«Մարտի 1-ի հարցով քննությունն անջատված մաս ունի: Ընթանում է քննություն: Ում կհարցաքննեն, ում՝ ոչ, դա այդ մարմնի գործունեության իրավասության մեջ է»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելու մասին հարցին լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե անհրաժեշտություն լինի, ինքը պատրաստ է հարցաքննության, այս առիթով Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Անձեռնմխելի անձեր չկան, բայց այդ հարցաքննությանը երբեք չպետք է տալ որոշակի ուղղվածություն՝ ինչ-որ հանգամանքներ և այլ»:
Հիշեցնենք՝ օրերս «Հայկական ժամանակը» լուր տարածեց, համաձայն որի՝ թերթի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով: Այս լուրին հաջորդեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը. «Ես այդպիսի տեղեկություն չունեմ»:
Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի՝ ազատ արձակելու պահանջին և այն մտահոգություններին, թե նա, ազատության մեջ գտնվելով, գնալու է Արցախ և այնտեղ իրականացնելու թավշյա հեղափոխություն, պարոն Իսագուլյանն ասաց. «Ես պայքարում եմ Սամվել Բաբայանի ազատության համար ձերբակալման օրվանից սկսած: Մենք շատ լավ ընկերներ ենք: Երբ Հայաստանում չէր՝ դրսում էր, մենք միմյանց հետ ամենօրյա կապ ունեինք, հիմա էլ: Ուրախ կլինեմ, որ հենց վաղն էլ Սամվել Բաբայանն ազատ արձակվի: Ժամանակին ՀՀ նախագահին դիմել եմ այդ խնդրանքով»:
Խոսելով Սամվել Բաբայանի՝ հեղափոխություն իրականացնելու մտադրությունների մասին խոսակցությունների մասին՝ պարոն Իսագուլյանը հավաստիացրեց՝ Սամվել Բաբայանը հեղափոխական մարդ չէ. «Արցախի համար նա ավելի պակաս չի մտածում, քան մեզնից յուրաքանչյուրը: Նման բան ասել, թե գնալու է հեղափոխություն իրականացնի, նա չէր կարող: Հրաշալի անձնավորություն է, մարդ, որը մեծագույն լումա ունի այս ամենում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ