Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Գրիգորյան. Արա Աբրահամյանը ոչ թե համախմբել, այլ տրոհել է ռուսահայհամայնքը

Հունիս 08,2018 14:53

Ռուսաստանի հայերի համախմբմամբ այսուհետ կզբաղվի ևս մեկ հասարակական կազմակերպություն՝ Ռուսաստանի Հայերի Միավորումը (Объединение армян России), որի շնորհանդեսը տեղի ունեցավ Մոսկվայի Գրանդ Մարիոթ հյուրանոցի հանդիպումների սրահում:

Ռուսաստանի Հայերի Միավորումը ոչ մի կապ չունի Արա Աբրահամյանի ղեկավարած Ռուսաստանի Հայերի Միության (Союз армян России) հետ, չի պատրաստվում ոչ համագործակցել և ոչ էլ մրցակցել նրա հետ:

Ռուսաստանում գոյություն ունեցող մոտ 2400 հայկական հասարակական և հայրենակցական միություններից, դեռևս միայն երեքն էին ներկա շնորհանդեսի հարթակում՝ «Ազգերի մշակույթի Մոսկվայի հայկական թանգարանը», «Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիան» և «Հայաստանի բժիշկներ և կամավորներ» բարեգործական կազմակերպությունը: Հիշյալ կազմակերպությունների ղեկավարները հայտարարեցին, որ իրենք չեն զբաղվելու քաղաքականությամբ և լոբբիզմով, որը հակաօրինական գործունեություն է համարվում, փոխարենը իրենք պաշտպանելու են ռուսահայերի իրավունքները, նպաստելու են հայրենակիցների արժանապատիվ ու դրական կերպարի ձևավորմանը, ռուս հասարակության մեջ ինտեգրմանը, ուշադրության կենտրոնում են պահելու հայոց լեզվի խնդիրը Ռուսաստանում, ջանք են գործադրելու ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը և իրենց ներդրումն են ունենալու ռուսական պետականության ամրապնդման գործում:

«Ազգերի մշակույթի Մոսկվայի հայկական թանգարան»-ի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանն էլ, իր ելույթն ավելի թավշյա, բայց և հեղափոխական դարձնելու նպատակով կարդաց Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» բանաստեղծություն-երգից ռուսերեն թարգմանված մի քառատող և կոչ արեց լինել ավելի դուխով ու վճռական՝ նախանշված նպատակներին հասնելու համար:

Նա փաստեց, որ Արա Աբրահամյանի ղեկավարած հայտնի կազմակերպությունը երկար ու ձիգ տարիներ ոչ թե միավորել է Ռուսաստանի հայերին, այլ հակառակը, տրոհել է նրանց համախմբման ոգին՝ ծառայելով միայն մեկ անձի շահերին, այդ իսկ պատճառով հիմնադրված նոր սերնդի կազմակերպությունը չի ունենալու միահեծան ղեկավար, լինելու է բացարձակ անկախ, թափանցիկ ու դեմոկրատ: Նրա այս ելույթը որոշ վրդովմունք առաջացրեց ներկաներից մեկի մոտ և, երբ վերջինս փորձեց հանդես գալ, որպես ՍԱՌ-ի շահերի ու հեղինակության պաշտպան, կազմակերպության հիմնադիր կազմի երիտասարդ ներկայացուցիչները շտապեցին փաստել, որ իրենք ոչ մեկի, այդ թվում նաև ՍԱՌ-ի հետ մրցակցելու տրամադրություն չունեն և չեն պատրաստվում հեղափոխություն իրականացնել ռուսահայության շրջաններում: Իրենք ունեն սեփական գաղափարներն ու սկզբունքները և հետևողականորեն իրականացնելու են դրանք:

Նոր կազմակերպությունը դեռ չունի գրանցում, հասցե, կայք և անդամներ, սակայն ունի համախոհներ, գաղափարներ և թղթին հանձնված մի շարք բազմապրոֆիլ նախագծեր: Կազմակերպության կոլեգիալ ղեկավար կազմը, կանոնադրությունը և ֆինանսական հենքը, նույնպես, դեռ հստակեցված չեն, սակայն, հիմնադիրները, համոզված են, որ ռուսահայության մեծ պոտենցիալն ու բարի կամքը ժամանակի ընթացքում անպատճառ կծառայեն հայերի համախմբմանն ուղղված իրենց բարի նպատակին:

Նորաստեղծ հասարակական կազմակերպության նախագծերը թղթից դեպի իրականություն տեղափոխվելու պարագայում վերահսկվելու են վերլուծական կենտրոնի, հոգաբարձուների խորհրդի, աուդիտորական հանձնաժողովի և ռեգիոնալ ներկայացուցչությունների կողմից: Վերջիններս, ի դեպ, չեն սպասելու կենտրոնից հրահանգների, այլ ինքնակազմավորվելու ու ակտիվանալու են տարերայնորեն և իրենք են համագործակցության ազդակ հղելու կենտրոնին:

Կազմակերպության համագումարներին, որտեղ էլ հիմնականում իրականացվելու է կազմակերպության կառավարման գործառույթը, հրավիրվելու և որոշիչ ձայնի իրավունք են ստանալու միայն այն անդամները, ովքեր որոշակի կարիերային սանդղակ կհաղթահարեն և գործով կապացուցեն, որ արժանի են համագումարներին հրավիրվելու և մասնակից դառնալու: Չնայած ներկաներից մեկի այն մտահոգությանը, որ համագումար և կանոնադրություն հասկացություններից սովետական հոտ է գալիս, հիմնադիրները վստահեցրեցին, որ հակառակը, իրենք բոլորովին նոր սերնդի ներկայացուցիչներ են, իրենց մոտեցումներն ամբողջովին նոր են և նորարար, այդ իսկ պատճառով գուցե ոչ այնքան ընկալելի:

Նոր սերնդի ներկայացուցիչներին չի վհատեցնում այն, որ նորաստեղծ կազմակերպությունը դեռևս չունի ոչ մի հոգաբարձու և ֆինանսական հենք (եթե կազմակերպությունը բացարձակապես չունի ֆինանսական հենք, ինչպես էր կազմակերպվել թեկուզ և շնորհանդեսը՝ Մոսկվայի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում, այդպես էլ պարզ չդարձավ), քանզի աշխարհում ամեն ինչ չէ, որ լուծվում է գումարի օգնությամբ: Գաղափարներն ու մարդկային հարաբերությունները ամենամեծ կապիտալն են, վստահ են Ռուսաստանի Հայերի Միավորում հասարակական կազմակերպության հիմնադիրները:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930