Վերլուծելով թավշյա հեղափոխությունից հետո մեր Հանրապետությունում առկա իրողությունները, փաստելով, որ Երկրապահը շարունակելու է հավատարիմ մնալ ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հռչակած արժեքներին, անդրադառնալով նաեւ վերջին օրերին մի քանի լրատվամիջոցով շրջանառվող ասեկոսեներին, որոնցով ինչ-ինչ կասկածելի անձինք փորձում են միջամտել ԵԿՄ բնականոն գործունեությանը՝ ԵԿՄ վարչության նախագահության ընդլայնված նիստը (մասնակցությամբ մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ներկայացուցիչների) անհրաժեշտ է համարում հայտարարել.
-Երկրապահ կամավորականների միությունը, որ ստեղծվել է արյան կանչով՝ իր վրա վերցնելով Ադրբեջանի պարտադրած պատերազմը, կանգնած է եղել պետության կայացման ակունքներում, դարձել է բանակի ծնողը, հիմքն ու հենասյունը, բանակի հետ հրադադար է պարտադրել թուրք ազերուն, վճռականորեն շարունակելու է առաքելությունը։
-Երկրապահը պետություն ստեղծող, պահպանող կառույց է եւ կանոնադրական, ծրագրային նպատակների իրագործման համար շարունակելու է գործակցությունը պետության հետ, պետական հաստատությունների հետ։
-Երկրապահը կարեւորում է սահմանի բնակչության անվտանգությունը: Սահմանի բնակչությունը՝ նորածնից 100 տարեկան, բոլորն էլ սահմանապահ են, երկրապահ են: Շարունակելու ենք ուխտագնացությունները դեպի Արցախ աշխարհ եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր։ Շարունակաբար լինելու ենք սահմանային զորամասերում, առաջնագծում, ոգեւորելու ենք, մեր փորձն ենք փոխանցելու դիրքապահ զինվորներին՝ գրաֆիկը համաձայնեցնելով պաշտպանության նախարարության հետ։ Ինչպես ապրիլյան պատերազմի օրերին, ցանկացած պահի պատրաստ ենք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կոչով անհապաղ հայտնվել մարտական հենակետերում։
-Շարունակելու ենք հետեւողական աջակցության ցուցաբերումը զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին՝ գործակցելով ՀՀ կառավարության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, պաշտպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, այլ նախարարությունների, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
-Հիշյալ գերատեսչությունների եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ շարունակելու ենք դասընթացները պատանի, երիտասարդ երկրապահների հետ՝ ամռանը դասընթացներ կազմակերպելով նաեւ եռասերունդ Երկրապահի ճամբարում։ Մենք պատասխանատու ենք վաղվա Հայաստանի եւ Արցախի համար։
-Կոչ ենք անում ամենքին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից, հնարավորություն տալ համաժողովրդական շարժմամբ ձեւավորված իշխանությանն իրականացնել խոստումներն ու ծրագրերը: Կան, իհարկե, բազմաթիվ խնդիրներ, սակայն, կառավարության այս պահի վստահության պաշարն ու երկրում ձեւավորված մթնոլորտը հնարավորություն են տալիս բոլոր հարցերը լուծել ազատ քննարկումների քաղաքակիրթ եղանակով: Հանրահավաքային շարժումն էլ միասնական էր, եւ միասնական ժողովուրդն էլ լուծեց նաեւ իշխանության խնդիրը: Ուրեմն եւ այսուայնտեղ բողոքի ակցիաների անհրաժեշտություն չկա:
Հիշենք, որ միասնական հայությունն անպարտելի է:
-Պատրաստակամ ենք Հայաստանի, Արցախի մարտական ընկերների հետ միասին անվերապահ աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության, հայկական Արցախ պետության ցանկացած հայրենանվեր, պետականության ամրապնդմանն, անկախության, ինքնիշխանության պահպանմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը, աջակցելու ենք Արցախի ժողովրդին եւ իշխանությանը։
-Հայտարարում ենք նաեւ, որ Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն անշեղորեն կյանքի է կոչել Սպարապետ Վազգեն Սարգսյանի բոլոր ծրագրերը: Զորավարը կայացրել է երկրապահական եռասերունդ ընտանիք՝ իր ղեկավարման տարիներին տասնապատիկ ավելացնելով ԵԿՄ անդամների թիվը:
ԵԿՄ-ում իրավիճակի փոփոխություն չի եղել այն պահից ի վեր, ինչ եռասերունդ Երկրապահի Մեծ մայրիկ Գրետա մայրիկի հորդորով Մանվել Գրիգորյանը Սպարապետից հետո ստանձնեց ԵԿՄ վարչության նախագահի ծանր պարտականությունը:
– Հորդորում ենք լրատվամիջոցներին, քաղաքական ուժերին, հոսանքներին, անհատներին քթները չխոթել Երկրապահի ներքին գործերի մեջ, դադարեցնել մարտական ընկերներին գժտեցնելու ազգադավ փորձերը: Երկրապահն, իր ղեկավար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի առաջնորդությամբ դեռ բազում ծրագրեր է կյանքի կոչելու՝ պիտանի լինելով Հայաստանի Հանրապետությանը, հայկական Արցախ պետությանը, աշխարհասփյուռ հայ ազգին:
Երկրապահ կամավորականների միություն