Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ. Ինչքան արագ ԱԺ ընտրություններ անցկացվեն, այնքան շուտ հեղափոխության արդյունքները կամրագրվեն. «Ժամանակ»

Հունիս 08,2018 11:04

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ևս հաստատեց, որ կուսակցությունում հստակ որոշում կա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն ինչ ձևաչափով, դեռ հայտնի չէ։ «Մեր մասնակցության ձևաչափը քննարկվելու է առաջիկայում, որը պայմանավորված կլինի քաղաքական այլ կոնյուկտուրաներով։ Մենք պատեհ պահին հանդես կգանք, և ամեն ինչ թափանցիկ ու բաց կլինի»,- նշեց կուսակցության փոխնախագահը։

Վերջինս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հայտարարությունը՝ ընտրություններին մասնակցել համաժողովրդական ցուցակով, դիտարկեց որպես կարծիք, տեսլական, որը կյանքի կոչվելու իրավունք ունի․ «Այդ բոլոր հարցերը քաղաքական լուրջ քննարկումների հարց է։ Մենք այդ հարցի շուրջ այս պահին քննարկում չենք ունեցել, հենց այնպես հայտարարություն չենք կարող անել»։

Արտախորհրդարանական ուժերից «Օրինաց երկիր»-ը ևս մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Մեզ հետ զրույցում ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը նշեց, որ իրենք ակտիվորեն հետևում են ներքաղաքական իրավիճակին, պարբերաբար հայտարարություններ են կատարում, դիրքորոշում արտահայտում։

«Օրինաց երկիր» կուսակցությունը, անշուշտ, վճռականորեն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մենք կարծում ենք, որ թավշյա հեղափոխության հաղթանակը դեռևս ավարտված չէ և այդ հաղթանակը ավարտին հասցնելու, հեղափոխության հաղթանակները նյութականացնելու և կապիտալիզացնելու համար օրակարգային է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչքան արագ այն իրականացվի, այնքան շուտ հեղափոխության արդյունքները կամրագրվեն»,- մանրամասնեց Թորոսյանը, շեշտելով, որ իրենք առաջին քաղաքական կազմակերպությունն են, որը շարժման համատեքստում առաջին քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ։

Հարցին՝ ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին, արդյոք հնարավոր է՝ «Ժառանգության» հետ հանդես գան դաշինքով, ՕԵԿ խոսնակն ասաց՝ իրենք բաց են ցանկացած քաղաքական երկխոսության համար։ «Մենք որևէ բարդույթներ չունենք որևէ քաղաքական ուժի հետ երկխոսության մտնելու՝ ի շահ Հայաստանի։ Բնականաբար, մինչև արտահերթ ընտրությունները շատ անելիքներ կան։ Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ անցկացնելու կարևոր նախապայմանը ԸՕ-ի և համակարգի արմատական փոփոխությունն է, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգի վերացումը, քանի որ Սահմանադրությունը նախատեսում է 100 տոկոս համամասնական ընտրակարգ»,- իր խոսքը եզրափակեց ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը։

Քրիստինա Աղալարյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930