Հունիսի 2-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվել է «Ինչո՞ւ էր բերման ենթարկվել հայ փաստաբանը Ղազախստանում» վերտառությամբ հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ, որտեղ վերջինս, ակնհայտորեն խեղաթյուրելով փաստերն ու իրողությունները, կոնկրետ քրեական գործի հանգամանքների շրջանակներում անհիմն մեղադրանքներ է ուղղում ՀՀ գլխավոր դատախազությանը:
Մասնավորապես, Արսեն Մկրտչյանի կողմից նշված լրատվամիջոցին տրամադրվել է ոչ ամբողջական եւ լրիվ տեղեկատվություն իր պաշտպանյալի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ԵԿԴ/0053/01/17 քրեական գործով ամբաստանյալ Արթուր Հարությունյանի կալանավորման տակ գտնվելու հիմքերի եւ հանգամանքների մասին՝ տպավորություն ստեղծելով, թե վերջինս շուրջ երկու տարի գտնվում է կալանավորման տակ միայն դատավորի ավտոմեքենայի լուսարձակի գողության պատճառով:
Ընդ որում, փորձ է արվում բերված օրինական անհիմն կերպով ներկայացնել որպես նախնական կալանքների նկատմամբ դատախազության եւ դատարանների կողմից իբր թե խտրականության դրսեւորում։ Մինչդեռ, խոսքը չի վերաբերում մեկ դրվագով կատարված ավտոմեքենայի լուսարձակների գողությանը: Դեռեւս 2016թ. սեպտեմբերի 28-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի տարբեր մասերով՝ ընդհանուր 13 դրվագով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի տարբեր մասերում կատարել է ավտոմեքենաների լուսարձակների, անվադողերի, անվահեծերի, այդ թվում եւ խմբի կազմում կատարված գողություններ, որոնցով տուժողներին պատճառել է ընդհանուր առմամբ շուրջ 11.200.000 ՀՀ դրամ գումարի վնաս:
Հաշվի առնելով նրա կողմից նոր հանցանքներ կատարելու մեծ ռիսկը՝ դատարանի կողմից նախաքննության ընթացքում Ա.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ քննությանը չխոչընդոտելու, քրեական պատասխանատվությունից խուսափելը կանխելու նպատակով։ Ա.Հարությունյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանների կողմից մերժվել են այն պատճառով, որ շարունակում են առկա լինել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը։
Ինչ վերաբերում է փաստաբանի հայտարարությանը, որ դատաքննության ժամանակ վկաները հայտարարել են, թե նախաքննության ժամանակ ցուցմունքները տվել են սպառնալիքների ներքո, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ կապակցությամբ մեղադրող դատախազի կողմից ներկայացվել է համապատասխան զեկուցագիր, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Ինչ վերաբերում է Ղազախստանի Հանրապետության (ՂՀ) իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Գեղամ Ասրյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու հանգամանքներին, ապա տեղեկացնում ենք, որ ՂՀ իրավապահ մարմինների կողմից այդ երկրի քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով, մոտ 2 մլրդ դրամին համարժեք ղազախական թենգե, կատարված խարդախությունը) միջազգային մակարդակով հետախուզվող եւ ՀՀ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված Գեղամ Ասրյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը 2017թ. մայիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան ներկայացրել է միջազգային պայմանագրի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների պահանջների հիման վրա: Դատարանը որոշում է կայացրել միջնորդությունը մերժելու մասին՝ որը ՀՀ գլխավոր դատախազության կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017թ. մայիսի 25-ի որոշմամբ բեկանվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Գ. Ասրյանի նկատմամբ կիրառվել ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով: Այդ որոշումն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ կատարումն ապահովելու նպատակով, սակայն Գ. Ասրյանը մինչ օրս չի հայտնաբերվել: ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրած բոլոր դիմումների կապակցությամբ փաստաբան Ա. Մկրտչյանին սահմանված ժամկետներում տրվել են պարզաբանումներ: Մասնավորապես՝ պարզաբանվել է, որ ՀՀ դատախազությունն իրավասու չէ դադարեցնել օտարերկրյա պետության, տվյալ դեպքում՝ ՂՀ իրավասու մարմնի կողմից հայտարարված հետախուզումը:
2017թ. մայիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ՂՀ գլխավոր դատախազությանն առաջարկել է Գ. Ասրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությամբ, ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն ավելի քան մեկ տարվա ընթացքում այն չի ստացվել: Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազության կողմից որոշում է կայացվել վերացնել Գ. Ասրյանի նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրված 40 օր ժամկետով ժամանակավոր կալանավորումը, ինչի մասին հայտնվել է ՀՀ ոստիկանությանը:
Այս իմաստով առնվազն անտեղի եւ չհիմնավորված է փաստաբանի պնդումն առ այն, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անգործություն է ցուցաբերում Հայաստանի քաղաքացիների փաստական իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ կարելի է հենց ՀՀ դատախազության գործուն դերակատարությամբ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ իրավական օգնություն ցուցաբերելու, նրանց իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու բազմաթիվ օրինակներ բերել, որից էթիկական նկատառումներից ելնելով ձեռնպահ ենք մնում:
Ավելորդ ենք համարում մեկնաբանել փաստաբանի նաեւ այն պնդումը, թե կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս գլխավոր դատախազությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում՝ այն պատճառով, թե իբր «վստահորդին կալանավորելով եւ խիստ պատիժներ նշանակելով» «հաշվեհարդար է տեսնում սոցիալական ցանցերում իրեն քննադատող փաստաբանների նկատմամբ»: Նախ՝ առնվազն տարակուսելի է, որ պրակտիկ փաստաբանի կողմից կարող է խափանման միջոցի կիրառումը, այդ թվում կալանավորումը, պայմանավորվել մեղադրյալին մեղսագրվող արարքի ծանրության աստիճանով, այն դեպքում, երբ դա ընդամենը հարկադրանքի միջոց է քննության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: Երկրորդ՝ պարզունակ միամտություն է կարծել, որ վստահորդներին կալանավորելով կամ խիստ պատիժներ նշանակելով առհասարակ հնարավոր է «հաշվեհարդար տեսնել» սոցիալական ցանցերում ակտիվ փաստաբանի նկատմամբ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին
«Առավոտ»
08.06.2018