Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չիկոյի որդին իրականացրեց հոր ցանկությունը (Ֆոտոշարք)

Հունիս 08,2018 22:33

Հունիսի 8-ին «Սալոն» ռեստորանում կայացավ ճանաչված ջազային երաժիշտ Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի «Ջազը Հայաստանում» հայերեն գրքի շնորհանդեսը:

Գիրքը ներկայացնում է Հայաստանում էստրադային եւ ջազային երաժշտության ծագման ութսունամյա պատմությունը, հիսունից ավելի հայ նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարներ եւ շուրջ ութսուն երաժիշտ-կատարողների ստեղծագործական սեղմ կենսագրությունը:

Գրքում ուշադրության է նաեւ արժանացել հայկական ծագումով նշանավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը:

Արմեն Թութունջյանի որդին՝ Հայկ Թութունջյանը նշեց, որ խառը զգացողություններ ունի՝ անցյալ տարի այս օրերին անսպասելի հայրը հեռացել է կյանքից: Նաեւ ուրախ է, որ կատարել է հոր ցանկությունը՝ հայերեն է հրատարակել Արմեն Թութունջյանի մի քանի տարվա վիթխարի աշխատանքի արդյունքը:

Ի թիվս այլոց, միջոցառմանը ներկա էր նաեւ Երեւանի խորհրդանիշերից կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում հիշեց իր նվագախումբը, որտեղ Չիկոն հարվածային գործիքներ էր նվագում: «Ջազը Երեւանում ժամանակին քարոզվել է, իսկ հիմա առաջվա նման չի քարոզվում»,-ափսոսանք հայտնեց Ստեփան Շաքարյանը:

Ռոք երաժիշտ Սուրեն Սարգսյանը խոստովանեց, որ կապված չի եղել ջազ երաժշտության հետ, սակայն Չիկոն իր վրա լուրջ ազդեցություն է թողել: «Մի անգամ որդու՝ Հայկի հետ իրենց տանն էինք, կոնտրաբաս էր դրած, երբ ինքը գնաց խոհանոց, երաժշտություն միացրեց, ասաց, տես ինչ ֆանտաստիկ գործ է, մեկ էլ ես կոնտրաբասը վերցրի ու սկսեցի նվագել:

Ընդ որում, ես բասկիթառահար եմ եւ ոչ թե կոնտրաբասահար, ինքը զարմացած ներս մտավ ու հարցրեց, թե ով էր նվագում… Զարմացավ, երբ տեսավ, որ ես եմ… Այդտեղից սկսած ես ավելի շատ սկսեցի շփվել ջազի, Չիկոյի հետ, սկսեցի համերգներ այցելել:

Չիկոն դարձավ յուրահատուկ կամուրջ, որպեսզի ռոք երաժիշտը ինչ-որ ձեւով ներգրավվի ջազային երաժշտության մեջ: Հետո շատ հաճախ ինքը խորհուրդ էր տալիս, թե ինչպես թմբուկ խփեմ, ջազային դպրոցի ինչ-որ բաներ էր ինձ սովորեցնում: Մի խոսքով, Արմեն Թութունջյանն ինձ կապել է ջազի հետ»,-ասաց Սուրեն Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա էին մշակութային, քաղաքական, հասարակական ոլորտների տարբեր ներկայացուցիչներ, որոնց միավորում էին Նորին Մեծություն ջազը եւ Չիկոյի վառ հիշատակը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930