Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը գնացող էր, Սերժ Սարգսյանը՝ մնացող, չիմանա՞նք՝ ով արեց դա հայ ազգի գլխին»

Հունիս 08,2018 14:30

Գուրգեն Եղիազարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության մասին

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ ովքեր մեղավոր են Մարտի 1-ի գործով, բոլորը պետք է հարցաքննվեն: «Առավոտի» հարցին՝ արդեն պահը հասունացե՞լ է, եւ հավանակա՞ն է, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում հարցաքննվի, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Մարտի 1-ին տասը զոհ ենք ունեցել, տասը անմեղ երեխա է զոհվել, եթե անհրաժեշտությունը կա, իհարկե, պետք է հարցաքննվի: Ի վերջո, մենք պետք է իմանա՞նք, թե ով է հրաման տվել կրակելու, թե՞ ոչ»:

Հիշեցնենք՝ օրերս «Հայկական ժամանակը» լուր տարածեց, համաձայն որի՝ թերթի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով: Այս լուրին հաջորդեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը. «Ես այդպիսի տեղեկություն չունեմ»:

Հիշեցնենք՝ դեռ մարտի 6-ին՝ մինչեւ վարչապետ դառնալը, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրավոր դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։

Գուրգեն Եղիազարյանը, հիշելով Մարտի 1-ի իրողությունները, նշեց. «Ռոբերտ Քոչարյանը գնացող էր, Սերժ Սարգսյանը՝ մնացող, չիմանա՞նք՝ ով արեց դա հայ ազգի գլխին»:
Հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ պահը եկե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության. ի՞նչ է հուշում իր փորձառությունը, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Դեռ ոչինչ չի հուշում, քանի որ գործողություններ չեմ տեսնում, այնինչ Մարտի 1-ի գործով դրանք պետք է առկա լինեին»:

Հարցին՝ գուցե միջազգային ճնշման ներքո՞ այդ հարցաքննությունը տեղի ունենա, պարոն Եղիազարյանը հակադարձեց. «Ինչո՞ւ: Այսօր ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, որը նաեւ Մարտի 1-ի գործով տուժածներից մեկն է: Նրա վրա էլ կարել էին հոդվածներ, որոնց ինքն ընդհանրապես չէր առնչվում»:

Մեր այն հարցին՝ ՀՀ վարչապետն անձնական շահագրգռվածությո՞ւն ունի Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության առումով, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Մենք բոլորս էլ, ողջ հայ ազգն ունի անձնական շահագրգռվածություն: Այնտեղ տասը երեխա է զոհվել, չիմանա՞նք՝ որ ստորը սպանեց այդ երեխաներին, որ սրիկայի հրամանով գնդակահարվեցին երեխաները»:

Պարոն Եղիազարյանը վստահ է՝ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են եղել կամ անցել այդ գործով, պետք է հարցաքննվեն: Մեր հարցին՝ եթե հարցաքննությունը չլինի, ՀՀ կառավարությունը կհիասթափեցնի՞ հասարակությանը, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Չեմ կարող հասարակության անունից ասել, թե ինչ կկորցնի, ինչ ձեռք կբերի: Բայց եթե մի քիչ էլ ձգձգվի Մարտի մեկի բացահայտումը, լրջորեն չուսումնասիրվի, եւ մեղավորները չպատժվեն, դա լուրջ հարված կլինի այս իշխանություններին: Ժողովուրդը հատկապես քառապատկվեց Երեւանի հրապարակներում, երբ Սերժ Սարգսյանն ակնարկեց Մարտի 1-ը: Ցանկանում եք դա՞ լինի: Այնպես որ, Մարտի 1-ը ոչ ոք չի մոռացել, եւ հանցագործները պետք է պատասխան տան»:

Գնդապետ, հրապարակախոս, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը հիշեցրեց՝ դեռեւս 2008-ի մարտի 15-ին, երբ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ էր, հայտարարեց, որ Մարտի 1-ն ուղղված էր Սերժ Սարգսյանի թիկունքին, քանի որ արյամբ իշխանության եկած ոչ մի իշխանավոր չի կարողացել իրեն վստահ զգալ, եւ դա նրա համար էր, որ Սերժ Սարգսյանը լինի տիկնիկ ու ղեկավարելի. «Այն ժամանակ ես հայտարարել եմ, որ դա կատարել է Ռոբերտ Քոչարյանը: Ես մեկ տարի առաջ նույնպես իմ հայտարարությունը կրկնել եմ, որ Մարտի 1-ի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, միանշանակ, քանի որ գերագույն գլխավոր հրամանատարը գործողություն, զինված ուժերի շարժը կազմակերպողն է: Գաղտնի մարտական պատրաստականության բերման հրամանի հետ պաշտպանության նախարարը, վարչապետը կապ չունեն: Վարչապետը զինված ուժերի հետ կապ չունի: Պաշտպանության նախարարը կամ կորպուսի հրամանատարը կարող են մեկ գումարտակ, մեկ դիվիզիոն տեղաշարժել եւ մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերել: Զորքեր, խմբավորումներ կարող են ստեղծվել միայն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով: Քանի որ Երեւան բերվեց հզոր զինվորական խմբավորում, ե՛ւ այն, ե՛ւ ներքին զորքերի, ե՛ւ ոստիկանության, ե՛ւ բանակի խմբավորումները կարող էին գործել միայն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով:

Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ գլխավոր շտաբի պետը՝ ոչ ոք օրենքով հրաման տալու, զենք կիրառելու իրավունք չուներ: Օրենքով՝ դա կատարվել է միայն Ռոբերտ Քոչարյանի հրամանով, գիտությամբ եւ ծրագրերով»:

Հարցին՝ այս իշխանության օրոք Մարտի 1-ը կբացահայտվի՞, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա այնքան քաղաքական, ազգային կամք դրսեւորել, որ ստեղծի նոր քննչական խումբ եւ ներգրավի միջազգային ուսումնասիրող քրեական ուժեր, նա կբացահայտի Մարտի 1-ը: Ես, որպես զինվորական, չեմ կարող գաղտնիքներ ասել, սակայն քննչական խումբը կարող է բացահայտել կրակողներին. ամեն ինչ կա բացահայտելու համար: Այդ շղթայում առաջինը՝ հիմնականը, պետք է Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի: Ամեն ինչ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի թույլտվությամբ եւ հրամանով: Այստեղ ուրիշ մեղավորներ փնտրել պետք չէ»: Դառնալով նոր իշխանություններին՝ պարոն Հովհաննիսյանը նկատեց՝ նրանք դեռ նոր են ձեւավորվել, անփորձ, հեղհեղուկ են. «Մինչեւ նոր արտահերթ ընտրությունները այս իշխանություններն ի զորու եւ ի վիճակի չեն նման համապետական հզոր միջոցառում իրականացնել: Կարծում եմ, որ նոր ընտրությունների ժամանակ, եթե իսկական ազատ, արդար ընտրություններ անցկացվեն, իշխանությունը պետք է, պարտավոր է եւ անհրաժեշտ է, որ բացահայտի Մարտի 1-ը, որպեսզի այդպիսի մարտի 1-եր այլեւս չկրկնվեն: Մենք ապրում ենք Արեւելքի եւ Արեւմուտքի հատման կետում, եւ մեզ մոտ զարգացած են արեւելյան բռնապետական հակումներն ու նկրտումները: Եթե ձեւավորվի մի իշխանություն, որն ունի նման հակումներ, կարող է կիրառել ուժ, որի բացասման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք Մարտի 1-ի լրիվ լուսաբանումը եւ քրեական դատական պատասխանատվության արդյունքը»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

07.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930