Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրու թատրոնում․ նախարար Մակունցն արտասվում էր, Նիկոլ Փաշինյանի տիկինն էլ չէր կարողանում խոսել (Տեսանյութ)

Հունիս 08,2018 23:45

Գյումրու դրամատիկական թատրոնում ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն այսօր դիտելու էին եկել ինչպես մշակութային հանրաճանաչ դեմքեր, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինն՝ Աննա Հակոբյանը, նրանց որդին, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, գեներալներ Ֆելիս Ցոլակյանը, Սեյրան Օհանյանը, Միքայել Սրբազանը։

Այսօր ևս դահլիճում ո՛չ նստելու, ո՛չ էլ նույնիսկ կանգնելու տեղ չկար, թատրոնի անձնակազմը ստիպված էր եղել աթոռներ ավելացնել, սակայն դա էլ կարծես փրկություն չէր։

Աննա Հակոբյանի մուտքը դահլիճ ընդունվեց բուռն ծափահարություններով, այնուհետ ներս մտավ Կարգին Հայկոն, դահլիճը դարձյալ դղրդաց ծափահարություններից։

Ներկայացումը հուզեց վարչապետի կնոջն ու մշակույթի նախարարին․ այն անհնար է դիտել առանց արցունքների, հանդիսատեսը՝ տղամարդ, թե կին, ռազմական, թե մշակութային գործիչ, արտասվում է։

Աննա Հակոբյանը, որը լրագրողների հետ պայմանավորվեց զրուցել ներկայացման ավարտից հետո, ասաց․ «Ես ճիշտ է՝ խոստացա ընդմիջմանը կամ ներկայացման վերջում այդ թեմայով խոսել, բայց կներեք, չեմ կարող խոսել»։

Հարցին՝ հուզվա՞ծ եք, Աննա Հակոբյանն ասաց․ «Ոչ թե հուզված եմ, այլ չեմ կարող ոչ մի բան ասել ու սա կարող եք համարել գնահատականն այդ ներկայացման»։

Լիլիթ Մակունցի աչքերը թաց էին։ Նա ասաց․ «Ցնցված եմ, շատ տպավորված եմ, հուզիչ էր, ամբողջ ընթացքում չկարողացա զսպել էմոցիաներս, արտասվել եմ, նույնիսկ մի քանի րոպե չէի կարողանում խոսել։ Ու դա նորմալ է, որովհետև թե՛ խաղն էր տպավորիչ, թե՛ բովանդակությունը, վերապրեցինք նորից այդ չորս օրերը»։

Նախարարն ասաց, որ առաջին անգամն էր Գյումրու թատրոնում և զարմացել էր դահլիճի լեցուն լինելուց։

Ներկայացման մեջ բարձրաձայնված էին նաև իշխանությունների բացթողումները, որի պատճառով ապրիլյան պատերազմին այդքան զոհեր ունեցանք, խոսվում էր նաև օլիգարխների որդիների արտոնյալ լինելու, բանակում չծառայելու մասին։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ընդունեց այդ քննադատությունը թատրոնի բեմից․ չէ՞ որ խոսքը իր Պաշտպանության նախարար եղած ժամանակաշրջանին էր վերաբերում։

Նա ասաց․ «Երկար ժամանակ չեմ եղել այսպիսի ներկայացումների՝ որպես դիտորդ, բայց այսօր տեսնում են այն միասնությունը, որը գոյություն ունի․ ժողովուրդների պատմությունը կերտում են ուժով և մշակույթով։ Եվ այսօր այս մշակույթի մեջ է ուժը, որը հավերժացնում է հերոսների սխրագործությունները, ինչպես նաև պարտավորեցնող է, որ ապագային մենք պետք է նայենք լիահույս և հավատքով, որ կյանքը շարունակվում է։ Իհարկե, յուրաքանչյուր այսպիսի միջոցառումից մենք հետևություններ ենք անում»։

Հիշեցնենք, որ երկու գործողությամբ դրամայում փեսան՝ Արմենը ու հարսանիքին մասնակցող մյուս երիտասարդները, հեռախոսազանգով պատահաբար լսելով պատերազմի գույժը, կիսատ են թողնում քեֆ-ուրախությունն ու վազում են ռազմաճակատ։ Իհարկե, այն պայմանով, որ պիտի հետ գան ու շարունակեն հարսանիքը։ Նրանցից ոչ բոլորն են կենդանի մնում, սակայն փեսան, վերադառնալով ռազմաճակատից, ստիպում է հարազատներին պարել, շարունակել հարսանիքը, քանի որ այդպես է ուզել իր զոհված ընկերը, իր կյանքն է տվել, որպեսզի իր ազգը բազմանա, հարատևի։

Պիեսի հեղինակը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, ռեժիսորը՝ Լյուդվիգ Հարությունյանը, երաժշտության հեղինակը Հայկոն է, որն առաջին անգամն է ներկայացման համար երաժշտություն գրում։ Նկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանն է, իսկ հերոսներին մարմնավորում են Նառա Սանթոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Տիգրան Գաբոյանը:

Մեծ թվով երիտասարդ դերասաններ են խաղում՝ Տարոն Գրիգորյանը (փեսայի դերակատարն է), Ջեմմա Ադամյանը (հարսի դերակատարն է), Գևորգ Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930