Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամանթա Փաուեր. «Թրամփը փոփոխական է․ մի օր կարող ենք արթնանալ և տեսնել այն թվիթը, որին այդքան սպասել ենք՝ ցեղասպանության ճանաչման մասին». «Ազատություն»

Հունիս 08,2018 22:15

«Ազատություն» ռ/կ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը, ով «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակում այցելել է Երևան, այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում ունեցած ելույթից հետո պատասխանեց «Ազատության» հարցերին:

«Ազատություն»- Դուք ձեր խոսքում անդրադարձաք Հայոց ցեղասպանությանը: Այդ հարցը բազմիցս քննարկվել է ԱՄՆ նախագահական ընտրությունների շրջանում: Ո՞րն էր պատճառը, որ նախագահ Օբամայի կառավարման ընթացքում Հայոց ցեղասպանության փաստն այդպես էլ պաշտոնապես չճանաչվեց, և կա՞ արդյոք Թրամփի վարչակազմի կողմից ճանաչման հնարավորություն:

Սամանթա Փաուեր- Նախ թույլ տվեք ասել, որ ես մեծապես ափսոսում եմ, որը մենք չհաջողեցինք գնալ մինչև վերջ՝ հասնելու Ցեղասպանության ճանաչմանն այն կերպ, ինչպես խոստացել էինք: Գնալով Սպիտակ տուն՝ ես իսկապես հավատում էի, որ մենք դա կանենք: Նախագահ Օբաման, որպես սենատոր, չափազանց բաց էր այդ հարցի վերաբերյալ: Բայց 2009-ին՝ (տարի, երբ մենք պետք է դա անեինք հենց սկզբում) նախագահ Օբաման հստակեցրեց, որ այդ փաստերի վերաբերյալ իր պատկերացումը չի փոխվել, և բոլորը գիտեին նրա կարծիքը: Բայց նա զգաց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը շատ կարևոր ու փխրուն փուլում է:

Հետո, երբ [Հայոց ցեղասպանության] 100-րդ տարելիցն իրապես շատ լավ հնարավորություն էր ճանաչման համար, մեզ տրվեց թուրքական բազաների հասանելիությունը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Բայց գիտեք, իսկապես չկա արդարացում, քանի որ, ինչպես ես գրել էի մինչև ԱՄՆ կառավարության պաշտոնյա դառնալը, երբեք չկա լավ ժամանակ՝ դա անելու համար: Միշտ լինելու են մի շարք խնդիրներ ու հանգամանքներ, մյուս կողմից՝ Թուրքիան շատ հզոր ու մեծ պետություն է, ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, և դա մեծ կշիռ է: Նախագահ Էրդողանն, իհարկե, շատ փոփոխական անձնավորություն է, իսկ դա նաև նշանակում է, որ նրա հնչեցրած սպառանալիքներից շատերն իրական էին թվում:

Կարծում եմ՝ մի քանի գործոններ կային, բայց ուզում եմ ընդգծել իմ տեսակետը, որ այսօր հնչեցրել եմ: Այն է՝ աշխարհում գրեթե կասկած չկա 1915 թվականի իրադարձությունների [իսկության] վերաբերյալ: ԱՄՆ-ի պատմության դասագրքերում գրում են Հայոց ցեղասպանության մասին, տարեցտարի ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Եվ հարցը, թե ինչ պետք է լինի, որ ԱՄՆ-ը ճանաչի դա․․․ կարծում եմ, պետք է լինի այն, ինչ բոլոր այն երկրներում, որոնք հաղթահարել են ցեղասպանությունը մերժողների ճնշումը․ դա հաստատակամությունն է: Միշտ չէ, որ դա աշխատում է, մանավանդ՝ երբ կարծում ես, որ կաշխատի այդ տարբերակը: Բայց դա մի օր տեղի է ունենում:

«Ազատություն»- Ի՞նչ կասեք Թրամփի վարչակազմի մասին:

Սամանթա Փաուեր- Թրամփը ևս փոփոխական է․ մի օր կարող ենք արթնալ և տեսնել այն թվիթը, որին այդքան սպասել ենք՝ ցեղասպանության ճանաչման մասին: Բայց կարծում եմ՝ ավելի կարևոր է շարունակել ապացուցող փաստերի հավաքագրումը, շարունակել տարածել երբեք չընկրկելու ուղերձը, որովհետև [եղավ] այն, ինչ 20 տարի առաջ անհնարին էր թվում:

Գերմանիան, Հռոմի պապը, Ֆրանսիան, բազմաթիվ պետություններ ճանաչեցին [Հայոց ցեղասպանությունը], Միացյալ Նահանգների նախագահը, օրինակ՝ Օբաման իր հնարավորությունների չափով իր կարծիքն արտահայտեց պատմության վերաբերյալ: Մեր Կոնգրեսը շատ մոտ էր ճանաչմանը: Պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ և հիշել, որ պետք է հաջորդ սերնդին փոխանցել տեղի ունեցածի պատմությունը, և որ հաջորդ սերունդը չի ընկրկի ցեղասպանությունը ժխտողի ճնշման առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930