Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել: Aravot.am-ի հետ զրույցում նախկին փոխնախարարն իր քայլն այսպես մեկնաբանեց. «Քաղաքական նոր իրավիճակ է, իշխանափոխություն է եղել եւ քաղաքական թիմը նոր մարդկանցով պետք է շարունակի քաղաքականությունը: Հուսով եմ, որ մշակութային քաղաքականության ոլորտում խոշոր ցնցումներ չեն լինի, որովհետեւ մշակութային ժառանգության հիմնական դրույթը պահպանությունն է»:
Արեւ Սամուելյանը հատուկ շեշտեց, որ իր աշխատանքային կենսագրության մեջ որեւէ բիծ չկա. «Վերջին շրջանում հաճախ են շրջանառվում հարցադրումներ՝ կապված մշակույթի նախարարությունում իրականացված ստուգումների հետ: Դրանց մի մասը վերաբերվում էր հուշարձանների վերականգնման ոլորտին եւ վերջին երեք տարիների ստուգումներին: Նշեմ, որ այդ գործերը դատախազություն է ուղարկվել հենց մշակույթի նախարարության եւ ոչ թե ֆինանսների նախարարության կողմից, ոչ թե եկել մեզ ստուգել են, այլ մենք ենք առաջինը բարձրաձայնել:
Մեզ համար էլ կարեւոր է, որ որեւէ լումա չպակասի հուշարձանի վերականգնման ծավալներից: Ճիշտ է, ստուգումների հետ կապված կա որոշակի թյուրըմբռնում գործող գնացուցակների եւ իրականացված աշխատանքների միջեւ, ուստի ճիշտ կլինի, որ խնդրի իրավական կողմը ապահոված լինի»:
Մեր զրուցակիցը նշեց, որ մաղթում է՝ նոր ղեկավարների վարած քաղաքականությունն իսկապես մշակութապահպան լինի, ինչ վերաբերվում է իր ոլորտի մասնագետներին, հույս ունի, որ նորմալ համագործակցություն կլինի նորանշանակ պաշտոնյաների հետ:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սամուելյանը ցանկություն հայտնեց, որ արդեն սկսված ծրագրերը չընդհատվեն. «Մասնավորապես ճապոնական դրամաշնորհով վերականգնողական կենտրոնը շարունակի աշխատել, քանի որ շուրջ $650000-ի սարքավորում է նվիրաբերվելու Հայաստանին: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել հատկապես մեր գործընկեր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանին՝ մշակութային նախորդ տարիների գործունեության համար, եւ նրա համար, որ այս ծրագրի կողքին են:
Ուզում եմ հույս հայտնել, որ կյանքի կկոչվի Իտալիայի եւ Հայաստանի կառավարությունների համատեղ ծրագիրը՝ տարածաշրջանային վերականգնողական դպրոցի վերաբերյալ: Իմիջիայլոց, 2015 թ. արված մեր նախորդ ծրագիրը շահել էր Եվրոպա Նոստրայի «Կրթություն, վերապատրաստում եւ հանրահռչակում» անվանակարգում մրցանակի: Նաեւ շեշտեմ, որ միջազգային գետնի վրա այս տարվա խոշոր ծրագրերը նույնպես լավ կլինի կատարվեն՝ Սմիթսոնյան Ֆոլք Լայֆ փառատոնը, Վաշինգտոնյան ձեռքբերումներից մեկը՝ մեր կարեւոր աշխատանքի այն է, որ հունիսի վերջին-հուլիսի սկզբին Վաշինգտոնում Հայաստանը պատվավոր հյուր է լինելու եւ այդ առումով դրամաշնորհ է հավաքվել, առաջիկայում Մետրոպոլիտեն թանգարանում քաղաքակրթական ցուցահանդես է լինելու, որը յոթ տարվա աշխատանքի արդյունք է: Կունենանք լրջագույն ցուցահանդես, որին մասնակցում են Հայաստանի պատմության թանգարանը, Մատենադարանը եւ Մայր աթոռ Էջմիածինը»,-հայտնեց Արեւ Սամուելյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ