Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Հովհաննիսյանն ահազանգում է բանակում ինքնասպանության մասին՝ Դավիթ Տոնոյանը չի արձագանքում

Հունիս 08,2018 13:27

Այսօր իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը բանակի խնդիրների քննարկմանն ասաց, որ միայն այս տարվա մայիսին բանակում ինքնասպանությունների 5 դեպք է գրանցվել, մինչդեռ երկրում հեղափոխություն է եղել, մթնոլորտ է փոխվել, թվում էր, թե դեպքերի թիվը պետք է նվազեր: Նա կասկած հայտնեց՝ «Հարց է, թե արդյոք դրանք ինքնասպանություննե՞ր են ի վերջո, թե՞ ոչ, որովհետեւ շատ դեպքերով, երբ «Բանակն իրականում»-ը տարբեր տարիներին հրապարակել է, խորը կասկածամտություն եւ անգամ համոզմունք կա, որ դրանք սպանություններ են, որոնք որակվում են ինքնասպանություն»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով, 2018-ի հունվար- հունիս ամիսների ընթացքում ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերում մահացել է 20 զինծառայող, որոնցից 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ առողջական խնդիրների, 2-ը՝ սպանության, 5-ը՝ դժբախտ պատահարի պատճառով: Այսինքն, այս տարի 6 ինքնասպանություն եղել, որից 5-ը՝ մայիս ամսին:

Լրագրողների հետ զրույցում Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ մայիսին 6 դեպք է եղել զինված ուժերում, որից մեկը՝ ավտովթար. «Հիմնականում խաղաղ պայմաններում սպանության կամ ինքնասպանության դեպքերը բարձրաձայնվել են քաղհասարակության կողմից եւ միշտ պահանջվել է այդ գործերի թափանցիկ քննություն եւ դրա կանխարգելման հանդեպ միջոցառումներ: Քանի որ նոր կառավարություն ու նոր իրավիճակ ունենք Հայաստանում, քաղհասարակությունը ե՛ւ սպասում է, ե՛ւ պահանջատեր է, որպեսզի նախարարի մակարդակով լինի ուղերձ, որ զինված ուժերում տեղի է ունենում մթնոլորտային փոփոխություն: Այդ փոփոխությունն անհրաժեշտ է, որովհետեւ հասարակության շրջանում կա անվստահություն բանակի նկատմամբ, այնտեղ տիրող բարքերի նկատմամբ: Ցանկացած գործ՝ սպանության կամ ինքնասպանության մասով հարուցվում է, հանրության մոտ կասկածներ են հարուցվում, որ գործերը չեն քննվում ինչպես հարկն է եւ չեն բացահայտվում մինչեւ վերջ: Հիմա այս դեպքում դինամիկան աճել է, մայիս ամսին ամենաբարձր մահացության ցուցանիշերից մեկն ենք գրանցել՝ այս տարվա կտրվածքով, 5-ը ինքնասպանություն է որակվել եւ դա թույլ է տալիս մտածելու, որ բանակում ոչինչ չի փոխվել, այդ ուղերձը չի հնչել ամենաբարձր պաշտոնյայի կողմից: ՊՆ նախարարի մակարդակով ամեն զինծառայողի կյանքի իրավունքի պաշտպանությունը պիտի լինի, որովհետեւ դա է այն գրավականը, որը պետք է փոխի մթնոլորտը բանակի շուրջ ու բանակի ներսում: Այլ կերպ, եթե ասեն՝ հարուցվել է քրգործ ու ձեռքերը լվանան, գնան մի կողմ՝ դա չի բավարարի հասարակությանը: Մշտապես հարուցվում է քրգործ, մշտապես կատարվում է քննություն եւ այդ քննությունն ու դատաքննությունը չեն բխում հասարակության շահերից ու չեն բավարարում հասարակությանը»:

Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ այս 5 դեպքերը, որոնք տեղի են ունեցել նոր կառավարության իշխանության ներքո, պետք է լինեն ուշադրության կենտրոնում եւ քննությունը պետք է լինի շատ թափանցիկ:

ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ավետիսյանը քննարկման ժամանակ ասաց, որ հարազատները հակված են մտածելու, որ իրենց զավակի ինքնասպանությունը բանակում սպանություն է: Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ դա ամենեւին այդպես չէ. «Միայն հարազատները չեն, որ այդպես են ընկալում, դրանք խորը փորձագիտական գիտելիքի վրա հիմնված համոզմունքներ են: Մենք նաեւ տարիներ շարունակ բարձրաձայնել ենք այդ փորձագիտական կարծիքները, սակայն այսօր, չգիտես ինչու, հնչեց միայն սպանված զինծառայողների ծնողների կասկածամտությունը»:

Մեր հարցին՝ ինքնասպանությունը բանակի դեպքում ամենավատ ցուցանիշներից է, դա խոսում է բանակում վատ մթնոլորտի մասին, ուրեմն այնպիսի մթնոլորտ է, որ զինվորները նախընտրում են ինքնասպան լինել, ինչո՞ւ է ՊՆ-ին ձեռնտու սպանությունը ինքնասպանության տակ մտցնել, ուզում են ինչ-որ մարդկանց ազատե՞լ պատասխանատվությունից՝ Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե սպանություն է, ուրեմն դրա համար կոնկրետ անձը պատասխանատու է, որը վերադաս է: Եթե ինքնասպանություն է, կարող են ինքնասպանության հասցնելու հոդվածով դատական համակարգում դատվեն այն անձինք, ովքեր համատեղ ծառայություն են իրականացրել, այսինքն՝ շարքային զինվորները: Եվ մենք հիմնականում տեսնում ենք հենց դատապարտյալների աթոռներին այն անձանց, որոնք ծառայության մեջ են եղել որպես շարքային: Նրանց հանդեպ հարուցվում են քրեական գործեր՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Եթե դա լինում է սպանություն, դրա համար վերադասներն են պատասխանատու, բնականաբար, որոնց նկատմամբ կար ավելի հովանավորչական մոտեցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930