«Այս պահին որեւէ խոչընդոտ չեմ տեսնում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ պատասխանելով հարցին՝ գրեթե բոլոր մարզերում արտոնյալ «հեղինակություններ» կան, նրանք արդյոք մարզպետի աշխատանքին խոչընդոտ չեն:
«Հնարավոր է աշխատելու ընթացքում ինչ-որ խոչընդոտներ հանդիպեն, բայց բոլորն էլ հաղթահարելի են»:
Այսօր կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետ նշանակվեց Գագիկ Միրիջանյանը, իսկ Սյունիքի մարզպետ՝ Կարեն Համբարձումյանը:
Գագիկ Միրիջանյանը նախկինում՝ 2015-ին զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը, ապա՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենի:
Aravot.am-ի հարցին՝ հաշվի առնելով բժշկական կրթությունն ու այդ համակարգում աշխատանքային փորձը՝ ինչո՞ւ մարզպետ, այլ ոչ, ասենք՝ առողջապահության փոխնախարար , Միրիջանյանը պատասխանեց.«Մարդը նույն գետը 2-րդ անգամ մտնելուց առաջ պետք է երկար մտածի»:
Մեր հարցին՝ ով է նրա թեկնածությունն առաջարկել, Միրիջանյանը պատասխանեց.«Ինձ առաջարկել է քաղաքական ուժը, ինչի համար շնորհակալ եմ»: Բայց դուք աշխատել եք ՀՀԿ-ի հետ, մեր այս դիտարկմանն էլ մարզպետն այսպես արձագանքեց.«Եթե դուք դա նկատի ունեք, ստացվում է՝ ես աշխատել եմ «Իլյիչից՝ Իլյի՞չ»:
Դիտարկմանը՝ դուք Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերոջ որդին եք, դրա՞ համար եք նշանակվել, Միրիջանյանը գովեստի խոսքեր ձոնեց Ծառուկյանին. «Գագիկ Ծառուկյանն այնքան մեծ արժեք ունի անկախ Հայաստանում, որ նաեւ պատիվ է, որ այդպես է գրվել, հաշվեք նաեւ այդպես»: Միրիջանյանը մարզպետ նշանակվեց «Ծառուկյան» դաշինքի պորտֆելով, նա նախկինում փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է ՀՅԴ-ի պորտֆելով, թեեւ այդ կուսակցության անդամ չի եղել:
Մանրամասն՝ տեսանյութում
Արմավիրի մարզում գեներալ Մանվել Գրիգորյանի «իշխանության» եւ կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարի մասին էլ Միրիջանյանն ասաց.«Թողեք մի քանի օր ծանոթանամ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ