Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարվում է մանդատից

Հունիս 08,2018 21:35

Սյունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր Մերուժան Սիմոնյանն այսօր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Խոսակցություններ կան, որ նա նեղացել է սեփական կուսակցական վերադասերից`իրեն Սյունիքի մարզպետի պաշտոնում չառաջադրելու համար:

Փորձեցինք կապվել պարոն Սիմոնյանի հետ: Վերջինիս հեռախոսն անջատված էր: Մեր տեղեկություններով, նա`կուսակիցներից խռոված, անջատել է հեռախոսները եւ մեկնել իր բնակավայր՝ Կապան:

Aravot.am-ն այս առիթով մեկնաբանություններ խնդրեց ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանից: Նաիրա Զոհրաբյանը հաստատեց` Մերուժան Սիմոնյանի`մանդատից հրաժարվելու մասին տեղեկությունը:

«Հորդորում եմ մեր լավ ընկերոջը`Մերուժան Սիմոնյանին, որը մեր կուսակցության առանցքային դեմքերից է, հետ վերցնել մանդատից հրաժարվելու դիմումը: Ակնկալում եմ, որ նա այդպես էլ կվարվի»:

Հետաքրքրվեցինք`պատճառը Սյունիքի մարզպետի պաշտոնում նրան չառաջադրե՞լն է: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ Մերուժան Սիմոնյանը երբեւէ որեւէ պաշտոնի խնդիր չի դրել»:

Ասաց`ներկուսակցական խնդիրներ են, ոչ մամուլի հրապարակումների համար. «Վստահ եմ, որ կլուծենք դրանք»:

Նշենք, որ Մերուժան Սիմոնյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ես՝ Մերուժան Սիմոնյանս, հրաժարվում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցությունից:

Իմ կողմից՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին մամուլում շրջանառված տեղեկությունների արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, որ ես այս քայլն անում եմ այլ մարդկանց կողմից մարզպետ նշանակվելու պատճառով, բայց ո՛չ, ի գիտություն հայտնեմ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար դադարից հետո իշխանության մաս է կազմում, իսկ ես այս լուսավոր օրը հրաժարվում եմ նաև ռեյտինգային կարգով ստացած պատգամավորի իմ պաշտոնից, որը, ի դեպ, առավել բարձր պաշտոն է, քան մարզպետինը:

Ինձ համար երբևէ պաշտոն զբաղեցնելը ինքնանպատակ չի եղել, առաջնային են եղել իմ խիղճն ու սկզբունքները:

Այս պահին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Որոշումս կայացրել եմ Սյունիքի իմ ընկերների և թիմակիցների հետ քննարկման արդյունքում:

Անկախ այս ամեն ինչից, շարունակելու եմ լինել հայ մարդու կողքին, սյունեցու կողքին:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում անշահախնդիր և անդավաճան եղել են իմ կողքին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930