Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պետք է անենք, որ արտահանվող սննդամթերքն այլեւս սահմանից հետ չուղարկվի

Հունիս 09,2018 14:30

Այս օրերին քննարկվում է ՀՀ կառավարության ծրագիրը, որի վերաբերյալ մի շարք տեսակետներ հնչեցվեցին սննդի անվտանգության կամ սպառողներին առնչվող դրույթների բացակայության վերաբերյալ: Երեկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչության պետ Արմեն Վարդանյանից, որը ոլորտի բազմամյա մասնագետներից է, հետաքրքրվեցինք` արդյո՞ք սննդի անվտանգությունը չի կարեւորվում:

«Այստեղ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ՝ ծրագիրը գրվեց քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում, եւ շատ կարեւոր է այն, որ արդեն տարին կիսվել է, իսկ նոր կառավարությունը, ի տարբերություն նախորդի, որը ներկայացրեց 5-ամյա ծրագիր, չի ներկայացրել հստակ ժամկետային ծրագիր՝ հաշվի առնելով նաեւ ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Կարծում եմ, որ ԱԺ-ի քննարկմանը ներկայացվող ծրագիրը կարող է եւ չպարունակել բոլոր ոլորտներին կամ խնդիրներին առնչվող դրույթներ եւ դրանց հստակ լուծումներ: Չմոռանանք, որ կառավարության ծրագիրը կազմվում է ոլորտային պատասխանատու պետական մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների եւ բարձրացված խնդիրների հիմքով»:

Ըստ մեր զրուցակցի՝ ծառայության ոլորտային լիազորությունները բավականին շատ են եւ շատ կարեւոր, քանի որ ուղղակի առնչվում են երկրի անասնահամաճարակային եւ բուսասանիտարական կայուն իրավիճակի պահպանմանը, կենդանիների եւ մարդկանց առողջության պահպանմանը եւ այս ամենի արդյունքում սննդի անվտանգության ապահովմանը. «Այդ ոլորտներն են՝ անասնաբուժությունը, բուսասանիտարիան, կերի անվտանգությունը, սննդի անվտանգությունը, սննդի մասով համապատասխանության գնահատումը եւ թվարկված համապատասխան ոլորտներում վերահսկողությունը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ոլորտային խնդիրների լուծման նպատակով կարող են ներկայացվել տարեկան միջոցառումներ եւ գերակա խնդիրներ, որոնք հաստատվում են կառավարության նորմատիվ առանձին որոշմամբ, որտեղ սահմանվում են միջոցառումը կամ գերակա խնդիրը, նպատակը, ակնկալվող չափելի արդյունքը, կատարման ժամկետները եւ պատասխանատու մարմինները: Հիշեցնեմ նաեւ, որ կան նաեւ այլ գործիքներ, որոնք թույլ են տալիս ցանկացած ոլորտում եւ ցանկացած մարմնի կողմից իրականացնել համապատասխան խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր, օրինակ՝ ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրերը, որոնք եւս նպատակային են, սահմանում են հստակ նպատակներ, ակնկալվող չափելի արդյունքներ եւ ոչ միայն ՀՀ կառավարության, այլեւ Ազգային ժողովի կողմից թիրախավորված հսկողության տակ են»:

Մեր հարցին, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ծառայությունը դարձել է կառավարության ենթակա տեսչական մարմին, ի՞նչ է ենթադրում այդ փոփոխությունը, պարոն Վարդանյանն ի պատասխան ասաց, որ ծառայությունը տեսչական մարմին պետք է դառնար նախորդ մի քանի տարիների ընթացքում միջազգային ընդունված պրակտիկայի վրա հիմնված տեսչական բարեփոխումների արդյունքում եւ տրամաբանությամբ, իսկ այդ տրամաբանությունը եւ սկզբունքը հստակ է եւ միանշանակ արդարացված, քանի որ բարեփոխումների արդյունքում ոչ միայն կատարվում էր տեսչական մարմինների քանակի եւ ուռճացված հաստիքակազմի օպտիմալացում, այլեւ ապահովվում էր պետությունում քաղաքականության իրականացման եւ պետական վերահսկողության հստակ տարանջատումը, որը մինչ այդ չկար:

Այն հարցին էլ, թե կառավարության նիստում վարչապետը դժգոհեց արտահանվող գյուղմթերքի՝ մասնավորապես ՌԴ արտահանված լոլիկում ցեցի հայտնաբերման հետեւանքով ստացված ռուսական կողմի գրությունների վերաբերյալ: Ի՞նչն էր պատճառը, ի՞նչ պետք է անի ՍԱՊԾ-ն նման խնդիրներից խուսափելու համար, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Բուսասանիտարիան սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում ամենակարեւոր տեղն է զբաղեցում՝ հաշվի առնելով բուսական ծագման արտադրանքի ստացման տեղական կարողությունները եւ պոտենցիալը, ինչպես նաեւ իրացման ու արտահանման կարեւորությունն ու հեռանկարը: Այս դեպքում եւս պետք է նշեմ խնդրի լուծման համակարգային մոտեցման անհրաժեշտությունը. խնդիրը պետք է արմատից լուծել: Այսօր չկա բուսասանիտարական պատշաճ հաշվառում, կանոնակարգված չէ եւ չկա թվայնացված ռեեստր հանրապետությունում, օրինակ՝ պտուղ-բանջարեղենի ինչ տեսակի եւ քանակի ցանքատարածություններ կան, դրանց տեղակայումը եւ պատկանելությունը, պարզ չեն իրացվող եւ արտահանվող բերքի ծագումը եւ բերքի ստացման գործընթացում կատարված ագրոքիմիական միջոցառումները: Շատ դեպքերում արտահանվող խմբաքանակը հավաքածու է, արտահանողը այն ձեռք է բերում տարբեր համայնքներից ու տեղերից, իսկ բուսասանիտարական անվտանգությունը եւ վերը նշված հարցերի լուծումը բերքի վերաբերյալ տեղեկատվությունն է բուսասանիտարական անձնագրի միջոցով, որը կհավաստի թե՛ բերքի ծագումը, թե՛ նրա անվտանգությունը, այդ թվում՝ կիրառված թունաքիմիկատների եւ բուսասանիտարական հսկողության արդյունքում հայտնաբերված կամ չհայտնաբերված կարանտին եւ ոչ կարանտին օրգանիզմների վերաբերյալ:

Բուսասանիտարական անձնագրի հիման վրա էլ պետք է տրվի արտահանման բուսասանիտարական սերտիֆիկատը: Ներկայում այս սկզբունքը համակարգված ու լուծված չէ: Արտահանման սեզոնին նման խնդիրներից խուսափելու գրավականը ոչ թե աշխատանքը արտահանման բուն փուլում անելն է, այլ արտահանմանը նախորդող ժամանակահատվածում կանոնակարգված գործողությունների իրագործումն է, այսինքն՝ մինչեւ արտահանումն է պետք ապահովել արտահանվող խմբաքանակի բուսասանիտարական պատշաճ հսկողությունը, այլ ոչ թե ամբողջ գործը կատարել արտահանման ժամանակ, երբ իրատեսական չէ շուտ փչացող բերքի դեպքում եւ արտահանման կարճ ժամկետում բավարարել տնտեսվարողի՝ վայրկյան առաջ արտահանելու ցանկությունը եւ միաժամանակ ապահովել արտադրանքի բուսասանիտարական հսկողությունն ու անվտանգությունը, պահանջվող հսկողական աշխատանքների ու փաստաթղթային ձեւակերպումների պատշաճ կատարումը, ինչի հետեւանքով էլ չեն բացառվում թերի հսկողության ենթարկված կամ չենթարկված բեռների արտահանման դեպքերը»:

Սեփ.լր.

«Առավոտ»

08.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930