Էլեկտրաէներգիայի սակագնինը 10 դրամով կնվազի միայն 110-120 հազար սոցիալապես անապահով ընտանիքների համար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել ոլորտում և սակագնի փոփոխման հարցում ինչ նորություն կա: Ի պատասխան, նախարարն ասաց, որ սակագնի վերանայման հետ կապված՝ կան ռիսկեր, առաջինը պայմանավորված է հայկական ատոմակայանի՝ նախադեպը չունեցող երկարաձգման աշխատանքների հետ: «Պատմության մեջ, ընդհանրապես չի եղել դեպք, որ ատոմակայանն այսքան երկար ժամկետով կանգնի, կատարվեն երկարաձգման աշխատանքներ: Այդ առումով դա սակագնի վրա մեծ ազդեցություն ունի»,- ասաց նախարարը:
Գազի սակագնի նվազման հարցում ռիսկը, նախարարի խոսքով, կապված է սահմանին գնվող գազնի գնից: Նա ասաց, որ հայկական կողմը ռուսական կողմի հետ մինչև տարեվերջ ունի պայմանագիր՝ սահմանին գազը 150 դոլարով ձեռք բերելու մասին, առկա է նաև ռիսկ՝ դոլար-դրամ փոխարժեքի հետ կապված:
«Հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը, գտնում ենք, որ կարող ենք սակագների հետ կապված փոփոխություն անել միայն անապահովների մասով, որոնց թվաքանակը 110-120 հազար է: Մենք ունենք հնարավորություն 10 դրամով նվազեցնել անապահովներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը: «Տաշիր» ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի նրանք իրենց շահույթի հաշվին դա անեն»,- ներկայացրեց Արթուր Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախարարը չխոսեց ոլորտի այլ ռիսկերի մասին, օրինակ՝ թե որքան կոռուպցիա կա համակարգում, որքան անարդյունավետ ծախս: Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել նաև այս ռիսկերը և կառավարություն ներկայացնել համապատասխան հաշվետվություն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ