Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգը «նոր ՀՀԿ-ի» առաջացումն է

Հունիս 08,2018 10:12

Եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ՀՀԿ անունով կուսակցություն խորհրդարանի մաս չի կազմի, եւ ուրեմն պետք չէ ճիգեր գործադրել գոյություն չունեցող կուսակցության դեմ պայքարելու համար: Կոմկուսը, ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, երբ իշխանություն էին, ամենեւին էլ կուսակցություններ չէին՝ նրանք «նաչալնիկների», նոմենկլատուրայի եւ կարիերիստների խմբեր էին, իսկ իշխանությունը կորցնելուց հետո աստիճանաբար դարձել են «գեղի կլուբներ»: Եվ պատահական չէ, որ իշխանափոխությունից հետո մարդիկ այդ խմբերից փախչում էին ու միանում էին հաջորդ իշխանական խմբին: Այնպես որ, վտանգն ամենեւին ՀՀԿ-ի վերադարձի մեջ չէ՝ այդպիսի տարբերակ, վստահ եմ, չկա: Վտանգն ավելի սարսափելի է՝ այն ուժը, որն ընտրություններից հետո կստանձնի իշխանությունը՝ լինի դա «Քաղաքացիական պայմանագիրը», թե ԲՀԿ-ն, իր գործելաոճով եւ գործառույթներով հանկարծ չդառնա «նոր ՀՀԿ» («նոր Կոմկուս» կամ «նոր ՀՀՇ»):

Այս պահին նման դրսեւորումներ գրեթե չկան: Բայց ես շատ վաղուց եմ աշխատում որպես լրագրող եւ կարող եմ ձեզ վստահեցնել, որ 1990-1991 թվականներին նույնպես նման դրսեւորումներ չկային: Իշխանության եկած ՀՀՇ-ն, օրինակ, մտադրություն ուներ բացել ժողովրդի համար Կենտկոմի (ներկայիս ԱԺ-ի) առջեւի այգին, ինչպես նաեւ Պռոշյանի կառավարական ամառանոցները, եւ ես այդ երկու «մտադրությունների» մասին ռեպորտաժներ էի սարքել՝ նույնիսկ «Կենտկոմի այգի» էի հրավիրել մանկասայլակներով մայրիկներին՝ ցույց տալու համար, որ այդ հեղափոխական քայլն արդեն կատարված է: Բայց հետո դա տեղի չունեցավ՝ ՀՀՇ-ականները «հավեսի էին ընկել», զգացել էին իշխանության քաղցրությունը եւ քիչ անց սկսեցին իրենց դրսեւորել ճիշտ այն ձեւով, ինչպես դրսեւորվում էին կոմունիստական «նաչալնիկները»՝ նույն մեծամտությամբ, նույն կոպտությամբ, անսխալականության նույն բարդույթով:

Ինչո՞ւ եմ ես ասում, որ դրա կրկնվելու հնարավորությունը կա: Որովհետեւ ոչ կոմունիստները, ոչ ՀՀՇ-ականները, ոչ էլ ՀՀԿ-ականները չեն ընդունում, որ նրանք այդպիսիք էին, ինչպես որ ես եմ նկարագրում՝ նրանք անկեղծորեն համոզված են, որ ազնվորեն եւ համեստորեն ծառայում էին Հայաստանի Հանրապետությանը: Հետեւաբար նրանք ՉԵՆ ԶԳԱՑԵԼ, թե ինչպես են վերափոխվել եւ ինչպես են ընկալվել հասարակության կողմից: Իշխանությունը գլխապտույտ է առաջացնում, եւ որոշակի պահի իրականության զգացումը կորցնելու վտանգը շատ մեծ է:

Իսկ ինչու եմ ես ասում, որ այս պահին նման դրսեւորումներ ԳՐԵԹԵ չկան: Որովհետեւ հիմա էլ երբեմն լսում եմ իշխանությանը համակրող շրջանակներից՝ «լավ են արել, աչքն էլ հանել են, դու ձայնդ կտրիր, ա՛յ ռեւանշիստ-հակահեղափոխական»: Այդ մոտեցումը դեռեւս «պաշտոնական ձեւակերպում» չի ստանում: Հուսով եմ՝ երբեք չի ստանա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. henri says:

    Վերլուծումը սքանչելի է /ինչպէս գրեթէ միշտ/ բայց հիմա որպէսզի նոյն երեւոյթը չկրկնուի պէտք է ստեղծել լուրջ հրապարակախօսներու կառոյց մը որ ստէպ յուշէ այս իրական վտանգը- Մարդիկ մի քիչ հասունցած են այդ թուականներէն-կրնայ ըլլալ որ իրենց բարերար ազդեցութիւնը ունենան և ՆՈՐ ԻՇԽԱՆԱՒՈՐՆԵՐԸ մինչեւ վերջ պահեն իրենց թարմութիւնը –
    ՛՛ՈՐ ՀԱՄԲԵՐԵՍՑԷ Ի ՍՊԱՌ ՆԱ ԿԵՑՑԷ ՛՛ կ՛ըսէ Աւետարանը ;

  2. Artur Lazarian says:

    Այո՛, նման մտավախութիւններ միշտ էլ կան: Դրա համար պիտի աչալուրջ լինենք, որ նորեկներն ու առհասարակ ապագայ իշխանութիւնները «աստղային հիւանդութեամբ» այլեւս չտառապեն: Բարեբախտաբար, այս անգամ դրա հաւանականութիւնը շատ քիչ է:

  3. Nara says:

    Այդ պատճառով որքան այս պետության կայացման համար Փաշինյան է հարկավոր, նույնքան Աշոտյան ու Շարմազանով….պետք է սովորենք լսել քննադատություն ու փաստերով առաջնորդվել: Ցավոք մեկ մարդով գարուն չի բացվում ….

  4. avag says:

    Իսկ միգուցէ խնդիրը ժողովրդի/քաղաքացիների մեջ է, և ոչ թե եղած կամ եկող կառավարության:
    Ով էլ լինի այս ժողովրդի ղեկավարը, նույնն է անելու ու նույնն է ԴԱՌՆԱԼՈՒ

  5. մարդամեկ says:

    Կա մեկ բան, որ չկար առաջվա իշխանությունների ժամանակ եվ կա հիմա. Օրինակի համար դրանցից մեկը որ լավ օգտագործվում էր այս անգամ. Դա բարցր տեխնոլոգիաների միջոցով ինֆորմացիայի արագ տեղափոխումն է որը թույլ է տալիս հիմա ամեն մարդու ինֆորմացիան video online տարածել հասարակ սմարտֆոնի միջոցով . Այլեվս ինֆորմացիան չի գտնվում սմարտֆոնի մեջ որ այն բռնագրավեն եվ հարցը փակեն. Այնպես որ նոր տեխնալոգիաների դարում ենք ապրում եվ դա մեծ առավելություն է հասարակության զարգացման համար..

  6. Լավատես says:

    Փողն ու իշխանությունը փոքր մարդու համար պատուհաս է՝ խելքը թռցնում է ու հեշտությամբ կառավարելի դառնում նրանց համար, ովքեր այդ փոքր մարդուն փողով ու իշխանությամբ են կաշառում, ազնվականը հեչ կառավարելի չի ու ինքնագլուխ է եւ պատուհաս է նրանց համար, ովքեր ուզում են նրան փողով թե իշխանությամբ կաշառել: Ոչ մեկս էլ չգիտենք, թե մենք որքանով ենք փոքր կամ ազնվական, դրա համար համակարգը պետք է նախապես ժամանակին իր միջից դուրս շպրտի խոտան կաշառակեր պաշտոնյային՝ այդ մարդուն փրկելով պետական դավաճանությունից: Որպեսզի դրսից թե ներսից ոչ մեկի մտքով անգամ չանցնի պետական ծառայողին կաշառել կամ վախեցնել, պետք է հզորագույն ընդդիմադիր իշխանություն՝ լիարժեք իշխանություն միայն մի տարբերությամբ իշխանությունից՝ ունի միայն խորհրդակցական ձայնի իրավունք, ի տարբերություն իշխանության, որն ունի որոշում կայացնող ձայնի իրավունք: Մեր նախկին իշխանությունը ունի միայն կամակատարի փորձ, դա հայերեն չի, թող իրենց մեջ ուժ գտնեն ու իրենց մեջ հային վերագտնեն ու դառնան ընդդիմադիր իշխանություն, թե չէ մեզ կամակատար ընդդիմություն հարյուր տարի պետք չի:

  7. Հ.Շ. says:

    «վտանգի», նոյնիսկ՝ «սարսափելի՛ վտանգի» արժեւորումները ես չհասկացայ…

    նոր ընտրութիւններու ընդմիջից կարող է ընտրուըիլ ոեւէ մէկը, կազմուիլ որեւէ կառավարութիւն, ո՞չ…

    դա չէ՞, իսկական «ժողոխուրդի կամքը», նամանաւանդ որ ասում են թէ ընտրական կաննոներն ալ փոխուելու են մինչ այդ. թէ ոչ, յաջորդ ընտրութիւններն ալ թող տեղի ունենան Հրապարակում, ձեռքերը – կամ աւելի ճիշդ՝ բռունցքները – բարձրացնելով…

    եւ արդէն այս է հիմնական խնդիրը – եւ ոչ միայն Հայաստանում, միայն թէ այդտեղ աւելի դիւրաբեկ է ամէն բան – . կայ Ժողովրդավարութիւն քարոզող հատուած մը, որ այդ յղացքը կը բարձրացնէ մինչեւ վարդապետութեան մակարդակի, սակայն եթէ այդ ընթացքով գոյանայ մի իրավիճակ որ իրեն դուր չի գար, կը մերժէ արիւնքը, կը զայրանայ, կ’իջնէ փողոց, կը պահանջէ ընտրութեան արդիւնքներու փոփոխութիւն.

    նախկին երկարատեւ վարչակարգը օդից չէր գոյացած… դա ել համապատասխանում էր ժողովուրդի կամքին, բազմիցս հաստատուած կամքին. ներառեալ այն պարագային երբ այդ կամքը փողով է կողմնորոշվում.

    վարչապետ մը փոխելով, երկրի համայն ժողոխուրդը չի փոխուիր…

    սակայն նորէն այս ճանապարհը ընտրեցիք, նորէն յաջողութիւն ձեզի.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930