Քիչ առաջ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին «Սարի թաղի գործով» ամբաստանյալներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Էդուարդ Զեյթունյանը: Նրանցից Թորոսյանի, Իսախանյանի եւ Զեյթունյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ երկրից չհեռանալը, իսկ Քյոսեյանի հանդեպ՝ գրավը՝ 700 հազար դրամի տեսքով:
Նշյալ երեք ամբաստանյալներն ազատ արձակվեցին դատարանի դահիճից, իսկ Քյոսեյանն առայժմ կտեղափոխվի ՔԿՀ: Երբ դատարանի դեպոզիտի հաշվին կփոխանցվի նշյալ գումարը, նա կարձակվի: Սարիթաղցիներին կալանքից ազատելու միջնորդություններն այսօր ներկայացրել էին պաշտպաններ Գրիշա Բալասանյանն ու Լիպարիտ Սիմոնյանը:
«Որպես միջնորդության հիմք՝ ներկայացրել էինք այն փաստը, որ այս գործով տուժող-ոստիկաններն արդեն դատարանում մեծամասամբ հարցաքննվել են. մեր պաշտպանյալները վկաների վրա ներգործելու ոչ մի լծակներ չունեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գրիշա Բալասանյանը:
Հավելենք, որ մեղադրող-դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդության դեմ չէր առարկել՝ բացառությամբ Անդրանիկ Քյոսեյանի դեպքի, քանի որ նա դեռ չմարված դատվածություն ունի: Նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշել է, որ նրա հանդեպ անհրաժեշտ է գրավ կիրառելու միջոցով կալանքից ազատման որոշում կայացնել, ինչպես եւ եղավ:
Սարիթացիները մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել, ձերբակալված է մեկ տասնյակ քաղաքացի: Երեկ էլ կալանքից ազատ է արձակվել Սարի թաղի բնակիչներից Սարգիս Գրիգորյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ