Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արձանագրությունների վավերացումը կարող էր դրական ազդել նաև Հայաստան –Ադրբեջան հակամարտության լուծման վրա. Ունալ Չևիքօզ

Հունիս 08,2018 14:43

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP – ԺՀԿ) կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներից է Ունալ Չևիքօզը։ Վերջինս երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թուրքիայի արտգործնախարարությունում, ինչպես նաև ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Չևիքօզը նշել է, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականությամբ բավական բացասական վարկ է ձեռք բերել, ինչն ինքը կցանկանար փոխել պատգամավոր դառնալու դեպքում։ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լուրջ բացասական ազդեցություն է ունեցել միջազգային ասպարեզում նրա հեղինակության վրա, իսկ հարևանների, դաշնակիցների և միջազգային հանրության հետ հարաբերությունները լրջորեն խաթարվել են։ Կարծում եմ, որ առնվազն այս ասպարեզում կարող եմ նպաստել որոշ իրավիճակների փոփոխությանը, այդ պատճառով էլ այս ճանապարհն ընտրեցի», -ասել է Չևիքօզը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և մասնավորապես երկկողմ հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրությունների չեղարկման հարցին՝ պատգամավորի թեկնածուն ընդգծել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կարող էր և պետք է վավերացներ դրանք։ Չևիքօզը շեշտել է, որ այդ արձանագրությունները հատկապես կարևոր էին նրանով, որ 1921թ․ Կարսի պայմանագրից հետո առաջին անգամ Հայաստանը և Թուրքիան համատեղ մեկ փաստաթուղթ էին ստորագրել։

«Այդքան ջանքերի արդյունքում արձանագրությունները հաջողությամբ ստորագրելուց հետո երկու կողմն էլ, ցավոք, բաց թողեց դրանք կյանքի կոչելու հնարավորությունը։ Կարծում եմ, որ եթե գործընթացը շարունակվեր, այսօր Կովկասում բոլորովին այլ իրավիճակ կտիրեր։ Դա միայն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը չի վերաբերում, արձանագրությունների վավերացումը կարող էր դրական ազդել նաև Հայաստան –Ադրբեջան հակամարտության լուծման վրա»։

Չևիքօզը անդրադարձել է նաև Հայաստանում իշխանափոխության գործընթացին և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններին։ Դիվանագետը կարևորել է Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծման վերաբերյալ ուղերձները։

«Ուզում եմ հատկապես շեշտել․ Փաշինյանի դիրքորոշումը չափազանց դրական է և շատ կարևոր։ Վարչապետ դառնալուց հետո նրա արած այս երկու հայտարարությունները շատ կարևոր ուղերձներ են՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային։ Եվ երկու երկրներն էլ պետք է ըստ արժանվույն գնահատեն դա», – նշել է Չևիքօզը։

Թուրք դիվանագետը անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հավանականությանը։ Նրա կարծիքով՝ փակ սահմանի խնդիրը տարածաշրջանային հիմնախնդիրներից միայն մեկն է։ Պատկերավոր ասած․ «Եթե տարածաշրջանի բոլոր հիմնահարցերը դիտարկենք որպես անտառ, ապա հայ –թուրքական սահմանի հարցը այդ անտառի միայն մեկ ծառն է։ Ուստի անտառը գեղեցկացնելու համար միայն այդ մեկ ծառի վրա կենտրոնանալը բավարար չէ», – կարծում է Չևիքօզը։

«Այս ամենը պետք է դիտել մեկ ամբողջության մեջ։ Իրականում հարցը չպետք է դիտարկվի սոսկ Հայաստան –Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ Ինչ տեսակետից էլ որ հարցին նայենք՝ այստեղ առնվազն երեք դերակատար կա՝ Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, ավելին՝ որոշ իմաստով իհարկե նաև՝ Ռուսաստան և Իրան»,- ասել է թուրք դիվանագետը։

Աղբյուր`    Agos/ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930