ՀՀ քննչական կոմիտեի գրադարանում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արթուր Ղամբարյանի և Հայկ Գրիգորյանի հեղինակած մենագրությունների շնորհանդեսը, որին ներկա են գտնվել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՔԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի հեղինակած «Իրավունքից հրաժարվելը և քրեադատավարական միջամտության հարցերը» հայալեզու այս աշխատանքի առաջին մասում քննարկվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելու պատմական, իրավափիլիսոփայական, տեսական և իրավահամեմատական տեսանկյունները։
Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել իրավունքից հրաժարվելու ընդհանուր- փիլիսոփայական և հատուկ-իրավաբանական սահմանափակումներին։ Իրավունքից հրաժարվելու տեսական հենքի վրա աշխատանքի երկրորդ մասում քննարկվում են դատավարական սուբյեկտիվ իրավունքներից հրաժարվելու, պետության կողմից այդ իրավունքներին միջամտելու հարցերը։
Հետաքննության մարմնի աշխատակիցներին, քննիչներին, դատախազներին, դատարաններին և փաստաբաններին կհետաքրքրեն հատկապես հակընդդեմ հարցման իրավունքից հրաժարվելու հարցերը, անձի համաձայնությամբ, առանց դատարանի որոշմամբ բնակարանում խուզարկություն կատարելու, հեռախոսային խոսակցությունը լսելու և այլ հարցեր։
Մենագրությունը, անշուշտ, կհետաքրքրի իրավունքի ընդհանուր տեսության, սահմանադրական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի մասնագետներին:
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի հեղինակած «Международно-правовые основы расследования военных преступлений. На материалах Нагорно-Карабахского вооруженного конфликта» ռուսալեզու մենագրությունը վերաբերում է պատերազմական հանցագործությունների քննության և որակման հիմնախնդիրներին, որն արդիական է ոչ միայն մեր երկրի, այլև՝ ընդհանրապես ժամանակաշրջանի համար և իր տեսակի մեջ համարվում է բացառիկ աշխատություն:
Հեղինակը նախ՝ հանրամատչելի ներկայացրել է զինված հակամարտության ժամանակ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ նախաքննության տեսական հիմքերը՝ քննության կազմակերպումն ու մեթոդիկան, արարքների որակումը՝ միջազգային իրավական ակտերի հիման վրա, պատերազմական հանցագործությունների դասակարգումը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում արձանագրված պատերազմական հանցագործությունների որակման հիմնախնդիրները։
Հ.Գրիգորյանը մանրամասն վերլուծել է 1994 թվականից ի վեր, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների որակման խնդիրները, ապացույցներ ձեռք բերելու, օգտագործելու և գնահատելու առանձնահատկությունները, ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրները, հետազոտել պատերազմական հանցագործություններին առնչակից պաշտոնատար անձանց իմունիտետի, հետախուզման, ձերբակալման, էքստրադիցիայի հիմնախնդիրները և նրանց միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը։
Սույն աշխատությունը հանդիսանում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության թեման, որն, անշուշտ, կհետաքրքրի ոչ միայն դատաքննչական մարմինների ներկայացուցիչներին, այլ նաև պատմաբաններին և միջազգայնագետներին։
Գրքի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է ՀՀ ՔԿ կայքէջում, որին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ
ՀՀ քննչական կոմիտե