Այսօր ինձ թվաց, թե կյանքս դարձյալ երկար եմ ապրել, ո՞ւմ համար երկար, ինչի՞ց երկար, չգիտեմ: Եվ հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչպես են մեր հիշողություններն ու կյանքն անցնում անդին, բայց զարմանալի բան, այսքան երկար ուշացումով նայելով աշնանամուտի սկսված տարտամ տերեւաթափին` ես հստակ հասկացա մի բան, որ մինչեւ այսօր չգիտեի…
Եվ հասկացա, որ կյանքը կին է ու ամբողջությամբ կանացի: Եվ մենք` տղամարդիկս, ինչպես աշխարհ ենք եկել, այդպես էլ մնում ենք մեծ մոր մեջ, ով մեր մայրն է, մեր կինն է, քույրը եւ մեր աղջիկը միաժամանակ… Բազմաթիվ գրքեր են հրատարակվում, բայց ես մի օր տեսա գրականությունը, որը դառնալու էր իմ ճակատագիրը… Այդ ե՞րբ էր, որ առաջին անգամ կարդացի Գյուստավ Ֆլոբերի նամակը՝ ուղղված Ժորժ Սանդին, որում այդ երեւելի գրողն ասում էր՝ մարդը ոչինչ է, գործը՝ ամեն ինչ:
Այդ ե՞րբ էր, մանկությանս պայծառ տարիներին, երբ մեր տանիքները կպած էին իրար եւ ամբողջությամբ կանաչ ու ծաղիկ էին, ես վազում էի տանիքների վրայով, եւ ինձ թվում էր, թե եթե ես ավելի արագ վազեմ, կթռչեմ արծիվի պես ու կգնամ կձուլվեմ հեռվում երեւացող կապույտ սարերին եւ կխուսափեմ մահից: Այո, ինձ այդպես թվում էր, որ եթե վազեի եւ հասնեի, ձուլվեի սարերի կապույտին, կլիներ իմ թվացյալ փախուստը մահվանից:
Բայց ես վազեցի, վազեցի ու հասա մեր դասարանի Գրիգորի քույրերի սեղանին, ովքեր բոված գարուց սուրճ էին խմում: Հետո ուշ, շատ ավելի ուշ ես հասկացա, որ եթե ես թռչեի ու հասնեի սարերին, ընդամենը մի անանուն գերեզման կլինեի: Չէ՞ որ, միեւնույն է, մեռնելու էի: Իսկ եթե ուզում էի անմահանալ, սարերի անսահմանությունն ու կապույտը պիտի ապրեի ու հագնեի եւ պատմեի ուրիշներին, նոր անգերեզման անմահանայի…
Հիմա եւ դարձյալ նորեն ինձ թվում է, թե կյանքս երկար եմ ապրել: Եվ իմ ապրած կյանքում ո՞վ ինձ պարտք մնաց՝ չեմ հիշում, իսկ ում ես պարտք էի` փակեցի: Բայց քանի որ դեռ ապրում եմ եւ զգում եմ, որ կյանքը դարձյալ կին է, ես պարտական եմ կյանքին, որ ապրեցի եւ ապրում եմ այսու՝ խոնարհվելով Կյանք-մոր ձեռքը համբուրելու եւ հասկանալով, որ միեւնույն է, ոչ ոքի պարտք չմնալով՝ ինձ տրված կյանքի պարտքը չեմ փակել:
ՄԵՐՈՒԺԱՆ
ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
08.06.2018