Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում անցյալ տարի 4 անգամ ավելի շատ զինվոր է մահացել՝ հիվանդությունից. ԱԺ փորձագետ

Հունիս 08,2018 12:07

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստն էր, որի ժամանակ ներկայացվեց օմբուդսմենի 2017-ի տարեկան հաղորդումը՝ ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների վերաբերյալ:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հարցրեց զինված ուժերում կանանց ներգրավվածության վերաբերյալ՝ արդյոք ՄԻՊ-ը համարո՞ւմ է, որ կանայք այսօր կարող են ներգրավել ԶՈւ-ում եւ արդյոք հարմար պայմաններ ստեղծված են նրանց համար:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատասխանեց, որ շատ կարեւորում է կանանց ներգրավվածությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ԶՈՒ-ում. «Չենք կարող ասել պայմաններ չկան ու դրանով փորձենք քողարկել կանանց ներկայացվածությունը ԶՈՒ-ում, գիտեմ, որ ՊՆ-ում աշխատանքներ տանում են այդ ուղղությամբ»:

Նա ասաց, որ մեծ է նաեւ կրկնակի խտրականության ենթարկվելու ռիսկը, եթե դա շարունակվի, ավելի խիստ պրոբլեմ կարող է լինել. «Ունենք դեպքեր, երբ կոնկրետ զորամասում զինծառայողների կողմից չի ընդունվում կինը, պետք է այդ հարցը ուշադրության կենտրոնում պահել»:

Պաշտպանն ասաց, որ բանակում կանանց ներգրավվածության վերաբերյալ բողոքներ ստացել են, բայց դրանց թիվը շատ քիչ է. «Հավանաբար, պայմանավորված է կոնկրետ ինֆորմացիայի բացակայությամբ, բայց այս ոլորտի ստացած բողոքները ինձ հիմք չեն տալիս, որ դա որակեմ համակարգային խնդիր: Մեկ-երկու դեպք է լինում, ընտանիքի հարազատներն են գալիս»:

ՊՆ գնդապետ, Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը կանանց ներգրավվածության հետ կապված ասաց, որ ՄԱԿ-ի հետ ծրագրեր են անում եւ դա շատ են կարեւորում, որ կանանց հավասարության ապահովումը լինի ԶՈՒ-ում, ներգրավվածության ուղղությամբ բավականին շատ աշխատանքներ ենք տանում, 10 կուրսանտ կա ռազմաուսումնական հաստատությունում:

Քննարկման ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ Անգելինա Հարությունյանը մի մտահոգիչ ցուցանիշ ասաց՝ 2017-ին 4 անգամ աճել է բանակում հիվանդության պատճառով մահացության դեպքերի թիվը: 18 դեպք է գրանցվել, երբ հիվանդության պատճառով զինվոր է մահացել, սա այն դեպքում, երբ 2016-ին ընդամենը 5 նման դեպք կար:

Սա վկայում է այն մասին, որ կամ մեծ թվով հիվանդ զորակոչիկների են ներգրավել բանակում, կամ հիվանդություններ են ձեռք բերել հենց բանակում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930