Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Բակո Սահակյանի փոխարեն ես լինեի, միջադեպը կավարտվեր հինգ վայրկյան հետո». Գառնիկ Իսագուլյան

Հունիս 08,2018 13:39

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի վստահեցմամբ՝ Արցախում գործընթացները բնական հունի մեջ են և որևէ անհանգստության տեղիք ու պատճառ չեն տալիս: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Իսագուլյանը հավաստիացրեց՝ այն ամենն, ինչ տեղի ունեցավ Արցախում, որևէ օրգանական կապ չուներ ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացների և փոփոխությունների հետ, չնայած ոմանք փորձեցին տեղի ունեցող ինչ-որ իրավիճակ, գործողություն օգտագործել ցույց տալու համար, որ Արցախում էլ նույն վիճակն է, ինչ ՀՀ-ում է և իրականացնելու են գործողություններ, որոնք հանգեցնելու են մաքուր ձեռքերի, թավշյա հեղափոխություն: Ըստ պարոն Իսագուլյանի՝ ցույցեր իրականացնողները դրա պատճառը չունեն. «Արցախում իրադրությունը նախապատերազմական է, բնական է, որ դժգոհություններ կան, հավատացեք, աշխարհում չկա նախադեպ, որ չճանաչված երկիրը կարողանում է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք լուծում է Արցախը»:

Անդրադառնալով ԱԱԾ աշխատակիցների՝ քաղաքացիներին ծեծի ենթարկելու միջադեպին՝ Գառնիկ Իսագուլյանը հայտնեց, որ նրանք, ում պատճառով հասարակությունն ըմբոստացել է, կստանան իրենց արժանի պատիժը. «Սակայն վերջին իրադարձությունները, մասնավորապես հրաժարականները, ամենևին էլ կապ չունեին այդ միջադեպի հետ: Արցախում մեծ վարկանիշ ու հարգանք ունեն Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ուժային կառույցների ղեկավարները: Այդ առումով որևէ խնդիր գոյություն չունի: Երկար ժամանակ Արցախում քննարկվում էին որոշակի խնդիրներ կապված կադրային փոփոխությունների հետ` 2020-ին սպասվելիք նոր ընտրությունների հետ, այն կոմբինացիաները, որոնց միջոցով հնարավոր է ամեն ինչ նախապատրաստել: Արցախում սերնդափոխության նախապատրաստումը բավականին լուրջ է տարվում, և այս դեպքը որպես առիթ օգտագործվել է գնալու նման փոփոխությունների»:

Գառնիկ Իսագուլյանը տեղեկացրեց, որ երկու օր առաջ ինքը, Բակո Սահակյանը, ուժային կառույցների ղեկավարները, գործարարներ նստած էին հենց Արցախի հրապարակի հարևանությամբ և գործնական զրուցում էին տարբեր թեմաների մասին, թե ինչպես նախկին պետնախարարը և մյուսները նոր նշաանակված անձանց կարող են աջակցել: Եվ դա արվել է քաղաքացիների աչքի առաջ:

Անդրադառնալով Հայկ Խանումյանի հայտարարությանը, թե Բակո Սահակյանի հրաժարականն են պահանջելու, պարոն Իսագուլյանը հայտարարեց. «Ինձ ասացին, որ մի հաղորդման ժամանակ Հայկ Խանումյանը հայտարարել է, թե Բակո Սահակյանի հրաժարականն են պահանջում: Ընկերներ, հանգստացեք: Ամեն ինչ նորմալ է և լավ կլինի: Խնդրում եմ՝ որևէ բան չլինի: Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը զրուցել են միմյանց հետ: Հստակ ասվել է կատարվածի պատճառը. այն բոլորի համար ընդունելի ու հասկանալի է, առավել ևս Արցախի Հանրապետությունում: Սա քայլ է, որի նպատակն է շատ ավելի նպաստավոր ձևով գնալ 2020 թվական»:

Հիշեցմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գնդակը Արցախի Հանրապետության իշխանությունների դաշտում է, որին հաջորդեցին հրաժարականները, պարոն Իսագուլյանն արձագանքեց. «Ինձ համար բացարձակ էական չէ, որ պաշտոնյան ինչ է ասում: Նորից եմ կրկնում՝ ՀՀ-ում կատարվածը ոչ մի օրգանական կապ չունի Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այնտեղ մի քանի տասնյակ էլ չկան, եթե ՀՀ-ում հարյուր հազարավորներ էին հավաքվել: Արցախում քանի որ արտակարգ դրության նման դրություն կա, իշխանությունները կարող էին գնալ ցանկացած գործողության ճանապարհ փակելու պարագայում: Չեն արել: Եթե Բակո Սահակյանի փոխարեն ես լինեի, միջադեպը կավարտվեր հինգ վայրկյան հետո: Փառք Աստծո, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միջամտություն չէր: Օրինակ՝ ոչ մեկը Արայիկ Հարությունյանի հրաժարական չէր պահանջում, բայց նա տվեց հրաժարական, հավատացեք, միջադեպը ոչ մի կապ չուներ»:

Գառնիկ Իսագուլյանն ասաց, թե հարյուր տոկոսով աջակցում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցի հետ կապված տեսակետին. «Նիկոլ Փաշինյանը քայլ-քայլ ցույց է տալիս, որ Արցախի Հանրապետությունն առանձին պետություն է, և ինքը որպես ՀՀ վարչապետ չի կարող Արցախի փոխարեն որոշում կայացնել: ՀՀ-ն Արցախի կողքին է և ոչ թե Արցախի փոխարեն սկզբունքը Նիկոլ Փաշինյանն ի ցույց է դնում իր գործողություններով: Սա վնաս հաստատ չի տա»:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր որդին ծառայելու է Արցախում, սա ավելի կարևոր հանգամանք է Գառնիկ Իսագուլյանի համար, քան այն, թե ինչ կգրեն կառավարության ծրագրում. «Ասում են՝ թվեր չկան. թող թվերը կյանքում լինեն, թող տեսնենք այս ամենը: Նիկոլ Փաշինյանն ասել է՝ կոռուպցիան զրո է: Ինձ համար շատ ավելի առաջնային են այս հայտարարությունները: Դավիթ Տոնոյանն էլ հայտարարեց, որ իր որդին Արցախում է ծառայելու: Վերջ, սա արդեն պատասխանատվություն է բոլոր մակարդակների համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930