Լրահոս
Օրվա լրահոսը

Կհնչեն նաեւ գողացված եւ մոռացված երգեր

Հունիս 09,2018 13:00

«Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը տոնում է հոբելյանը

Ազգային օպերային թատրոնում հունիսի 14-ին «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը հրավիրում է հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգին՝ Արամ Սուքիասյանի ռեժիսորական մտահղացմամբ: Արդեն քառորդ դար անսամբլի ղեկավարն է ժողովրդական ու աշուղական երգերի վարպետ կատարող, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, գործիքային մասը ղեկավարում է ՀՀ վաստակավոր արտիստ Վարդան Բաղդասարյանը: Անսամբլի երգացանկն իսկապես ընդգրկուն է, ներառում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից աշուղների շուրջ 400 երգ: Թողարկվել են անսամբլի CD-ներ եւ DVD-ներ:

Ներկայացնելով «Սայաթ-Նովա» անսամբլի ստեղծման ակունքները, նշվում է, որ անսամբլի հիմնադիրը ժողովրդի սերը վայելող, անվանի երգիչ Վաղարշակ Սահակյանն է, որը կոլեկտիվը ղեկավարել է 1942-ից մինչեւ 1972թ.: Մինչդեռ որոշ հավաստի աղբյուրների պնդմամբ՝ «Սայաթ-Նովան» ստեղծվել է 1928թ., մեծանուն երգիչ Շարա Տալյանի հիմնած «Հայ աշուղներ» անսամբլի հենքի վրա: Հենց Շարա Տալյանի հրավերով է Վաղարշակ Սահակյանը եկել անսամբլ եւ ղեկավարել այն, որոշ ժամանակ անց վերանվանելով «Սայաթ-Նովա»: Դարձյալ հավաստի աղբյուրների պնդմամբ՝ անսամբլի գործունեության դադարեցման պատճառը Վաղարշակ Սահակյանի՝ Իրան՝ իր ծննդավայր մեկնելու մեծ ցանկությունն էր… Սիրված երգիչը մերժում է ստանում, ինչը շատ ծանր է տանում: Նրա «հանդգնությունը» պատճառ է դառնում անսամբլի նկատմամբ «վերեւների» ոչ բարեհաճ վերաբերմունքի, նույնիսկ պիտակ են կպցնում՝ «11 չսափրված այծեր» (անսամբլում տարիքն առած 11 տղամարդիկ էին): Արդյունքում՝ «Սայաթ-Նովան» լուծարվում է: Սա այն դեպքում, երբ անսամբլի երգացանկում էին մեր դասական աշուղների՝ Շիրինի, Շերամի, Հավասու, Շահենի եւ մյուսների ստեղծագործությունները, ինչպես նաեւ այն տարիների երիտասարդ աշուղներ Սերոբի, Ռազմիկի եւ այլոց: Ի դեպ, այս անսամբլի հետ, հիմնականում Շերամի երգերի կատարմամբ, հանդես է եկել հայ երգի տիրամայր, անզուգական Արաքսի Գյուլզադյանը:

 

Վաղարշակ Սահակյանի «Սայաթ-Նովան»:

Անդրադառնալով «Սայաթ-Նովա» անսամբլի մերօրյա գործունեությանը, փաստենք, որ այն բուռն է ոչ միայն Հայաստանում, այլեւ մեր երկրի սահմաններից դուրս՝ ներառելով Սփյուռքի տարբեր բնակավայրեր:

Թովմաս Պողոսյանը, որ մեր կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնում որպես տեքստաբան դասախոս է եւ դասավանդում է հայ աշուղական արվեստ, գրառել է ժողովրդական ու աշուղական երգեր, ունի գիտական բազմաթիվ հոդվածներ, որոնց թվում հատկապես կառանձնացնեինք, օրինակ՝ աշուղ Ջիվանու անհայտ երգերին, անտիպ էջերին նվիրված աշխատությունները (Թովմաս Պողոսյանն ունի հրատարակված շուրջ 15 գիրք):

Հետաքրքրվեցինք, թե կայանալիք հոբելյանական համերգին սպասվո՞ւմ են իր կողմից հայտնաբերված նոր երգերի կատարումներ, Թովմաս Պողոսյանը պատասխանեց. «Սպասվում են անակնկալներ, կհնչեն ոչ միայն աշուղների մոռացված երգեր, այլեւ օտարների կողմից գողացված երգեր»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

08.06.2018

Գլխավոր լուսանկարում` Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա» անսամբլը:

«Առավոտ»

08.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930