Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազար Միրզոյանը՝ Նկարիչների միության նախագահի մասին. «Տեսքից սկսած` չեմ հավանում»

Հունիս 08,2018 15:39

Հայաստանի նկարիչների միության անդամները ընդվզել են նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի դեմ, որն այս օրերին Կիեւում է իր ցուցահանդեսի բացման առիթով:

Միության անդամ Խաչիկ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մեր նպատակը մեկն է` նկարիչների միությունը վերադարձնել նկարիչներին: Պահպանենք այն միտումը, որ հայ նկարչությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել»:

Հարցրինք, թե ինչպե՞ս են պատրաստվում միությունը վերադարձնել նկարիչներին: «Նախագահին փոխելու միջոցով, որովհետեւ նախագահն արդեն 20 տարի է՝ նստած է, բացի իր ընկերության եւ իր նկարներից, ոչ մի տեղ ոչ մեկին չի ցուցադրում, թեեւ այդքան միջազգային ցուցահանդեսներ են լինում»,-ասաց մեր զրուցակիցը: «Եթե նախագահը հրաժարվի, մենք կընտրենք ուղղորդող գեղխորհուրդ, որը նախագահ չի ունենա, կարող է լինել ասենք՝ կոմերցիոն տնօրեն, որը կզբաղվի ադմինիստրատիվ եւ կենցաղային հարցերով, կարող է նույնիսկ նկարիչ էլ չլինի»,-ասաց Հարությունյանը:

Մանրամասները`  տեսանյութում:

Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ Ղազար Միրզոյանը, որ տարիներ առաջ հեռացվել է նկարիչների միությունից, ողջամիտ է համարում արտահերթ համագումարը: «Կարեւորը նկարիչների միության նոր կանոնադրության ստեղծելն, է վերջին տասը տարվա մեջ անընդհատ կանոնադրություն են փոխել, ոչ մեկը տեղյակ չէ, եթե խնդրում ես կանոնադրությունը, մի հատ ճմռթած թղթի կտոր են ցույց տալիս ու տանում:

Կանոնադրությունը պետք է հասու լինի ամեն մի նկարչի»,-նշեց պարոն Միրզոյանը: Նա գտնում է, միությունում ներկայիս կառավարման մոդելը չի բխում նկարիչների շահերից:

Նա շեշտում է, որ միության տարածքները վարձակալական հիմունքներով տրված են տարբեր կազմակերպությունների եւ ոչ մի հաշվետվություն չի ներկայացվում: «Նկարիչների 80 տոկոսը բողոքում է, բայց շատերը վախենում են խոսել, որովհետեւ վախենում են, թե կհեռացվեն միությունից»,-նշեց Ղազար Միրզոյանը:

Լրագրողի հարցին` հատկապես ի՞նչը չի գոհացնում միության նախագահի պարագայում, Ղազար Միրզոյանը պատասխանեց. «Տեսքից սկսած` չեմ հավանում, բոյն էլ հետը»:

Նկարիչ Հաղթանակ Շահումյանն ասաց, որ արդեն 20 տարի է՝ միությունում ծանր վիճակ է, նրա խոսքերով, միությունն անկում է ապրում, դերակատարությունը նվազել է կերպարվեստի զարգացման առումով, ընկել է ցուցահանդեսային որակը: «Մենք բոլոր ստեղծագործական միություններից ամենահզորն էինք, սակայն այժմ միությունը կորցրել է ամբողջ ունեցվածքը: Ինչ վաճառվել է, չգիտենք, թե ուր է գնացել այդ գումարը»,-ասաց նա:

Քանի որ Կարեն Աղամյանը բացակայում էր երկրից, փորձեցինք մեկնաբանություն խնդրել Նկարիչների միության նախագահի տեղակալ Կարապետ Փաշյանից:

Նա ասաց, որ միությունը ոչ մի տարածք էլ չի վաճառել, կարող է լրագրողներին ցույց տալ սեփականության վկայականը: «Շատ բան են ասում իրենք… Վարձակալությամբ, այո, տարածքներ ունենք տված, բա էս մարդիկ ո՞նց են աշխատավարձ ստանալու»,-ասաց միության նախագահի տեղակալը: Ինչ վերաբերում է նկարիչների դժգոհությանը, Կարապետ Փաշյանն ասում է. «Պատճառը հավակնություններն են, ուզում են նախագահ դառնան, ղեկավարեն, արտասահմանից փողեր բերեն»:

Նկարիչների ցուցահանդեսներին էլ անդրադարձ եղավ: «Թող լավ նկարեն, ընդունենք»,-ասաց Փաշյանը: Նաեւ հավելեց, որ տարեկան ամենաքիչը 2 երիտասարդական ցուցահանդես է կայանում, մի բան, որ խորհրդային տարիներին չկար:

 Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Պատրաստ ենք ներկայացնել նաեւ Կարեն Աղամյանի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930