Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

80-ամյա Ռուբիկ պապն ու «յութուբը», Տավուշի «բրենդային», բայց անտեսված գյուղերը

Հունիս 09,2018 15:00

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանը զբոսաշրջության կենտրոն դառնալու բոլոր հիմքերն ու հնարավորություններն ունի: Հանքարդյունաբերության բացասական հետեւանքներն այս տարածաշրջան չեն հասել, որովհետեւ այստեղ հանքարդյունաբերություն չկա: Մաքուր օդով, համեղ սննդով, փարթամ անտառներով, կանաչ լեռներով, պատմամշակութային հուշարձաններով այս տարածաշրջանը գրավիչ է թե՛ պասիվ հանգստի եւ թե՛ էքստրիմ տուրիզմի համար:

«Առավոտի» հետ զրույցում Տավուշի մարզի Գանձաքար համայնքի գյուղացիներն ասում են. «Բան չենք ուզում, հենա որ ճամփեքը սարքեն, տուրիստ կգա, մենք էլ էդ ճամփեքին մեր սարքած բաները կծախենք: Հանդերում լիքը մոշ, մալինա կա, հոն կա, ընտիր սունկ կա: Կապրենք, էլի: Բա հիմա ում ա պետք էս տեսակ պարապ-սարապ ապրուստը»: Նույնն են ասում նույն մարզի Աչաջուր, Լուսաձոր, Սեւքար համայնքների բնակիչները. «Ֆաբրիկա-գործարան» չկա, զատո հարուստ բնություն կա: Բայց դե բնությունը չի կերակրում: Հըմի որ մեր կողմերը տուրիստներ գան, կյանքը կաշխուժանա, տուրիստներին բան-ման կծախենք, մեր տներում կապրեն»:


Այս տարածաշրջանում, ինչպես բնակիչներն են ասում, Աշոտ Երկաթի բերդն է, միջնադարյան 13 մատուռ կա, Աչաջուրից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա 13-րդ դարի Մակարավանք վանական համալիրն է:

Սակայն Մակարավանք տանող ճամփան ճամփա չէ. գյուղացիք ասում են՝ վանքի ճամփից է կախված գյուղի կյանքը. «Որ կարգին ճամփա լինի, տուրիստներ շատ գան, լա մի պատկերացրեք՝ մենք ինչքան կօգտվենք: Ավտոն մի հատ անցնում ա՝ տակը քսում ա, ակերը ծակում, ավտոն փչանում»: Հետո աչաջուրցիք կատակում են. «Իսկը ուխտի ճամփա է՝ քանդված, քարուքանդ, մինչեւ տեղ են հասնում՝ Քրիստոսի չարչարանքներն են քաշում»:
Աչաջուրում այս մայիսին մի քանի տղամարդու համար կյանքն աշխուժացել էր. չէ, պատճառը «գարնանային հորմոնները» չեն, շինարարության գործ է կպել. գյուղամիջում հարսանյաց սրահ են կառուցում. «Մեր համագյուղացին ա տերը, մեծահարուստ ա, Ռուսաստանում ա բիզնեսը: Որ էս «զալը» լինի, ջահելները հավեսի կընգնեն՝ շատ ու շուտ կպսակվեն»:


Հեղափոխությունից ոգեւորված են տավուշեցիք. հպարտանում են, նրանց խոսքերով ասած՝ «մեր հայրենակից Նիկոլը տեհա՞ր ինչ արեց»: Գանձաքարցի 80-ամյա Ռուբեն պապը «Քայլ արա» շարժմանը հետեւում էր համացանցով: Նրա կինը՝ 69-ամյա Սուսաննան, ասում է. «Ռուբիկը ցույցերը-պյանը յութուբով էր նայում, ես էլ՝ տելեւիզորով: Համեմատում էինք՝ ով՝ ինչ էր ասում»: Մեծ տանը մարդ ու կին մենակ են ապրում, տղաները արտերկրում են, աղջիկն ամուսնացել է ու դուրս եկել գյուղից: Տեղեկատվական տեխնոլոգիաներին լավ են տիրապետում՝ ճակատագրի բերումով. զավակներն արտագաղթել են ու վաղուց արդեն հիմնականում համացանցով են շփվում. «Կամպյուտըր դրին տունը, որ հետները խոսանք, սկայպով ենք խոսըմ: Սաղ անգիր գիտենք՝ որը ոնց միացնենք, ինչ նայենք»:

Որդիների արտագաղթը լուսաձորցի Այվազյան ամուսինների համար էլ փոքրիկ ընտանեկան բիզնեսի առիթ է դարձել. ասում են՝ դաժան բան է արտագաղթը, մեծ տունը դատարկվել է. «2007 թվականին տղաներս գնացին Ռուսաստան ու մնացին: Լավ է, մեր հարսները իջեւանցի են: Հիմա Մոսկվայում բիզնես ունեն, էրեխեքը այնտեղ են դպրոց գնում: Մենք էլ՝ մարդ ու կնիկ, էս յեքա տանը մենակ մնացինք, մենակ, բայց սիրով: Ազատ սենյակներ ունենք: Էն ա, գյուղ որ մարդ ա գալիս, հարցուփորձ են անում, թե ազատ սենյակ կարա՞ն վարձեն, մեր անունն են տալիս»: Այվազյանների տունը դարձել է հյուրատուն, անուն ու բրենդ չունի. ասում են՝ «բրենդը մեր սիրուն գյուղն է, որ շատ մարդիկ գան մեր գյուղում հանգստանալու, ազատ տներ շատ կան, սաղինն էլ հյուրատուն է, էլի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

08.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930