Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելորդ է խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն կվերադառնա իշխանության. Ալեքսանդր Իսկանդարյան

Հունիս 08,2018 15:42

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ մտածել, որ ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններն իրենց ազդեցությունը չեն թողնի Արցախում, սխալ կլիներ: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը մանրամասնեց. «Հայաստանում տեղի ունեցածը ոչ միայն Արցախի, այլև Վրաստանի վրա կարող է ազդեցություն թողնել: Ուստի կարելի էր ակնկալել, որ Հայաստանում տեղի ունեցածն Արցախում ազդեցություն կունենար»:

Ըստ քաղաքագետի՝ Արցախում հաստատված նոր մթնոլորտում տեղի ունեցած յուրաքանչյուր իրադարձություն կարող էր վերածվել քաղաքականի: Համեմատելով ՀՀ-ում և Արցախում գոյություն ունեցող իրավիճակը՝ պարոն Իսկանդարյանը նկատեց. «Արցախում քաղաքական իշխանության լեգիտիմության աստիճանն ավելի բարձր է, քան Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ: Արցախում ևս կան խնդիրներ, երբ տասից ավելի տարիներ է տևում տվյալ անձի իշխանությունը»:

Ըստ քաղաքագետի՝ Արցախի իշխանությունները բավականին գրագետ արձագանքեցին տեղի ունեցող իրադարձություններին. գնացին զիջումների, եղան պաշտոնանկություններ. «Մի կողմից դա ցույց է տալիս, որ հանգստություն, կայունություն պահպանելու համար պետք է գնալ ինչ-ինչ զիջումների, քանի որ պատերազմական վիճակ է: Մյուս կողմից էլ վկայում է այն մասին, որ, օրինակ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը նաև կապված էր այն բանի հետ, որ հենց նա է համարվում 2020-ի նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուներից մեկը: Երկու տարում կարելի է մաքրվել իշխանությունից՝ հաշվի առնելով, որ 11 տարի եղել է իշխանության: Հասարակությունը հոգնում է»:

Ալեքսանդր Իսկանդարյանը հայտնեց, որ իրեն՝ Արցախից տրված տեղեկությունների համաձայն՝ այս պահին իրավիճակը հանդարտ է, բայց, միևնույն ժամանակ, նա դեռ ամբողջովին չբացառեց հնարավորությունը սուր քաղաքական զարգացումների:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու մասին հայտարարություններին, պարոն Իսկանդարյանն ասաց. «Ես չեմ պատկերացնում Արցախի՝ բանակցային գործընթացում ներգրավումը: Առաջիկայում հեռանկար չկա, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի, չկա նաև հեռանկար, որ բանակցությունները կլինեն այնպիսին, որոնք միտված կլինեն հակամարտությունը լուծելուն: Սա հռետորաբանություն է, որն իշխանություններն են առաջ քաշում: Սա ևս վերաբերում է ներքին քաղաքականությանը, ոչ թե արտաքին: Չկա հեռանկար նաև, որ Արցախը կլինի բանակցային գործընթացի կողմ: Ադրբեջանը չունի նաև պարտավորվածություն դրան համաձայնելու»:

Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին՝ պարոն Իսկանդարյանը համաձայնեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետաձգումը ձեռնտու է ՀՀԿ-ին. «ՀՀԿ-ն այս փուլում փորձելու է չխանգարել կառավարությանը՝ հույս ունենալով, որ ինչքան ընտրությունները հետաձգվեն, այնքան իրենք շահեկան վիճակում են հայտնվելու: Այդ ռազմավարությունը բավականին ռացիոնալ է»:

Ըստ պարոն Իսկանդարյանի՝ կան երեք խումբ հանրապետականներ. «Առաջին խումբը գործարարներն են՝ օլիգարխիան: Նրանք դուրս կգան ՀՀԿ-ից, քանի որ մտել էին ոչ թե ՀՀԿ, այլ իշխող կուսակցություն: Նրանք դեռ ոչ մի բլոկի, այդ թվում ԵԼՔ-ին, չեն միանա, ոչ էլ Ծառուկյանին, դա վտանգավոր է: Բայց ճիշտ ձևով կքվեարկեն: Երկրորդ խումբը չինովնիկներն են՝ փոխնախարարներ, վարչության պետեր. նրանք ևս դուրս կգան ՀՀԿ-ից, քանի որ նոր ապարատում տեղ կգտնեն: Կառավարությանն էլ մասնագետներ են պետք: Երրորդ խումբը հենց քաղաքական գործիչներ են՝ պատգամավորներ, նախկինում բարձր պաշտոններ զբաղեցնողներ: Եվ հենց նրանց էլ պետք է պահել կուսակցությունը և այն հասցնել մինչև ընտրություններ»:

Հարցին՝ ՀՀԿ-ն շանս ունի՞ ընտրություններից հետո արդյունքներ գրանցելու, պարոն Իսկանդարյանը պատասխանեց. «Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության՝ մայիսին գրանցած տվյալների համաձայն՝ ՀՀԿ-ն ուներ 3.8 տոկոս: Բայց դրանից հետո ՀՀԿ-ն էլի իշխանության հատված կորցրեց, կորցրեց սրություն: Բայց մինչ ընտրություններ ժամանակ է անցնելու, իհարկե, Փաշինյանի վարկանիշն ընկնելու է: Բայց որ ՀՀԿ-ն կվերադառնա իշխանության, դրա մասին ավելորդ է խոսելը»:

Պարոն Իսկանդարյանը չի բացառում, որ ՀՀԿ-ն արժանանա ՀՀՇ-ի ճակատագրին, թեև ՀՀՇ-ի իշխանության պատմությունն ավելի կարճ էր, շատ ավելի քիչ ֆինանսական ռեսուրսներ ուներ, քան ՀՀԿ-ն:

Իսկ որ ՀՀ քաղաքական դաշտում նոր քաղաքական ուժեր կհայտնվեն, քաղաքագետը վստահ է. «Բոլոր նիշաները բաց են, դրա համար կստեղծվեն նոր ուժեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930