Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմոսթենեսից մինչեւ Գեղամա ռեստորանը

Հունիս 08,2018 16:12

Հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչած խոսքը՝ հատկապես եզրափակիչ ելույթը, հռետորական արվեստի բացառիկ նմուշ կարելի է համարել:

Ակամա զուգահեռներ անցկացրեցի հույն հռետոր Դեմոսթենեսի խոսքի հետ, որի, ցանկացած oratio-ն հսկայական նշանակություն ուներ Աթենքի ներքաղաքական կյանքում եւ քաղաքական գործընթացներում:

Ի դեպ, Դեմոսթենես անվան մեջ, ինչպես եւ մեր վարչապետի անվան՝ Նիկոլաոս (ժողովրդի հաղթ-անակ), առկա է ժողովուրդ արմատը: Փաշինյան աննախադեպ երեւույթը աննախադեպ է ոչ միայն մեր` հայերիս տեսանելի եւ ոչ՝ տեսանելի պատմության ծալքերի առումով, այլեւ մեր սահմաններից դուրս հասարակությունների համար: Դա են վկայում միջազգային բազմաթիվ լրատվամիջոցները:

Վարչապետի հռետորական պահոցից կառանձնացնեմ երկուսը՝ երազների ծրագիրը եւ կախարդական փայտիկը: Բացատրեմ, թե ինչու: Մենք հայերս շատ ենք խոսում, պարծենում, հպարտանում մեր մշակույթով: Եվ դրա իրավունքը թերեւս ունենք, սակայն՝ կենցաղը, ժամանցային վայրերը, ընդհանրապես մեր modus vivendi-ն եւս մշակույթ է եւ այստեղ մենք շատ հեռու ենք կատարյալ լինելուց:

Գրեթե 20 տարի մենք, Հրազդանի կիրճի հարեւանությամբ բնակվող դժբախտներս զրկված ենք մեր բնակարաններում երջանիկ ապրելու իրավունքից՝ կիրճի երկայնքով ձգվող ռեստորանների՝ (Փարվանա, Գեղամա, Հավանա….) այսպես կոչված երաժշտության եւ հրավառությունների (Սու ռմբակոծչի պայթյունները հիշեցնող) կակոֆոնիայից:

20 տարիների ընթացքում մեր բոլոր բողոքները մնացին ձայն բարբառոյ….: Հարցը մնաց ՀԱՅՈՑ ՀԱՐՑ՝ անլուծելի, անքննարկելի, անպատասխան: Հազարավոր դժբախտ քաղաքացիներս շարունակում էինք մեր մղձավանջի վերացած կյանքը:

Նոր վարչապետի օրոք եւս մի նյութ գրեցի՝ (Mediamax. 1.06), վստահ լինելով, որ այս անգամ մեր ձայնը լսելի կդառնա՝ ապարդյուն: Գեղաման եւ մյուսները շարունակում էին մնալ անպատիժ, թեեւ զանգահարում էի կառավարության, քաղաքապետարանի, ոստիկանության թեժ գծերը, խնդրում էի Գեղամայի (որի սեփականատերը, ըստ հավաստի լուրերի՝ նախկին ոստիկանապետն է) տնօրինությանը: Գեղամայից մշտապես պատասխանում էին, որ իրենք հյուրեր ունեն, որ մի բան կանեն եւ այլն եւ այլն:

Եվ ահա հունիսի 7-ին, մեր վարչապետի՝ քարը քարի վրա չթողնող, երազներին, մեծ ու փոքր եղջերավորներին, կախարդական փայտիկին անդրադարձող խոսքից հետո դարձյալ զանգահարեցի Գեղամայի տնօրինությանը: Այս անգամ մենեջեր-տիկնոջ հեռախոսը այլեւս իմ հուսահատ զանգերին չէր պատասխանում:

Դարձյալ զանգահարեցի Մալաթիա ոստիկանական բաժանմունք: Ոստիկաններից մեկն ասաց, որ միշտ էլ գնում ու զգուշացնում են Գեղամային, բայց նրանք նույնն են անում:

Այստեղ է, որ մեր վարչապետի ելույթից մեջբերումներ արեցի, ասելով, որ Վլադիմիր Գասպարյանի իշխանությունը պետական համակարգում ավարտվել է, իր ռեստորանի ահաբեկությունը եւս կվերջանա, որ այժմ մենք նոր ոստիկանապետ ունենք, որի հետ, ի դեպ, օրերս պիտի հանդիպեմ: Ոստիկանությունից խոստացան անմիջապես իջնել Գեղամա: Եվ, օ՜ հրաշք, մի քանի րոպեից լռություն հաստատվեց. ժամը 23.20 էր:

Առավոտյան դարձյալ զանգահարեցին Մալաթիայի ոստիկանությունից, շնորհակալություն հայտնեցի ոստիկաններին՝ վարչապետի կախարդական փայտիկը հիշեցնելով:

Հ.Գ. Դեմոսթենեսին հանգիստ թողնելով, ուզում եմ դիմել երկրիս ազգընտիր վարչապետին՝

Մեծարգո պարով վարչապետ,

Դուք, իսկապես ունեք կախարդական փայտիկ եւ իսկապես կարող եք դադարեցնել 20 տարի ձգվող բռիությունն ու ահաբեկությունը, որ ահ ու սարսափի մեջ է պահում Երեւանի բնակչության մի ստվար հատվածը, որի անունը՝ հայկական ժամանցային, փողոցային մշակույթ է: Այդ ահավոր կակոֆոնիան, որ հնչում է ամենուր, խլացնելով մեր բնակչությունը, փչացնելով մեր ժողովրդի ճաշակը: Պետք է արգելվեն օբյեկտների գործունեությունը, որոնք մղձավանջ են դարձնում երեւանցիների ամեն մի օրը, ի չիք դարձնելով երջանիկ ապրելու մեր երազները:

Ալվարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

«Առավոտ». Այսօր ոստիկանությունը կրկին հիշեցրել է. «Հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներից է լռությունը խախտելը, որը որպես զանցանք նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածով: Լռության խախտումներով խաթարվում է մեր քաղաքացիների հանգստի իրավունքը, և հասարակության անդորրը, մինչդեռ շրջապատում կան հիվանդներ տարեց անձինք և անչափահասներ կամ բժշկական հաստատություններ, որոնց բնականոն գործունեության համար գիշերային ժամերին լռությունը պահպանելը անհրաժեշտություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930