«Ազատումս պայմանավորում եմ ոչ միայն քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, այլև հանրության շրջանում գրանցված փոփոխությամբ: Մարդկանց գիտակցության մեջ այս ընթացքում շատ բան փոխվեց»,-լրագրողների հետ զրույցում այսօր կալանքից ազատվելուց հետո ասաց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը՝ նույն գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդին:
«Պայքարն ավարտված չէ. սպասենք՝ տղերքը բոլորը դուրս գան: Պետք է հայության հետ միասին նվիրվենք մեր երկիրը շենացնելու գործին»,-հավելեց նա:
Արամ Մանուկյանը հայտնեց, որ առաջնահերթ բուժման հարցերով է զբաղվելու(ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ): Նաեւ նշեց, որ մտադիր է ընդհատված ուսումը շարունակել Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանում:
Արամ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի կազմում ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, շենքեր-շինություններ զավթելու, պատանդառության, զենք-ռազմամթերք հափշտակելու եւ դիտավորությամբ գույք ոչնչացնելու համար: Խմբի անդամներից Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են նաեւ ոստիկանների սպանության համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ