Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսանքի գինը նվազելու է ՀԷՑ-ի խնդրանքով. տարեկան 2 միլիարդ դրամ շահույթից կզրկվի ՀԷՑ-ը

Հունիս 08,2018 15:33

Այսօր կառավարությունում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագինն անապահով 110-120 հազար ընտանիքների համար 10 դրամով կնվազի:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանն ասաց, որ սակագինն իջնելու է եւ ցերեկային եւ գիշերային սակագների դեպքում, այսինքն՝ նշված խմբի ընտանիքները հոսանքի 1կվ/ժամի համար ցերեկը վճարում են 40 դրամ, իսկ գիշերը՝ 30 դրամ եւ սակագները համապատասխանաբար 10 դրամով կնվազեն: Ըստ նախարարի, հնարավոր է որոշումը ուժի մեջ մտնի հենց հուլիսի 1-ից: Սակագները 10 դրամով նվազեն:

Նախարարը վստահեցրեց՝ ՀԷՑ-ի հետ բանակցությունների արդյունքում ՀԷՑ-ը պարտավորվել է իր շահույթի հաշվին նվազեցնել սակագինը. «Խոսքը մեկ տարում 2 միլիարդ դրամի մասին է»:

Քննարկումների ժամանակ հաշվի են առնվել ռիսկերը, արդյոք հնարավոր է բոլոր սպառողների համար սակագինը վերանայել: Նախարարն ասաց, որ այս տարի աննախադեպ է, ՀԱԷԿ-ը, որն ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրողն է, հունիսի 1-ից դադարեցրել է աշխատանքը. «Մեծամորի ատոմակայանի գործարկման մեկ օրվա ուշացումը մեր վրա նստում է 220 միլիոն, այսինքն, եթե մեկ օր ուշացվի գործարկումը, 220 միլիոն դրամի վնաս կկրենք: Սակագնի վերանայման հետ կապված էներգահամակարգի հնարավորությունները կներկայացնենք տարվա վերջ»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ճնշում է եղել ՀԷՑ-ի վրա, սակագնի նվազեցումը պոպուլիստական քայլ չէ՞, ինչո՞ւ պետք է մասնավոր ընկերությունն իր շահույթի հաշվին սակագինն իջեցնի, եթե լուրջ ռիսկեր կան ոլորտում եւ նախկինում չէր նվազեցնում, նախարարը պատասխանեց. «Եթե ես ասում եմ՝ համատեղ քննարկում է եղել, մեկ շաբաթ վերլուծում էինք, ունեինք համապատասխան հնարավորություն: Այդ գործընթացն առաջարկվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի իրենց կողմից կատարվեր, սակայն ՀԷՑ-ի խնդրանքով իրենք իրենց միջոցներով արեցին: Որովհետեւ ՀԷՑ-ում կա երկարաժամկետ ներդրումների ծրագիր, վարկունակության խնդիր, ռեյտինգի խնդիր ունեն, միջազգային կառույցների առջեւ լուրջ պարտավորվածություններ ունեն. Իրենց խնդրանքով իրենց շահույթի հաշվին առաջարկեցին անել: Մենք ընդամենն ընդառաջել ենք: Մեր կողմից որեւէ ազդեցություն չկա եւ չէր էլ կարող լինել»:

Արդյոք հնարավոր է գազի սակագինն էլ վերանայվի, այս հարցին ի պատասխան նախարարն ասաց.«Հնարավոր է, թե՝ ոչ, այս պահին թույլ տվեք չարտահայտվեմ: Ռուսաստանի հետ գազի գնի համար բանակցություններ կսկսվեն մոտավորապես նոյեմբեր ամսին»։ Հնարավո՞ր է Հայաստանը Իրանից գազ գնի, այս հարցին ի պատասխան էլ՝ նախարարն ասաց.«Ամեն ինչ հնարավոր է, մենք շահագրգռված ենք էժան գազ գնելու հարցում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930