Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրի մոտ ցույց եւ նստացույց է:
2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատները պահանջում են, որ դատարանը արտահերթ նիստ հրավիրի եւ անհապաղ ազատ արձակի բոլոր ամբաստանյալներին: Այլապես, սպառնում են դատավորին հրաժարական պարտադրել:
Դատարանի շենքի մոտ ոստիկանական ուժեր են կուտակվել, ավելացել է նաեւ ցուցարարների թիվը: Քիչ առաջ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ սկսվեց: Ցուցարարները պահանջում են, որպեսզի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կամ նրա գրասենյակի աշխատակիցները այցելեն իրենց:
Ցուցարարները փակել են Տիգրան Մեծ պողոտան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Երեկոյան հայտնի դարձավ, որ ցուցարարները դադարեցրել են բողոքի ցույցը: Նրանցից մի քանիսը հանդիպում են ունեցել Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ: