ արժանանում էին հասարակության մի մասի աջակցությանը:
ԲՀԿ-ի դեպքում կա եւս մի առանձնահատկություն, որը դրդում է նրանց խորհրդարանում ավելի ակտիվ պայքարել ՀՀԿ-ի դեմ, քան դա անում են «Ելքի» պատգամավորները: Գեւորգ Գորգիսյանը կամ Լենա Նազարյանը խնդիր չունեն ապացուցելու, որ իրենք կապ չունեն այն երեւույթի հետ, որը կոչվում է «քրեաօլիգարխիկ համակարգ»՝ միջավայրը, որից նրանք դուրս են եկել, դրան որեւէ ձեւով չէր առնչվում: Իսկ ահա «Ծառուկյան» դաշինքի անդամներն այդ համակարգից առանձին ներկայանալու խնդիր ունեն:
Հիմա նրանք գտնում են, որ վերջին 10 տարում Հայաստանում բռնապետական ռեժիմ էր: (Անձամբ ինձ թվում է, որ դա այդպես չէ. բռնապետությունը հայհոյանք չէ, դա քաղաքագիտական կատեգորիա է, որի հատկանիշները մեր երկիրը երբեք չի ունեցել: Ավտորիտարիզմ՝ այո, եւ հիմա շանսեր կան անցնելու ժողովրդավարությանը): Բայց, ենթադրենք, «բռնապետություն» պիտակը ճիշտ է: Այդ դեպքում ինչո՞ւ է ԲՀԿ-ն երկու անգամ կոալիցիան հուշագիր ստորագրել բռնապետի հետ, եւ նախարարական ու այլ պաշտոններ ստանձնել բռնապետության ժամանակ: Իհարկե, բացառված չէ, որ այսօր նման վարքագիծը կուսակցությունը սխալ է համարում: Այդ դեպքում պետք է հայտարարի՝ «կներեք, սխալվել ենք»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայաստանի պարագային, տառացի իմաստով՝ բռնատիրութեան մասին խօսիլը, նախատինք է նախ եւ առաջ այն երկիրների ժողովուրդների նկատմամբ ուր կը տիրէ իսկապէս այդպիսի վարչակարգ: Նոյնն է պարագան «քաղաքական բատարկեալի» տիտղոսի հապճեպ ու առատաձեռն բաշխումին: Եւ դեռ այլ շատ մը լեզուական չափազանցութիւններ, որոնք նորմալ կը նկատուին ձեր մօտ, ուր շատեր չեն իսկ զանազաներ այլեւս ծայրագոյն hyperbole-ը առարկայական բանաձեւումներէ, փոխաբերական իմաստը որեւէ իրական նշանակութենէն: Ռուսական ազդեցութեան մէկ այլ ազդակ, որ խորապէս արմատացած է բնակչութեան հաւաքական ինքնութեան մէջ:
Նորէն ալ, փորձենք պարզ ու ակնյայտ ապացոյց մը մատնանշել՝ եթէ նախկին վարչակարգը իրապէս, բառացիօրէն բռնատիրութիւն լինէր, այս կերպո՞վ կ’ընթանար Փաշինեանի շարժումը… Կարող է որ նորէն ալ վերջում յաջողէր, սակայն այսքա՞ն հեշտօրէն… Անշուշտ թէ ոչ:
Իսկ բարձրաստիճան ժողովրդավարութեան վեհ ձգտումի նիւթով, երեւի հարկաւոր է որ այդ ճանապարհը մինչեւ ծայր տանիք, որպէսզի անդրադառնաք թէ առանց – չափաւոր – ավտորիտարիզմի, պարզապէս անհնար է այդ երկիրը եւ այդ բնակչութիւնը կառավարել:
Խնդիրը այն է թէ, այդ ճանապարհի ընթացքին, պատերազմի ռիսկերը բարձր են: Յստակ խօսելու համար՝ այդ ճանապարհը անխուսափելիօրէն ձեզ պիտի տանի նաեւ դէպի Ռուսաստանից հեռանալու/անջատուելու փորձեր, որոնք եթէ կարմիր գիծ մը անցնին, անմիջապէս կը սկսի պատերազմ, ամէն դէպքում սոսկալի վնասներով եւ զոհերով: Օրինակը ձեր քիթին տակն է – այսինքն, աշխարհագրականօրէն, ձեր վերեւը – :
Դուք երևի Հայաստանի 25 տարվա պատմությանը ծանոթ չեք կամ ձեր մաշկի վրա չեք զգացել բռնությունը, այս անգամ չկարողացան գնդակահարել ժողովրդին, որովհետև ամբողջ ազգն էր ոտքի կանգնել, չնայած պատրաստվում էին դրան գնալ, եթե ռուսները դաբրո տային, իսկ քաղ բանտարկյալների չափորոշիչները մեր երկրում լավ գիտեն․․․․
պարզապէս որպէս տուեալների յստակացում՝ Հայաստանի 25 տարվա պատմութեան լաւապէս, յարատեւօէն ու մօտից ծանօթ եմ: Երկար տարիներ ապրել եմ նաեւ Մերձաւոր Արեւելքում… Երեւի դուք իսկական բռնատիրութեան ծանօթ չէք: Ի դէպ, խօսում էք «բռնութեան» մասին, դա նոյն բանը չէ, քան թէ բռնատիրութիւնը:
«ամբողջ ազգն էր ոտքի կանգնել» վիճելի հաստատում է, անոնց համար որ բացառեալ իրականութիւնը չեն սահմանէր ու սահմանափակէր ֆէյսպ-մէյսպուքով
իսկ ամէն դէպքում, ինչ որ ել լինի իր դէմ գոյացած հոսանքի տարողութիւնը, իսկական բռնատէրը չի վարանիր կրակ բանալէ զինք գահընկեց ընել ուզող ցուցարարներու վրայ. կամ գոնէ, առանց արիւնի իսկ, մէկ գիշերուայ մէջ ձերբակալելէ շարժման բոլոր ղեկավարները… բան մը որ յատկապէս հեշտ էր այս պարագային, որովհետեւ շատ ել ղեկավարներ չկային, եւ գիշերը ամէն մարդ տուն էր գնում – ինչ որ հասկնալի է, 10 տարեկան երեխաները իրենց քունին կարիքը ունէին… –
Իրոք ժամանակն է, որ ժողովուրդը հասկանա, թե իրականում ով ով է: ՀՀԿ-ին միաժամանակ «սատարող և ընդդիմադիր» երկդիմի ԲՀԿ-ի առկայությունը երկար ժամանակ խանգարել է իսկական ընդիմադիրների գոյացմանը:
Մի բարդացրեք, չեղած բաներ փնտրեք, ԲՀԿ-ն ընդհամենը վրեժ էր լուծում Ծառուկյանի հանձնարարությամբ, կամ առանց դրա Ծառուկյանին հաճոյանալու համար, հիշեք հհկ-համագումար էր ինչ էր աշոտյանի ու մի երկուսի ելույթը, Ծառուկյանի մականունի հիշեցումը,-մենք նրան ստեղծել ենք մենք էլ կոչնչացնենք։ Այ սա էր նպատակը։
Փորձություններով անցած երեխան արագ է հասունանում, մեր ռազմաքաղաքական իրավիճակը մեզ պետք է ստիպի արագ անցնել քաղաքական հասունացման բոլոր դասական փուլերը եւ մի բան էլ ավել՝ հնարել նոր՝ մեր իրավիճակին ներդաշնակ մեր հնարած ոչ դասական հայ փուլը, այսօրվա իշխանությունը ղեկավարում է խաղաղության կուսակցությունը, այն պետք է արագ ոտքի կանգնեցնի ինքնաբավ հայ տնտեսությունը՝ ամեն գնով պարտավորեցնելով հայ քաղաքացուն զբաղվել բարձր արդյունավետության գործարարությամբ, լինել հարուստ, ապահովել բանակը զենքով, սնունդով, հագուստով, պետությանը՝ հարկերով, աղքատ հայ գործարարը տնտեսական դաշտում նույն է ինչ անվարժ զինվորը ռազմի դաշտում, նույնն էլ վերաբերում է գիտնականին ու բանաստեղծին, սրանք են մեր վերնախավը զինվորի ու գործարարի հետ միասին, որոնք պետք է ներքին մասնագիտական զորահավաք հայտարարեն՝ ամեն ինչ ճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար նշանաբանով, վերնախավը նրանով է վերնախավ, որ նախապես է պատրաստվում մարտին: Երբ խաղաղության կուսակցությունը լիովին պատրաստի ազգին պատերազմին, այդ ժամանակ նա իր տեղը՝ իշխանությունը պետք է զիջի իր միակ մարտավարական ընդդիմությանը եւ ռազմավարական իր միակ դաշնակցին՝ պատերազմի կուսակցությանը: Առանց պատերազմի կուսակցության մեր պետությունը կաղ է, այս գործում շատ կարեւոր է մեր իսկական հայ հոգեւորականության դերը: