Որպես Հայաստանում «ԵՄ-ի Կայուն Էներգետիկայի շաբաթ – 2018»-ի մաս՝ հունիսի 8-ին կայացած միջոցառման ընթացքում ներկայացվեց Երևանի Էներգաարդյունավետության ծրագիրը:
Միջոցառումը կազմակերպել էր Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության (E5P) հիմնադրամի հիմնական ներդրողը համարվող Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ:
Միջոցառումը կայացավ Հայաստանի մայրաքաղաք Երևանի մանկապարտեզներից մեկում, որը տվյալ ծրագրի շրջանակում վերանորոգման շնորհիվ ավելի էներգաարդյունավետ կդառնա: Ծրագրով նախատեսված է, որ Հայաստանում կվերանորոգվի ավելի քան 140 մանկապարտեզ: Դրանցում կիրականացվի էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ համալիր վերանորոգում: Զուգահեռաբար, երիտասարդների համար նախատեսված է ինտերակտիվ ուսուցում՝ առօրյա կյանքում էներգիան խնայելու ուղիների վերաբերյալ:
Միջոցառումը նաև կզուգակցվի E5P-ի 5 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման հետ՝ ի աջակցություն Երևանի քաղաքապետարանի՝ առաջատար էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ ջանքերին:
ԵՄ Կայուն էներգետիկայի շաբաթն (EUSEW) այս տարի կայացավ հունիսի 4-ից 8-ը՝ «Առաջնորդիր մաքուր էներգիայի անցումը» թեմայով: EUSEW-ն համախմբում է պետական մարմիններին, մասնավոր ընկերություններին, ՀԿ-ներին և սպառողներին` էներգիայի խնայողության և մաքուր, անվտանգ ու արդյունավետ էներգիայի համար վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ նախաձեռնություններին նպաստելու նպատակով: Բրյուսելում տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումներից բացի, մի շարք Էներգետիկ օրեր են կազմակերպվել ամբողջ Եվրոպայում, այդ թվում` Արևելյան գործընկեր երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում` քաղաքացիներին և գործարարներին հնարավորություն ընձեռելով բացահայտելու կայուն էներգիայի ոլորտում վերջին զարգացումները:
EU NEIGHBOURS east