Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սիրունյան. «Ընդհանուր հսկողությունով» հերիք է տեռոր անեք»

Հունիս 09,2018 14:00

«Սիրունյան-Կիրակոսյան» իրավաբանական գրասենյակի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսանդր Սիրունյանը ՖԲ սոցիալական ցանցում օրեր առաջ անդրադարձել էր ՀՀ գլխավոր դատախազության գործելակերպին: Երեկ «Առավոտի» զրուցակիցներն էին փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Կարեն Կիրակոսյանը:

– Պարոն Սիրունյան, Դուք դատախազությանը «մեղադրում» եք, որ նա չունի պետական շահերի անվան տակ ուսումնասիրություններ եւ ստուգումներ անելու իրավասություն, ինչո՞ւ:

– Սա դատախազական այսօրվա գործունեության խնդիրներից փոքրագույնն է: Նախ, իրոք այդ ուսումնասիրությունները կատարելու իրավասություն չունեն, բայց խնդիրն ավելի խորքային է: Խորքային է նրանով, որ մի դեպքում գլխավոր դատախազն անտեղի անգործություն է դրսեւորում, իսկ մյուս դեպքում՝ ապօրինի ակտիվություն է ցուցաբերում:

– Ի՞նչ ասել է «ապօրինի ակտիվություն»:

– Որպեսզի ասածս հասկանալի լինի, կարող եք բացել գլխավոր դատախազության պաշտոնական կայքը: Ամեն օր կայքում հրապարակվում են տեղեկություններ այն մասին, որ «դատախազությունը ուսումնասիրություններ է կատարում», «Բարձրացված խնդրի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ. նոյեմբերի 30-ին լուծարվել է: Պարզվել է…», կամ՝ «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար բամբակյա շապիկ, կիսավարտիք, տաք ներքնաշոր, կոմուֆլյաժ, մայկա-ֆուֆայկա, ինչպես նաեւ բարձ, բարձի երես, ծածկոց, սավան, վերմակ, ծրար եւ ներքնակ ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով սույն թվականի փետրվարի 22-ին կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից առավել ցածր գին առաջարկած 1-ին եւ 2-րդ հայտատու ընկերություններին»: Չկա մի նորմ, որով սահմանված լինի, թե գլխավոր դատախազությունը կարող է «ուսումնասիրություն» կատարել: Գլխավոր դատախազը պետության փաստաբանն է՝ քրեական եւ քաղաքացիական գործերով:

– Հունվարից մինչ օրս Ձեր գրասենյակը մի քանի տասնյակ բողոք, դիմումներ է ուղարկել ՀՀ դատախազություն, պատասխան ստացե՞լ եք:

– Մենք պատասխան չենք ստացել: Ես դիմել էի, մասնավորապես, 2015-ից մի սեւագործ բանվորի դեմ հարուցված «յուրացման» գործով: Երկու ատյանի դատարանները նրան դատապարտել էին երկու տարի ժամկետով ազատազրկման, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելով արդարացրել էր անձին, արձանագրելով, որ քննչականն ու դատախազը քաղաքացիաիրավական գործ են քննել: Գրել եմ գլխավոր դատախազին, որպեսզի 336 հոդվածի «Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը» պատասխանի՝ իմ պաշտպանյալի գործով մեղավոր իրավապահ կա՞, թե՞ ոչ: Դատախազ Դոլմազյանն է պատասխանում, թե՝ «մոտեցումների տարբերություն կա»: Իսկ այս տարվա փետրվարի 7-ին Շվեյցարիայի հետախուզումով կեղծված փաստաթուղթ բերվում դատարան՝ դատախազի կողմից: Գրություն ենք ստացել, թե՝ «հորդորում ենք ձեռնպահ մնալ դռնփակ դատական նիստի տվյալները տպելիս»: Երկրի գլխավոր իրավապահին փաստորեն հանցագործության փաստ ենք մատնանշում, դրան օրինական ընթացք տալու փոխարեն՝ մարդիկ պոլեմիկա են սկսում:

Կարեն Կիրակոսյան- Մաքսանենգության գործով դիմել եմ դատախազին: Գրել եմ, որ դատարանի վարույթում քսան օր առաջ հայտնվել է մի քրեական գործ, եւ ես գործի նյութերին չեմ ծանոթացել, իմ պաշտպանյալի հետ մեկ տարի է՝ քննիչը առերեսում չի կատարել: Պաշտպանյալս մեկ տարի է՝ կալանքի տակ է, եւ հաշմանդամ է դարձել չպարզված հանգամանքներում բուժհաստատություններից մեկի երկրորդ հարկից ընկնելով, որն ուղեկցվել է, եւ մի ձեռքն էլ ձեռնաշղթայով էր: Ինչո՞ւ ընկավ պատուհանից, ո՞վ է մեղավոր, կամ՝ պատասխանատու: Այս գործով էլ դիմել եմ, պատասխան չկա, եւ հավատացած եմ, ՄԻԵԴ-ում հայտնվելու դեպքում պետությունը պատասխան կտա հարկատուներիս գրպանի հաշվին:

– Ի դեպ, անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Հայտնի է, որ երկուսիդ նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ի՞նչ փուլում է այն:

Ալեքսանդր Սիրունյան- Հինգ ամիս է՝ նախաքննություն է ընթանում: Մեր պաշտպանությունն էլ իրականացնում է փաստաբան Հայկ Սարգսյանը:

Կարեն Կիրակոսյան.– Նախաքննությունը մաքուր գործընթաց է, իսկ մեր դեպքում դարձել է սովորական «բեսպրեդել» ու մենք լավ ենք հասկանում դրա պատճառները: Չի լինում այդպես, որ մի քանի տասնյակ մեր հաղորդումներով՝ մարդն անհայտ հանգամանքներում ընկավ հիվանդանոցի պատուհանից, դատախազը կեղծ թարգմանություն բերեց դատարան, դատախազն ու քննիչը մարդուն ակնհայտ ապօրինաբար քրեական պատասխանատվության ենթարկեցին, բազմաթիվ ապօրինի ձերբակալություններ եւ այլն, դատախազությունում ընթացք չի ստանում, իսկ երբ, որ մի քաղաքացի ընդամենը պատմում է, որ Սիրունյանն ու Կիրակոսյանը իրեն իբր փող են պարտք, հաշված օրերի ընթացքում դա ոչ միայն դառնում է քրեական գործ, այլեւ ազատամարտիկ Կարեն Կիրակոսյանը եւ գնդապետ Ալեքսանդր Սիրունյանը դառնում են մեղադրյալներ, այն էլ խարդախության գործով: Ու մենք պիտի հավատանք, որ դատախազությունում քրեական իրավունքը չեն տարբերում քաղաքացիական իրավունքի՞ց:

– Զուգահեռ քրեական գործով ներգրավված լինելը չի՞ խանգարում Ձեզ իրականացնել մասնագիտական գործունեությունը:

– Խանգարում է այնքանով, որքանով փորձ են անում մեզ սանձել: Եթե ես Զվարթնոցում եմ եղել, ինչո՞ւ է գործը Կենտրոնում հարուցվել: Ենթադրում եմ, որ պատճառը մեկն է. մենք հաղորդումներ ունեինք Կենտրոնի քննչականի դեմ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

08.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930