Մշակույթի նախարարի տեղակալ
Նազենի Ղարիբյանը մեկ-երկու «փակագիծ» բացեց
«Առավոտը» մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեց` որո՞նք են այն շեշտադրումները, որ, իր կարծիքով, պետք է փոխվեն նախարարության աշխատաոճում:
«Կան խնդիրներ, բայց ամեն դեպքում կա մշակույթի նախարարությունը, կան մարդիկ, որ այնտեղ աշխատում են, մարդիկ, որ շատ ոգեւորված են եւ նախարարությունից դուրս գտնվող մարդիկ` ներգրավված մշակութային դաշտում, արվեստի, հայագիտության ոլորտներում եւ միջազգային մակարդակով, որոնք ոգեւորված են եւ անընդհատ ասում են, որ պատրաստ են սատարելու, ինչով կարող են: Դա արդեն մեծ էներգիա է աշխատելու համար:
Ինչ վերաբերում է խնդիրներին, դրանք միշտ էլ եղել են եւ լինելու են: Առաջնահերթությունների առումով ասեմ, որ կան հատկապես ներքին կառուցվածքային խնդիրներ, այսինքն, օրինակ, ինչպես են բաժանված վարչությունները, մի խոսքով, այժմ աշխատում ենք վերակազմավորման վրա; Խնդիրներ կան աշխատանքային մեթոդաբանության առումով, մշակութային քաղաքականության, ռազմավարության հետ կապված, օրինակ` ինչպես են բաշխվել աջակցությունները, ֆինանսները, ոլորտները: Այսքանն են հիմնական խոշոր խնդիրները: Փոքր, մասնավոր, տեղային խնդիրներն ամեն օր են հանդիպում, բայց մենք ունենք կամք, նաեւ աշխատելու մեծ ցանկություն, սեր Հայաստանի ու հայ մշակույթի հանդեպ, ուստի փորձելու ենք թիմային աշխատանքով, գիշեր-ցերեկ աշխատել, որպեսզի կարողանանք լուծումներ գտնել, նոր ճանապարհ բացել մշակույթի նախարարություն եւ մշակութային հայկական աշխարհ հարաբերությունների համար»,- ասաց տիկին Ղարիբյանը:
Մեր հարցին, որ սովորաբար մշակույթին բաժին ընկնող բյուջեն փոքր է, իսկ ֆինանսավորում ակնկալողների թիվը` մեծ, հետեւաբար ինչպե՞ս են այդ ամենին դիմակայելու, Նազենի Ղարիբյանը պատասխանեց, որ գումարը չի բավարարում բոլոր ոլորտներում, ապա հավելեց. «Մենք պատրաստում ենք նոր մոտեցումներ կիրառել ֆինանսական միջոցների բաշխման, տրամադրման համար: Շուտով այդ մոտեցումը կհրապարակենք: Դա լինելու է միջազգային փորձի ուսումնասիրման եւ տեղայնացման հիմքի վրա: Շատ հաճախ ենք հղում անում միջազգային փորձին, բայց դա ուղղակի վերցնում- կիրառում ենք, դրա համար էլ չի աշխատում, մինչդեռ պետք է տեղայնացնենք, հասկանանք, թե ինչն է միջազգային փորձից մեզ հարիր: Այսուհետեւ լինելու են դրամաշնորհային մրցույթներ, որոնց համար կսահմանվեն չափորոշիչներ, կգործեն ռոտացիոն հանձնաժողովներ, որոնք կաշխատեն եւ համապատասխան չափանիշներին լավագույն առաջարկները կընտրվեն»:
Փոխնախարարին հիշեցրինք, որ չունենք անկախ Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարան, ինչի մասին բազմիցս արտահայտվել է նաեւ արվեստագետ Սահակ Պողոսյանը, հարցրինք, թե ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը:
«Չկա խնդիր, որը չենք փորձելու լուծել: Ձեր նշածը նույնպես մտնում է եղած խնդիրների փնջի մեջ: Չի լինելու որեւէ խնդիր, որ դարակում ենք պահելու, ասելու ենք` լավ, թող սա սպասի: Ուղղակի կան առաջնահերթություններ, որոնք հերթով դիտարկելու ենք»,- ասաց Նազենի Ղարիբյանը:
Հարցրինք նաեւ, թե իբրեւ փոխնախարար որտեղ է հասցրել լինել իր ոլորտի հաստատություններում: «Շատ-շատ տեղեր եմ այցելել, օրական այնքան մարդկանց ու կազմակերպությունների եմ ընդունում, այնքան շատ արվեստագետների հետ եմ հանդիպում, նաեւ հասցնում եմ գնալ երեկոների: Ամենավերջինը Արամ Խաչատրյան մրցույթի բացման համերգին էի ներկա, որին ներկա էին վարչապետը, նախարարը»,- ասաց Նազենի Ղարիբյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի
«Առավոտ»
08.06.2018