Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ միշտ վիճել են Սերժ Սարգսյանի հետ

Հունիս 08,2018 15:00

«Միշտ ասել ենք, որ դա ճիշտ չի»

Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը պարգեւատրեց 12 բնագավառների հաղթողներին, եւ ուշագրավ էր, որ տեխնիկական գիտություններ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ բնագավառում որեւէ մրցանակ չտրվեց:

Մենք այս եւ այլ թեմաներով զրուցեցինք ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ: Հարցին՝ այդ ոլորտում ինչո՞ւ այս տարի մրցանակակիր չունեցանք, հե՞տ ենք մնում այս առումով, խնդի՞ր ունենք: Նա պատասխանեց. «Ոչ, այդպիսի բան չկա: Ընդհակառակը՝ այս ուղղությունները մեր գերակա ճյուղերն են, եւ շատ մեծ առաջընթաց ունենք: Պարզապես կազմակերպական բնույթի խնդիրներ են լինում միշտ: Շատ խիստ զբաղված են լինում երիտասարդները, եւ երբ հայտարարվում է, որ պիտի մասնակցեն, այն ժամանակ մեր երիտասարդները չեն ունենում ժամանակ, փաստաթղթերի խնդիր է լինում, ասում են՝ լավ էլի, ավելի լավ է մեր գործով զբաղվենք, քան այս փաստաթղթերով: Ուզում եմ ասել, որ ուղղակի կազմակերպչական խնդիրների հետ է առնչվել, ոչ թե նրա պատճառով, որ չունեինք մրցանակակիր, ովքեր արժանի են: Հետո այսպիսի խնդիր էլ կա, որ նախկինում մրցանակ ստացած համահեղինակը չի կարող մասնակցել, մի քիչ վիճելի բան է, դա սահմանափակում է մասնակիցների թիվը, քանի որ առաջատար գիտնականները աշակերտների հետ են տպագրում, բայց դա չի նշանակում՝ եթե 10 տարի առաջ առաջատար գիտնականը ստացել է, հիմա նրա աշակերտներն այսօր դրանից զրկված են, քանի որ նրա անունը այդ աշխատանքներում կա: Մենք գրել էինք, որ շտկում մտցվի, երեւի քննարկումներ կլինեն, այդ դեպքում շատ կլինի, դա էապես սահմանափակում է մասնակիցների թիվը, կա այդպիսի պրոբլեմ»:

ԳԱԱ կատարած վերջին այցի ժամանակ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց կրճատումների մասին: Նա ասաց, որ «փողը քիչ լինելու հատկություն ունի», եւ պետք է օպտիմալացում անել, եղած միջոցներն արդյունավետ ծախսել, իսկ սարքավորման համար փող ուզող գիտնականին արձագանքեց. «Գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»:

Ռադիկ Մարտիրոսյանը, որը այդ ժամանակ Սերժ Սարգսյանի կողքին նստած լուռ լսում էր, այսօր արդեն բողոքում է, որ բացարձակ համաձայն չէ Սերժ Սարգսյանի հետ. «Ես ձեզ ասեմ, որ մենք բավականաչափ կրճատել ենք: Այն ժամանակ նախագահին ես ասել եմ՝ մեր թվաքանակը 1990-ի հունվարի հետ եթե համեմատենք, կրճատվել է 2 անգամ: Այն ժամանակ մենք ունեցել ենք 7000 գիտաշխատողներ, այսօր 3.500-4000-ի կարգի է: Նույնիսկ որոշ գիտությունների գծով մենք հասել ենք սահմանին: Օրինակ՝ եթե ֆիզիկայի լաբորատորիա կար, որտեղ պետք է աշխատեն բարձր լարման հոսանքների հետ, այդտեղ արգելված է, որ մի հոգի լինի, անպայման երկրորդ մարդն է պետք՝ անվտանգության խնդիրների ապահովման համար: Նույնիսկ քիմիայում մենք այդքան աշխատող չունենք, որ ապահովենք այդ պահանջը: Ուղղակի միշտ փող տվողը կարծում է, որ ինքը շատ է տալիս՝ շատ են օգտագործում, իսկ օգտագործողն էլ միշտ մտածում է, որ շատ քիչ են տվել: Մեր գծով միշտ շատ քիչ են տվել, հազիվ թե մի ուրիշ երկիր գտնենք նույնչափ բնակչություն ունեցող եւ այլն, որի գիտության պետական աջակցությունը այդքան փոքր լինի, մեզնից փոքր չկա: Դա չի նշանակում, որ… անընդհատ մեկնաբանում ենք ներքին եւ արտաքին օպտիմալացում: Ներքինը, որ ներքին կառույցները իրար միավորվեն, բաժինները, շատ ոչ էֆեկտիվ աշխատողներ են տեղափոխվել ուրիշ բանի, կամ մի մասն էլ ազատվեն, այդ պրոցեսն անընդհատ գնում է: Դա սարքել որպես հեգնական պատճառ, ես կարծում եմ՝ տեղին չէ»:

Մեր դիտարկմանը, որ դա Սերժ Սարգսյանի առաջ քաշած թեզն էր, Ռադիկ Մարտիրոսյանն արձագանքեց. «Հա, դե ինքը ասել է, մենք էլ միշտ էլ վիճել ենք: Միշտ ասել ենք, որ դա ճիշտ չի»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

07.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930