Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը չեն սիրում վատ թագավորին

Հունիս 08,2018 14:00

Հայ իրականության մեջ տարածված էր այնպիսի կարծիք, որ մեզանից յուրաքանչյուրը թագավոր է եւ չի ճանաչում մեկ ուրիշ թագավորի: Ցավոք, նման պատկերացումը ունեցել էր որոշակի հիմնավորումներ: Եթե նկատի ունենք ոչ այնքան վաղ անցյալը, այլ վերջին մոտ 30 տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցածը, ապա կարելի է համաձայնել նման տեսակետների հետ: Դիցուք, ինչ տեղի ունեցավ երեք հանրապետությունների՝ երեք նախագահների կառավարության ժամանակաշրջանում: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք մեր երկրում համախառն ներքին արդյունքը կրճատվեց 59%-ով, ընդ որում՝ դա ամենամեծ ցուցանիշն էր նախկին ԽՍՀՄ երկրների շարքում, որի հիմնական պատճառը կոռուպցիոն, թալանի վերածված, կոպեկների արժեքով, շուկայական գներից հարյուրապատիկ ցածր գնով վաճառված՝ ժողովրդի տասնյակ տարիներով ստեղծված սեփականության մասնավորեցումն էր: Միլիարդներ կազմող սեփականությունը բաժին հասավ մի բուռ պետական այրերի, նրանց բարեկամներին, ընկերներին եւ այլն: Այնուհետեւ վրա հասան մութ, խավար եւ ցուրտ տարիները, կտրուկ աճեցին գործազրկությունը եւ արտագաղթը: Այսպիսով հիմք ստեղծվեց կոռումպացված տնտեսության ստեղծման համար:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում ձեւավորվեց մենաշնորհային, մասնավորապես օլիգոպոլիական տնտեսությունը: Օլիգոպոլիան տիրապետող դարձավ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գյուղատնտեսության, քանի որ հողի սեփականաշնորհման հետեւանքով ստեղծվել էին հազարավոր մանր գյուղացիական տնտեսություններ: Արագորեն ձեւավորվեց եւ լայն տարածում ստացավ ստվերային տնտեսությունը (շուրջ 40%): Ընդ որում, ստվերային տնտեսությունը Հայաստանում ավելի շուտ կոչվում է արտոնյալ տնտեսություն: Էլ ավելի մեծ թափ ստացան պետական բյուջեի թալանը եւ կոռուպցիան: Նման պայմաններում վիճակագրության ծառայության կողմից ներկայացվում էր՝ իբր թե ՀՀ-ում առկա է երկնիշ թվերով (10-14%) աճ, որը իրականում չապահովեց այդ աճի համապատասխան կենսամակարդակի բարձրացում:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական ժամանակաշրջանը սկսվեց ֆինանսատնտեսական ճգնաժամով (2008թ.), որի արդյունքում համախառն ներքին արդյունքը կրճատվեց 14,8%-ով: Բնականաբար, իջավ բնակչության կենսամակարդակը: Պաշտոնական տվյալներով՝ աղքատների թիվը հասավ 900 հազ. մարդու՝ 29%: Սակայն դա այն դեպքում, երբ Հայաստանում հաշվարկվում էր 3 մլն բնակչություն, իսկ իրականում մոտ 500-600 հազար մարդ գրանցված է Հայաստանում, բայց ապրում էր արտասահմանում, այսինքն` նման իրավիճակում աղքատների տեսակարար կշիռը կազմում էր ոչ թե 29%, այլ 40%: Այդ ժամանակաշրջանում իջավ նաեւ բնակչության կենսամակարդակը, քանի որ գները աճում էին ավելի արագ, քան բնակչության եկամուտները: Այդ ժամանակաշրջանում բնակչության մեկ շնչին ընկած ՀՆԱ-ն կազմում էր տարեկան կտրվածքով 3,7 հազ. դոլար:
Համեմատության համար նշենք, որ Խորհրդային Հայաստանում այն կազմում էր 4,9-5 հազար դոլար: Բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում զիջում է Վրաստանին եւ Ադրբեջանին: Այդ ժամանակաշրջանում աճեց նաեւ պետության արտաքին պարտքը (շուրջ 6 մլրդ դոլար): Ընդ որում, արտաքին պարտքից նույնիսկ 1 դոլար չի ներդրված երկրի տնտեսության իրական հատվածում: Գործազրկության, աղքատության, արտագաղթի աճը եւ բնակչության կենսամակարդակի նվազումը լուրջ սպառնալիքների տակ դրեցին երկրի սնանկացման եւ գոյատեւության հարցը:

Ահա այս բոլորի ստվերի ներքո տեղի ունեցած թավշյա ժողովրդավարական հեղափոխությունը հեղաշրջում առաջացրեց մեր մտածելակերպում, որ մենք ոչ թե չենք սիրում թագավորին, այլ մենք չենք սիրում վատ թագավորին: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձավ թե՛ Հայաստանի եւ թե՛ Սփյուռքի սիրելին:
Առանձնահատուկ ձեւով պետք է նշել մեր սքանչելի երիտասարդության դերը, որ ձեւով ժողովրդավարական թավշյա հեղափոխական էր, իսկ բովանդակությամբ՝ արժանապատիվ ապագա ստեղծելու նպատակադրությամբ:

ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԵՊՀ պրոֆեսոր

«Առավոտ»

07.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930