Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա առաջին եռամսյակում ներդրումները կրկնապատկվել են

Հունիս 08,2018 18:01

«10 տարուց հետո մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 10 տարիները այն տարիներն էին, որ եղավ երկու համաշխարհային տնտեսական ճգնաժամ: Մենք անցյալ տարի ունեցել ենք բավականին մեղմ գնաճ, դուք գիտեք, որ բյուջեով նախատեսված էր 4-4.5 տոկոս գնաճ, մենք ունեցել ենք բավականին մեղմ գնաճ»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Իսկ հանձնաժողովի նիստում քննարկվեց 2017 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաեւ ներկայացվեց առաջին եռամսյակի հաշվետվությունը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսեց հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունից եւ ասաց. «Անվանական մեծության ՀՆԱ-ի աճը գնահատենք, ապա դա կազմել է 9.8 տոկոս, իսկ հարկային եկամուտների աճը 2016 թվականին համեմատած, եթե մենք հաշվի ենք առնում ԱԱՀ-ի վերադարձման գործոնը, ապա եղել է 110 մլրդ դրամ կամ 10.8 տոկս: Սա խոսում է նրա մասին, որ հարկ-ՀՆԱ հարաբերություն բարելավել է 0.4 տոկոսով»:

Ջանջուղազյանն ասաց, որ 2016-ին բյուջեի դեֆիցիտի այնպիսի մակարդակ էր, որ հասնում էր ՀՆԱ-ի 5.6 տոկոսին, պետք էր իրականացնել այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կբերեր ավելի ցածր դեֆիցիտի մակարդակի: Ու 2017-ի բյուջեով հաջողվել է կարգավորել դա:

Նախարարը նաեւ նշեց, որ բյուջեի կանխատեսումների հարցում դեռ անելիքներ կան, որովհետեւ, օրինակ, ծախսերի առումով դրանք չեն համապատասխանել, ավելի քիչ են եղել ծախսերը, քան նախատեսված է եղել:

Ինչ վերաբերում է այս տարվա առաջին եռամսյակի տվյալներին, մարտի 31-ի տվյալներով պարտքը կազմել է 6 մլրդ 887 մլրդ դոլար, որից կառավարության մասով՝ 6 մլրդ 276 մլն դոլար, կառուցվածքը նախորդ տարվա համեմատ շատ չի փոխվել:

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով իրական աճը կազմել է 9,6 տոկոս, անվանական՝ 14.3 տոկոս ՀՆԱ աճ: Հիմնականում աճին նպաստել է մանրածախ առեւտրի ոլորտը, 1,6 տոկոսը 9,6 տոկոս աճից հենց այս ոլորտն է ապահովել: Արդեն բացասական աճեր չունենք 2018-ին, անգամ գյուղատնտեսությունը 1,2 տոկոս աճ ունի: Սպառումն աճում է 6,2 տոկոսով, ներդրումները կրկնապատկվել են, սա Ամուլսարի ներդրումներն են հիմնականում: Զուտ արտահանման պատկերն է մի փոքր փոխվել, ներմուծվող ապրանքների ծավալն ավելի շատ է, արտահանման նվազումը 5,8 տոկոս է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930