Միավորված Ազգերի Կազմակերպությունը հունիսի 3-ը հռչակել է հեծանվի համաշխարհային օր: Այդ առթիվ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության հետ համատեղ այսօր հեծանվահրապարակում մրցում էր կազմակերպել Հայաստանում գտնվող դեսպանատների աշխատակիցների մասնակցությամբ, իսկ ֆեդերացիան էլ այդ առթիվ միմյանց հետ պայքարելու եւս մեկ առիթ էր ստեղծել Հայաստանի լավագույն հեծանվորդների համար:
Մասնակցության հայտ ներկայացրել էին Բելառուսի, Ղազախստանի, Ռումինիայի, Վրաստանի, Բուլղարիայի, Իտալիայի, Իրանի, Իրաքի դեսպանատները: Դիվանագետները մրցեցին սիրողական հեծանվասպորտում՝ երկու շրջան 500 մետր մրցատարածությունում: Հաղթող դարձավ Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, մրցանակային հաջորդ երկու տեղերն զբաղեցրին Լատվիայի եւ Մալթայի ներկայացուցիչները:
Հեծանվորդները հանդես եկան 30 շրջան դուրս մնալով մրցաձեւում: Լավագույն եռյակը կազմեցին Լեւոն Լավչյանը, Ջանիկ Գրիգորյանը եւ Տարոն Նիկողոսյանը:
Երկու մրցումների մրցանակակիրները Թուրքմենստանի դեսպանատան եւ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի կողմից պարգեւատրվեցին նվերներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ